ԽՆԴՐԱԾՍ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ.ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ՄՈՐՄԵՐ ԵՆ ՎԱԶՎԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԽՆԴՐԱԾՍ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ. ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ՄՈՐՄԵՐ ԵՆ ՎԱԶՎԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աջափնյակ համայնքի Նազարբեկյան թաղամասի 48 շենքում ապրող բնակիչներին հաստատ չես նախանձի: Կիսակառույց այս շենքում հիմնականում բնակվում են սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնցից մեկն էլ Արզումանյանների ընտանիքն է: Թե հայրը`Աշոտ Արզումանյանը, թե մայրը` Կարինե Հովսեփյանը, ինչպես պատմեցին «Իրավունքի» թղտակցին, 3-րդ կարգի անժամկետ հաշմանդամներ են`ամուսնու մի աչքը չի տեսնում, կինն էլ ոտքից է կաղում, ունի նևրոզ, ուղեղի սնուցման խնդիր:Երկար քաշքշուկներից ու մեծ դժվարություններից հետո ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի աջակցությամբ Արզումանյանները ստացել են Նազարբեկյան 48 շենքի 52-րդ բնակարանը, որը գտնվում է 8-րդ հարկում: Ընտանիքի, այսպես ասած, եկամտի միակ աղբյուրը հաշմանդամության համար ստացած գումարն է` 14.000-ական դրամ, որը չի բավարարում անգամ ահրաժեշտ դեղորայք գնելուն: «Ամբողջ բնակարանիս մեջ մորմեր են պտտվում, պատերը ճաքել են, հնարավորություն չունեմ դրանք գաջելու: 7 տարեկան երեխա ունեմ, դիմացն էլ ձմեռ է, գոնե մեկը լիներ աջակցեր պատի ճեղքերը փակվեր: Անցյալ տարի ամբողջ ընտանիքով թոքաբորբ ենք ընկել»,- մանրամասնեց տիկին Հովսեփյանը:
Տունը վերանորոգելու ակնկալիքով Արզումանյանները դիմել են պատկան մարմինների, սակայն ասել են`երբ հնարավորություն լինի, կօգնենք. «Եթե հիմա մեզ համար դռները բաց չեն, էլ երբ պետք է դա բաց լինի»:
Ընտանիքի համար իսկական պատուհաս է ձմեռը. վառելիք հայթայթելը մեծ խնդիր է, իսկ ինչ էլ որ կարողանում են ձեռք բերել, չի տաքացնում բնակարանը, քանի որ այն մեծ է և սենյակներն իրարից բաժանող դռներ էլ չունեն:
Չնայած առկա սոցիալական դժվարություններին`ընտանիքը չի ցանկանում լքել հայրենիքը: «Ես հայ եմ, իմ երեխան հայ է, ինչու պետք է մենք Հայաստանից հրաժարվենք: Առողջ զավակ եմ տվել հայրենիքին, ապագա զինվոր: Ես ինչ խնդրում եմ, ինձ համար չեմ խնդրում, այլ իմ բալիկի: Խնդրածս էլ մեծ բան չէ, ոչ էլ ֆինանսական աջակցություն. մի փոքր մարդավարի ու նորմալ ապրելակերպ ու պայմաններ»,- ասաց տիկին Կարինեն:
Արզումանյանների ընտանիքի իրական պատկերը դիտեք տեսանյութում: Հուսանք` այն դիտելուց հետո կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

