ԻՍԿ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Արխիվ 12-16ԻՍԿ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին, ասաց, որ այդ ամենը ցույց է տալիս Ադրբեջանի էությունը.«Ադրբեջանը դարձել է դիվերսիոն պետություն: Նա նման քայլեր անում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև սեփական ժողովրդի հանդեպ: Վառ ապացույցն Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալումն է ու որսը, որը ևս դիվերսիա է: Սա ցույց է տալիս իշխող ռեժիմի ու Ադրբեջանի էությունը»:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հայկական կողմի վնասազերծած դիվերսանտները հազիվ թե իսկական դիվերսանտներ լինեն` հաշվի առնելով նրանց արտաքին տեսքը (չի բացառվում, որ նրանք լինեն «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ), Բաբայանի խոսքով` հնչեցված այդ տեսակետներն իրարամերժ են. «Իսկ «Գորշ գայլեր» կազմակերպությունն ինչո՞վ է տարբերվում դիվերսանտներից, այն ևս ահաբեկչական կազմակերպություն է: Դիվերսանտների արտաքին տեսքին պետք չէ խաբվել: Ամեն ինչ ցույց է տալիս, որ նրանք իրոք դիվերսանտներ են»:
Արդյոք այս գործողությունները կհանգեցնեն Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների` պատերազմի` այդ կերպ վիժեցնելով ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը, որով պետք է լուծվի արցախյան խնդիրը: «Ադրբեջանին ոչ մի ձևաչափ չի բավարարում: Անհասկանալի է`այս անտրամաբանական քայլերով ինչի է ուզում հասնել Բաքուն, եթե ԼՂ խնդրի ռազմաքաղաքական վիճակը չի փոխվում: Պարզապես ընկնում է այդ երկրի առանց այդ էլ ցածր վարկանիշը: Ինչ վերաբերում է պատերազմ սկսելուն, դիվերսիոն գործողություններով չէ միայն պատերազմ սկսվում: Ռազմաքաղաքական հավասարակշռությունն այսօրպահպանվում է, Ադրբեջանը չի դիմում լայնածավալ գործողությունների»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

