ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՂՎԱԲՈՒՅԾԸ ՍՏԱՆՈՒՄ Է 3000-5000 ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ…
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՂՎԱԲՈՒՅԾԸ ՍՏԱՆՈՒՄ Է 3000-5000 ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ…
Եթե նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 2000 տոննա մեղր, այս տարի այդ քանակով մեղր չենք ունենա, բայց սա չի նշանակում, թե ազգաբնակչությունը կմնա առանց մեղրի: «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը:
Այդ 2000 տոննա մեղրից ոչ մի գրամ չենք արտահանել Եվրոպա. պատճառը մեկն է`մեղրը չէր համապատասխանում եվրոպական չափանիշերին: «Եվրոպայում մեղուների 60 տոկոսը սատկել են, այդ պատճառով Եվրոպան մաքուր մեղրի կարիք ունի»,- ասաց պրն Նազարյանը`հավելելով, որ եթե եվրոպական չափանիշներին համապատասխան մեղր արտահանենք, այն կվաճառվի 40 դոլարով 1 կգ-ի համար:
Մյուս կարևոր խնդիրը, որը մտահոգում է Թելման Նազարյանին, բջջային հեռախոսներից արձակող ճառագայթումն է, որի պատճառով սատկում են մեղուները: Դա հիմնավորված տեսակետն է: Այլ երկրներում ևս հաստատված է այդ կարծիքը: «Ես ընդգրկված եմ Հանրային խորհրդում և մեղվաբուծությանն առնչվող խնդիրներն եմ բարձրաձայնում: Մի անգամ հանդիպել ենք «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» ներկայացուցիչների հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեկանք, նորից պետք է հանդիպենք: Ռուսատանում օրինակ բջջային հեռախոսներից արձակված ճառագայթման պատճառով սատկում են խավասերները: Թող էստեղ էլ էդպես լինի, ոչ թե մեղուները սատկեն »,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Թելման Նազարյանը մեղվաբուծության զարգացմանն առնչվող ևս մեկ հարց է բարձրաձայնում` պետք է շուկա լինի մեղվաբույծների արտադրանքը վաճառելու համար: Ընդ որում` խոսքը միայն մեղրին չի վերաբերում, այլև մեղվակաթին: «Հայաստանում կան 10 հազար մեղվաբույծներ իրենց մեղվաընտանիքներով, որոնք կարող են արտադրել մեծ քանակի մեղվակաթ և այլ մեղվամթերք, որոնք կօգտագործվեն դեղերի և հավելումների արտադրության բնագավառում: Ըստ որոշ գիտնականների`մեղվակաթի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքի քայքայմանը»,-ասաց Նազարյանը:
Մեղվաբույծների ազգային միավորման նախագահն առաջարկում է կառավարությանը իրենց առանց տոկոսների վարկեր տրամադրել` ոլորտի զարգացման համար: «Եթե այդ աջակցությունը լինի, ապա մեղվաբույծերը չեն մտածի Հայաստանը լքելու մասին: Ռուսաստանում մեկ մեղվաբույծը ստանում է 3000-5000 դոլար աշխատավարձ: Եթե մեղվակաթ է ստանում 1-2 կգ, տալիս է 35.000 դոլար: Եթե հանկարծ մեր մեղվաբույծներն արտագաղթեն, Հայաստանում կատաստրոֆա կսկսվի »,- եզրափակեց Թելման Նազարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

