«ԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ» ՍԿՍՎԵՑ (+Տեսանյութ)
Արխիվ 12-16«ԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ» ՍԿՍՎԵՑ (+Տեսանյութ)
Հուլիսի 13-ին ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի կայացավ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեկնակեց «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը: Արարողությանը հաջորդեց Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, որին մասնակցել են Փարաջանովի արվեստի սիրահարները և անձամբ լուսանկարիչը: Նույն կինոթատրոնում կայացավ նաև փառատոնի բացման ֆիլմի` Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ստեղծագործության ցուցադրությունը (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը): Ֆիլմի դիտմանը հաջորդեց փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Այս տարի այն ևս կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսությունը իրականացվեց Փարաջանովյան ներշնչանքով. ներկայացվեց Փարաջանովի թեմաներով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիր` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ: Բացման արարողությունն իր ելույթով պատվեց հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:
Նշենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով Երեւանի հանդիսատեսին կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: Կկայանան նաև կարևորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ այնպիսի անուններ ինչպիսիք են Կիմ Կի-Դուկը, ով, ի դեպ, երեկոյի ընթացքում ստացավ «Ոսկե ծիրան»-ի ամենահեղինակավոր պարգևը` «Փարաջանովյան թալլեր»-ը, ինչպես նաև Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնոյին գործիչ ը պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլոք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսականի հետ, կներկայացնեն նաև վարպետության բաց դասեր:
Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արամրցութային, ինչպես ավանդական դարձած, այնպես էլ մի քանի անդրանիկ տարաբնույթ ծրագրերով: Մասնավորապես, մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում:
Հիշեցնենք, որ մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 12-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:






Նյութը, տեսանյութը և լուսանկարները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

