ՆԱՏՕ-Ն ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵՐ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՆՔ
Արխիվ 12-16ՆԱՏՕ-Ն ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵՐ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՆՔ
Մինչ հայ արեւմտամետները փորձում են սեպ խրել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա ու ՆԱՏՕ ներկայացուցիչների մոտ բողոքում են, թե ՀԱՊԿ-ը կարծես խանդոտ կին լինի, պարզվում է` այս հիստերիային ի պատասխան ՆԱՏՕ-յում շատ ավելի ըմբռնումով են վերաբերում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` անվտանգության եւ պաշտպանության հարցում: Ավելին` ՆԱՏՕ-ն անգամ չի էլ ակնարկում, որ օրերից մի օր Հայաստանը կարող է ՆԱՏՕ անդամ լինել, եթե հրաժարվի ՀԱՊԿ-ից: Եվ օրերս Երեւանում կայացած «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող ԴԵՍՊԻՆԱ ԱՖԵՆՏՈՒԼԻՆ ստիպված եղավ հանգստացնել խիստ մտահոգ ու ՆԱՏՕ-յի «աչքը մտնել» ցանկացող հայրենի արեւմտամետներին, կարճ ասած, նշելով, որ իրենց վրա հույս չդնենք: Իր խոսքում Դ. Աֆենտուլին մասնավորապես ասաց. «Բաց դռների քաղաքականությունը ՆԱՏՕ-յի ռազմավարական տեսական ու մշտական բաղադրամասն է: Սա ներառված է հիմնական փաստաթղթերում, որով առաջնորդվում է դաշինքը: Դաշինքը որդեգրել է բաց դռների քաղաքականություն, որը նշանակում է, որ բոլոր եվրոպական երկրները, որոնք ցանկանում են անդամակցել դաշինքին, կարող են խնդրել անդամակցություն: Սակայն, խնդրանքը պետք է գա երրորդ երկրից եւ հայտը պետք է արտացոլի երրորդ երկրի ցանկությունը: Դրանից հետո կան արդեն կոնկրետ չափանիշներ, եւ այդ չափանիշները տվյալ երկիրը պետք է բավարարի, որպեսզի կարողանա դառնալ դաշինքի անդամ: Այնուհանդերձ անդամակցության հրավերքը դա որոշում է, որը պետք է կայացվի բոլոր դաշնակիցների` 28 ՆԱՏՕ-յի անդամ պետությունների կողմից, քանի որ ՆԱՏՕ-յի որոշումները կայացվում են միաձայն քվեի միջոցով: Սա մի գործընթաց է, հեշտ չէ, եւ միշտ կոնսենսուալ է, այսինքն` ե՛ւ դաշնակից պետությունների, ե՛ւ դաշինքի թեկնածու անդամ պետությունների համաձայնությունը պետք է լինի, որպեսզի նոր երկիրը ընդունվի կազմակերպություն»: Կիրթ եվրոպացու տոնով բացատրելով, որ Հայաստանը երբեւէ չի էլ կարող մտածել ՆԱՏՕ անդամ դառնալու մասին` Դ. Աֆենտուլին անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ին եւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին. «ՆԱՏՕ-յի հետ Հայաստանի հարաբերությունները հենց ամենասկզբից` դեռեւս 20 տարի առաջ, միշտ առաջնորդվել են փոխադարձ ընկալմամբ` կապված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: Եվ այս առումով գործընկեր երկիրն ազատ է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ընտրության գործում եւ դա այն է, ինչ-որ հիմա Հայաստանը անում է: Եվ մենք սրանով ընդհանրապես մտահոգված չենք, մենք Հայաստանի հետ լավ երկխոսություն ունենք` պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ: Շատ լավ համագործակցություն է ծավալվել, հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-յի առաքելություններին, որն ամենամեծ ներդրումն է, ինչը երկիրը կարող է ունենալ: Այնպես որ, մենք շատ շնորհակալ ենք այս ներդրման համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

