ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՆ ԻՐ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՆ ԻՐ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
«Տոլմա» ուրարտերեն բառ է՝ կազմված տոլի և մա բառերի կապակցությունից, որը թարգամանաբար նշանակում է խաղողի վազ և փաթաթված: Տոլմա նշանակում է խաղողածին և հայկական ուտեստ է: Այստեղից է առաջացել նաև Մեղրիի տարածաշրջանում պատրաստվող տոլմախաշու անվանումով ճաշատեսակը, որը ապուր է ու պատրաստված է հենց խաղողի տերևներից:
Հուլիսի 16-ին Սարդարապատում Տոլմայի փառատոնի շրջանակներում ավելի քան 30 տաղավարերում կարելի է համտեսել 70-ից ավելի տոլմայի տեսականի: Փառատոնին կմասնակցեն նաև Քարահունջ ֆոլկ-ռոք նախագիծը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մասնակիցները, ազգագրական երգի ու պարի համույթներ և իհարկե անմահական հայկական տոլմայի համտես՝ սկսած ավանդականից մինչև կրեատիվ նորարարական ձևեր: Ի դեպ, յուրաքանչյուրը, ով կցանկանա մասնակցել փառատոնին, 010538588, 094812401 հեռախոսահամարներով կարող է ամրագրել իր տեղը: Տոմսերի գինը` 2000 դրամ: Այս և այլ մանրամասների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման մասին խոսեցին միջոցառման կազմակերպիչները.
«Տոլմայի փառատոնի ծախսերի համար սահմանված կոնկրետ գումարային բյուջե չկա, որովհետև բոլոր ծախսերն ու արված աշխատանքերը ընկերների և արդյունավետ համագործակցությունների արդյունք են. «Ոսկե ծիրանը» կապահովի 50 մասնակիցների և լրատվամիջոցների ներկայությունը, միջոցառման վայրը՝ Սարդարապատի աջակցությամբ, տաղավարները՝ Մարզպետարանի… Ասեմ նաև, որ վաճառքից գոյացած որոշակի գումար կտրամադրվի Արմավիրի մարզի դպրոցներից մեկի առաջին դասարանցիների գրենական պիտույքների գնման համար»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ:
ՀՀ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ հույս հայտնեց, որ նման միջոցառումները մարդկանց կենցաղում տոն կստեղծեն և հնարավորություն կտան ազգային խոհանոցը հանրահռչակ դարձնելու և հավելեց. «Ներկայանալի լինելու համար մեր ազգագրագետներն ուսումնասիրում են տարբեր մարզերի ուտեստների առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով հրատարակել մի գիրք, որը կլինի ամենքի սեղանին՝ թե՛ ազգայնորորեն, թե՛ խոհարարական առանձնատկություն-հմտություններով»:
« «Ոսկե ծիրան» փառատոնը լավ առիթ է հայկական խոհանոցի դերը շեշտադրելու համար. կան մի քանի հարյուր միջազգային արտասահմանցի հյուրեր, ովքեր պատրաստ են ճանաչելու մեր խոհանոցը: Սա հիանալի պատրվակ է ևս մեկ անգամ մեր հյուրերին ցույց տալու այն, ինչ ունենք, հատկապես, որ օտարները հակում ունեն մեր խոհանոցը ներկայացնելու իբրևը իրենցը»,- ասում է «Ոսկե ծիրան» փառատոնի միջոցառումների կազմակերպիչ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարույթան զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆՆ էլ հատկապես ընդգծում է հուշահամալիրի նաև այս տարբերակով արդյունավետ օգտագործման դերի կարևորությունն ու նմանատիպ փառատոններով երկրում զբոսաշրջության զարգացումը:
Խոհարար պարոն ՄԱՄՈՒԼՅԱՆԸ տեղեկացրեց նաև, որ «Ուդուլի» փառատոնի հաղթողներին կտրվեն բրոնզե, արծաթե, ոսկե մեդալներ, Գրան պրի՝ խոհարար՝ տոլման ձեռքին, ինչպես նաև լավագույն համ, լավագույն տեսք, կոկիկ տաղավար, լավ սպասարկում, հանդիսատեսի համակրանք և մի շարք այլ անվանակարգեր:
Ժյուրի կազմում կլինեն մի քանի մասնագետներ, ինչպես նաև հանրությանը քաջածանոթ մարդիկ շոուբիզնեսից, արվեստից, սպորտից, քաղաքական ոլորտից. համեղ տոլման բոլորն են ճանաչում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

