«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՏԱՊԱԼԵ՞Ց ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ, ԹԵ՞ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ
Արխիվ 12-16«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՏԱՊԱԼԵ՞Ց ՕՊԵՐԱՅԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ, ԹԵ՞ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ
Կայացավ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը` իհարկե, իր հյուրերով զիջելով նախորդ տարվան: Սակայն, բացման արարողությանը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորընտիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, մեղմ ասած, տապալվեց տեխնիկայի պատճառով: Իրավիճակը պետք է որեւէ մեկը փրկեր, եւ բեմ բարձրացավ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով սկսեց դեսից-դենից խոսել` մինչեւ տեխնիկային կհաջողվեր «համոզել», որ աշխատի:
Ինչեւէ, Հ. Խաչատրյանը հանդիսատեսի ականջները մի լավ «մազոլելուց» հետո ասաց.
«Եթե երկու րոպե էլ ուշացրեցին, արդեն չգիտեմ ինչ պետք է ասեմ ձեզ»:
Րոպեների ընթացքում առավել ողբերգական էր դառնում Անդրանիկ Արզումանյանի դեմքի արտահայտությունը, ով արդեն իսկ հասցրել էր նախարարի կշտամբանքին արժանանալ: Բայց զավեշտալի իրավիճակը շարունակվեց եւս մի քանի րոպե: Հ. Խաչատրյանը հիշեց, թե ինչ վատ է հայերեն խոսում, ապա թե ինչ վատ դասախոս է եղել, ինչը խիստ զվարճացրեց վարչապետի կողքին խուճապահար նստած Հ.Պողոսյանին: Իսկ կինոփառատոնի տնօրենը տեսնելով, որ հաջողվում է հանդիսատեսին զվարճացնել` իր տափակաբանություններով, էլ ավելի ոգեւորված շարունակեց. «Եթե տեխնիկները չպատրաստեն այս վիդեոն, իմ ամբողջ գաղտնիքները պատմելու եմ ձեզ»: Հետո էլ վրդովվեց. «Էս տեխնիկներին սպանելու եմ բայց...»: Մինչ Ա. Արզումանյանը հայացքով ու հեռախոսի մեջ ընկղմված փորձում էր գտնել մոտակայքում իրավասու որեւէ մեկին` իրավիճակից դուրս գալու համար, միեւնույն ժամանակ փորձելով խուսափել ՀՀ վարչապետի կշտամբանքից, բեմից նրան անդրադարձավ Հ. Խաչատրյանը. «Այստեղ նոր տնօրեն է եկել, խնդրում եմ` ինձ կես աշխատավարձ տաք այսօրվա համար»:
Ի վերջո, տեխնիկան աշխատեց, սակայն արդեն իսկ «փուշը թողած» հանդիսատեսը այդպես էլ չհասկացավ, թե երբ սկսեց ու ինչպես ավարտվեց բացման արարողությունը` միայն ոգեւորված մնալով աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի կատարումից:
Ի դեպ, կարմիր գորգի վրայով արդեն իսկ ավանդական դարձած «դեֆիլեն» նույնքան անշուք էր, որքան բացման արարողությունը: Այն ավելի շատ հիշեցնում էր Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը, որտեղ հայտնվել էր` ով պատահի:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

