ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր շատ է խոսվում սահմանադրական բարեփոխումների մասին: Ստորեւ ներկայացվող հոդվածը ոչ միայն նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների իրավագիտակցությունը սահմանադրական փոփոխությունների հետ կապված, վերաբերելի է նաեւ վերջիններիս որոշ իրավունք-պարտականություններին, այլ նաեւ իր մեջ պարունակում է մասնավոր կարծիք` սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ:ՀՀ Հիմնական օրենքի 111 հոդվածի ուժով Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով:
Հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Սույն որոշումը ԱԺ-ն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս հանրապետության նախագահը, ապա ԱԺ-ն Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության: ԱԺ-ի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության կողմից կողմ քվեարկվելու դեպքում Սահմանադրության նախագիծը համարվում է ընդունված, եւ ՀՀ նախագահի կողմից այն դրվում է հանրաքվեի իր սահմանած ժամկետում:
Հիմնական օրենքի 113 հոդվածի ուժով, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ չորրորդը:
Երկու խոսք Սահմանադրության մասին:
Բառն ինքնին հուշում է, որ խոսքը վերաբերում է սահման դնելուն, որն ունենալու է բարձրագույն իրավաբանական ուժ, եւ դրվելու են խաղի կանոններ, մասնավորապես`
ա) մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման եւ պաշտպանության երաշխիքներ բոլոր ոլորտներում
բ) պետական իշխանության համակարգը եւ վերջիններիս գործառույթների սահմանը:
Վերջին մոտ հազար տարում պետականություն չունեցող Հայաստանի համար անհրաժեշտ է, ինչպես նախկինում առիթ եմ ունեցել ներկայացնելու իմ մի շարք հոդվածներում, որ գերակա լինի իրավունքի գերակայությունը, ոչ թե` օրենքի: Իրավունք, որտեղ ողջ Սահմանադրության մեջ պետք է կարմիր թելով անցնի վերջինիս գերակայությունը, նրա էությունը` որպես երկնքում ամրագրված իրավանորմ եւ երկնային, հանրահայտ փաստ:
Վերջինիս առկայության պայմաններում բացառվելու կամ մինիմումի են հասցվելու ինչ-որ անձի կամ կլանի համար գրվող օրենքները, որոնց առկայությունը չարիք է ու կործանարար տվյալ երկրի համար:
Այժմ անդրադառնանք, թե ինչպիսի կառավարում ենք ցանկանում ունենալ`
1. նախագահական,
2. կիսանախագահական,
3. պառլամենտական:
Սույնի հետ կապված ես ունեմ իմ ուրույն պատկերացումը, նաեւ հաշվի առնելով իմ իմացած պատկերացումն իրավունքի գերակայության հետ կապված: Ըստ իսª անհրաժեշտ է մաքուր նախագահական կառավարում, որտեղ երկրի նախագահը` գերագույն, գլխավոր հրամանատարը, պետք է Սահմանադրությամբ օժտված լինի բացառիկ իրավասություններով եւ բացառիկ պարտավորություններով եւ հետեւյալ գիտակցությամբ` հաղթանակը, հաջողությունը, առաջընթացը ձեռք են բերվում ոչ թե շատ զորքով, թղթի վրա գրված օրենքներով..., այլ այն զորությամբ (իմաստությամբ), որ երկնքից է գալիս: Իզուր չէ, որ ասում են. ՙԱմեն ժողովուրդ արժանի է իր թագավորին՚:
Ամփոփելով սույն դրվագով խոսքս` ասեմ, որ եթե նոր Սահմանադրություն գրվի` հիմք ընդունելով իրավունքի գերակայությունը, ապա իշխանությունը, ուզի, թե չուզի, ստիպված է լինելու հենվել միայն իրավունքի վրա, հակառակ պարագայում վերջինիս գործառույթները լինելու են հակասահմանադրական: Ժամանակին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնն ասել է. ՙԱնհնար է աշխարհը ճիշտ կառավարել առանց Աստծո եւ Աստվածաշնչի՚: Ամերիկացիները դա հասկացել են երկու հարյուր տարի առաջ: Այլ խնդիր է, թե այժմ սույն կարեւոր իրավանորմը ինչպես է գործում այդ երկրում եւ աշխարհում:
Տա Աստված, Հայաստանն ունակ եւ ընդունակ լինի ստեղծելու այնպիսի հիմնական օրենք, որը հիմնաքարերից լինի Աստվածային երկրի կայացման համար: Միեւնույն ժամանակ ցանկալի է, որ այս բարձրագույն իրավական ակտի նախագիծն անցնի բոլոր շահագրգիռ անձանց կարծիքները լսելով` շինական, երաժիշտ, բժիշկ, հոգեբան, հոգեւորական, չինովնիկ , նոր վերջում տեսքի բերվի իրավաբանների կողմից:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

