Մոսկվայի մետրոյում տուժածների մեջ հայեր կան
Արխիվ 12-16Մոսկվայի մետրոյում տուժածների մեջ հայեր կան
Երեկ առավոտյան Մոսկվայի մետրոյում վթար է տեղի ունեցել։ Հոսանքի անջատման հետեւանքով գնացքի երեք վագոնները դուրս են եկել գծերից։ Այս պահի տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 100-ը։ Նրանցից 50-ի վիճակը ծանր է։ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների ընտանիքները 1-ական միլիոն գումար կստանան, վիրավորներինը՝ 500 հազարական։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.
1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով;
2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:

