ՙԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՏՔԵՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ 14-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ՚
Արխիվ 12-16ՙԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՏՔԵՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ 14-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ՚
ՙԼսելով կամ պատմելով` անհնար է զգալ այն, ինչն այս օրերին կատարվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՚,- մեզ հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ ՏԻԳՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ: Մեր զրուցակիցը, թեեւ սահմանին այնքան էլ մոտ չի բնակվում, բայց ունի ընկերներ, հարազատներ, ովքեր գրեթե ամեն օր լսում են թշնամու կրակոցները, զգում նրանց հասցրած վնասները: Ադրբեջանական վերջին հայտնի դիվերսիայի հետ կապված` Տ. Կյուրեղյանը ներկայացրեց ազատագրված տարածքներում հաճախ հնչող հետեւյալ կարծիքը. ՙԴիվերսանտների հարձակումների դեմն առնելու համար հարկավոր է ամբողջապես բնակեցնել անմարդաբնակ տարածքները. եթե բնակչություն չկա, ապա այդ տարածքներում նման կարգի դիվերսիաները միշտ էլ սպասելի են: Միշտ էլ կարող են դիվերսանտներն աննկատ մուտք գործել, երկար ժամանակ ապրել, բազավորվել ու անակնկալ հարձակվել՚:
Դիվերսանտների տեղակայված գյուղում բնակվում է մեկ անասնապահի ընտանիք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց այդ գյուղի հարեւան` Զուարի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար ԱՆԱՀԻՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.
ՙՏյումեն գյուղում ապրող անասնապահի ընտանիքն ունի ութ երեխա: Այդ գիշեր թուրքերը հենց այդ գյուղի տներից մեկում են տեղակայվել` ջարդելով տան կողպեքը: Վերջիններս կարող էին չբացահայտվել, սակայն անասնապահի երեխաներից մեկը, ով առավել աշխույժ երեխա է` տեսնելով անծանոթ անձանց, մոտեցել է, պարզելու, թե ովքեր են: Բնականաբար, թուրքերը իրենց հետքերը կորցնելու համար առեւանգել են այդ 14-ամյա երեխային, որից մինչ օրս որեւէ լուր չկա, համարվում է անհայտ կորած:
Դիվերսանտները երեքն են եղել, դա հստակ է, քանի որ այդ տան մեջ երեք անկողին էր բաց: Առաջինին բռնել են Քարվաճառի կենտրոնում, թմրանյութի ազդեցության տակ, ավերակի մեջ հագուստը փոխելու ժամանակ: Երկրորդին, ով փախել է դեպի Իստիսու, ոստիկաններից մեկը նկատելովª խփել է քներակին, ու նա տեղում մահացել է: Երրորդ դիվերսանտը մինչ օրս փախած էր, սակայն մեզ նոր զանգեցին եւ տեղեկացրին, որ հայտնաբերել են ու ձերբակալել:
Ականատեսների խոսքով` երեքի մոտ էլ բջջային հեռախոս է եղել, որով անընդհատ խոսել են: Դիվերսանտներն այն տան մոտակայքում, որտեղ տեղակայվել էին, ցուլ են մորթել, խորոված արել եւ դա հեռախոսով նկարել: Թե ինչ նպատակովª հայտնի չէ՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

