ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ, ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
Արխիվ 12-16ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ, ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
Դեպի Մաքսային միություն գնացող Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, ժողովրդի գլխին ծառացած այս կամ այն հոսանքների ու արեւմտամետ ուժերի ակտիվության մասին «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՎ` ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ»
- Հայաստանի` Մաքսային միության անդամակցմանն ընդառաջ` խորհրդարանական ընդդիմության կամ գրեթե ընդդիմություն դարձած քառյակի շրջանակներում հակառուսական տրամադրություններ են տիրում: Ինչպե՞ս կգնահատեք այսպիսի կեցվածքը:
- Ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ, Ազգային ժողովի, այսպես կոչված, ընդդիմության-քառյակի համատեղ գործունեության տիրույթը: Ինձ համար հասկանալի չէ, թե տարբեր քաղաքական գաղափարախոսություն ունեցող եւ տարբեր սկզբունքների տեր կուսակցությունները ինչպես են համախմբվել ընդհանուր նպատակի համար: Ինձ ծանոթ է իրենց համագործակցության ծրագիրը, հատկապես` առաջարկված մի շարք կետերի վերաբերյալ: Բայց եթե խորհրդարանական քառյակը կամ ընդդիմադիր կոչված կուսակցությունները համախմբվել են, պետք է հասկանան, որ Մաքսային միության մեջ մտնելը միայն ու միայն բխում է հանրապետության եւ ժողովրդի շահերից: Ավելին` առավել ճիշտ որոշում դժվար թե կարողանային հանրապետության իշխանությունները եւ հանրապետության նախագահը կայացնեին, քան այն, որ Եվրասիական միության մեջ մտնելով` Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միության անդամներից մեկը դառնալն է: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեռեւս 1997 թվականին առաջին պլան մղելով Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու գաղափարը` հավաքել էր ավելի քան մեկ միլիոն ստորագրություն` հանրապետության բոլոր քաղաքներում եւ շրջաններում` առաջարկելով անցկացնել հանրաքվե` Ռուսաստան-Բելառուս միությանը անդամակցելու համար: Այն ժամանակ, ըստ երեւույթին, հանրապետության իշխանությունները ճիշտ չկողմնորոշվեցին եւ համապատասխան ընթացք չտվեցին այդ հարցին: Բայց այսօր մենք` կոմունիստներս, եւ հայ ժողովրդի առողջ մտածող զանգվածը հասկանում է, որ Մաքսային միության մեջ մտնելով` լուծվում են հանրապետության, նաեւ հայ ժողովրդի համար առավել կարեւոր խնդիրներ: Եվ վերջին հաշվով, ընդդիմության, հասարակական կամ քաղաքական որեւէ կազմակերպության ու իշխանության առաջին խնդիրը պետք է լինի ազգի անվտանգության հարցը: Իսկ Մաքսային միության մեջ մտնելով` մենք առաջին հերթին լուծում ենք ժողովրդի անվտանգության խնդիրը` այն ավելի հուսալի ձեռքերում դնելով: Միաժամանակ 70 տարի լինելով խորհրդային իշխանության կազմում` սերտաճել էր մեր տնտեսությունը միության մյուս հանրապետությունների հետ, եւ հիմա վերականգնելով այդ կապերը` կվերականգնվեն նաեւ տնտեսական կապերը: Ավելին` նոր կապեր կստեղծվեն, ինչու ոչ` նաեւ դրամական ընդհանուր տարածք կստեղծվի: Այսինքն` Մաքսային միության մեջ մտնելը ե՛ւ Կոմունիստական կուսակցության, ե՛ւ, ինձ թվում է, նաեւ ընդդիմադիր մյուս կուսակցությունների առաջին խնդիրը պետք է լինի, եւ անհրաժեշտ է նպաստել իշխանություններին օր առաջ այդ խնդրի իրագործման համար:
«ՈՐՏԵՂ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԱՅՆՏԵՂ` ՄԵՆՔ»
- Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի Մաքսային միության անդամակցության հարցը ձգձգվում է: Ըստ Ձեզ, իրական պատճառներ կա՞ն դրա համար, թե սրանք ընդամենը ռուսաստանյան եւ հայաստանյան արեւմտամետ ուժերի կողմից ստեղծված արհեստական խոչընդոտներ են:
- Ռուսաստանը միանգամայն կողմնակից է Հայաստանի անդամակցմանը, եւ պատահական չէ, որ հենց իրենք են նախաձեռնել միության ստեղծումը: Տա Աստված, որ դրա վերջնական քայլը լինի նոր, անկախ պետությունների միության ստեղծումը: Իհարկե, արեւմտամետ ուժերը կուզենան խանգարել, որպեսզի Հայաստանը չդառնա այդ միության անդամ` նկատի ունենալով առանձին հարցեր, այդ թվում նաեւ տարածաշրջանում լարվածության ստեղծումը, հատկապես` կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց հենց սա է կարեւոր, որ ուրիշ ճանապարհ չունի հայ ժողովուրդը, մենք պետք է լինենք, եղել ենք ու կանք ռուս ժողովրդի հետ: Իսկ որտեղ ռուս ժողովուրդը, այնտեղ` մենք, երկու կարծիք լինել չի կարող: Եթե ընդդիմադիր կուսակցությունները այլ կարծիք ունեն, ինձ թվում է` դա չի բխում ժողովրդի շահերից, այլ այդտեղ արհեստական նկրտումներ են:
- Հիմա էլ «մատի փաթաթան է դարձել» այն, որ մինչեւ հուլիսի 1-ը պետք է անդամակցեինք ՄՄ-ը, բայց` չստացվեց...
- Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է, ոչինչ խանգարող չկա, բայց քանի որ ստեղծվում է նոր միություն, հետեւաբար այն ունի նոր պահանջներ` ե՛ւ տնտեսական, ե՛ւ բոլոր բնագավառներում` կապված մաքսային ծառայությունների, առանձին ապրանքների գների եւ այլնի հետ, դրա համար, առաջին հայացքից պարզ, բայց իրականում բարդ խնդիր է անդամակցելը: Ու պատահական չէ, որ այդ միությունը կազմավորվեց 10 եւ ավելի տարիների ընթացքում: Եվ քանի որ հունվարի 1-ից պետք է Մաքսային միություն մտնենք, հետեւաբար ինձ թվում է` շտապելու էլ ոչինչ չկա, ավելի լավ է բոլոր հարցերը մանրամասն ուսումնասիրեն, որպեսզի հետագայում նոր խնդիրներ չառաջանան: Հայաստանն անպայման կլինի Մաքսային միության մեջ եւ հետագայում կնպաստի Եվրասիական տնտեսական համագործակցության աշխատանքներին:
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՌՔՈՒՄ Է»
- Ի դեպ, օրերս ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը արցախյան հարցի լուծման վերաբերյալ հայտարարություն էր արել` նշելով, թե միակ ճիշտ ճանապարհը տարածքները Ադրբեջանին վերադարձնելն է: Ի՞նչ կասեք այս մասին:
- Միգուցե, մենք մեր ամբողջ տարիների գործունեության ընթացքում թույլ ենք տվել, որ նրանք այդպիսի առաջարկությամբ հանդես գան: Դա մադրիդյան սկզբունքի մի մասն է, եւ ես պետք է ասեմ, որ մենք այդ «իրավունքը» իրենց տվել ենք, որովհետեւ անհարգելի պատճառով Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Վերջին հաշվով ե՛ւ ԱՄՆ դեսպանը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Մինսկի խմբի համանախագահները պետք է իմանան, որ արցախյան հարցի լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի ձեռքում է: Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է, եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա` Արցախը ինքնուրույն պետություն է, եւ առաջիկայում ինքը կտնօրինի իր առջեւ դրված խնդիրները: Ուրիշ բան է, որ կան պետություններ, որոնք կուզենային, որպեսզի լիներ այն, ինչպես այսօր ցանկանում է ԱՄՆ-ն, բայց դա նախապայման չի կարող լինել Արցախի ինքնությունը չճանաչելու համար:
- Ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք, Ջ. Հեֆերնի վարքագիծը, քանի որ նա օրերս Հայաստանում համասեռամոլների լոբբիստներին էր պարգեւատրել:
- Խիստ դատապարտելի է ԱՄՆ դեսպանի եւ ամերիկյան պաշտոնյաների խառնվելը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն հարցերին: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը ինքնուրույն պետություններ են, եւ իրենք իրավունք ունեն եւ կարող են տնօրինել իրենց գործունեությունն ու իրենց հետագա ճակատագիրը: Եվ սա ուրիշ պետության գործերին միջամտելու առաջին դրվագներն են:
- Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ Ռուսաստանից ժամանած լրագրող Կիսելյովն է մի հայտարարություն անում, կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, այն գրանտային կազմակերպությունների, նաեւ մեր ընդդիմության կողմից լայն արձագանք է գտնում: Բայց նույնատիպ արձագանք չկա, ասենք, Հեֆերնի հայտարարության վերաբերյալ:
- Այդտեղից արդեն պետք է եզրակացություն անել, թե ինչպիսի ընդդիմություն ունենք եւ ինչպիսի առանձին քաղաքական ուժեր: Ինչ վերաբերում է արված հայտարարություններին, ապա դրանք առանձին մարդկանց կարծիքներ են ընդամենը եւ ոչ թե` պետության: Պետք չէ ամեն մի արտասահմանյան հյուրի կամ ինչ-որ նպատակով Հայաստան եկած անձի կարծիքը ընդունել` որպես իր ներկայացրած պետության քաղաքական կարծիք: Այդ թվում նաեւ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ինձ թվում է` իր անձնական կարծիքն է: Վերջին հաշվով, կան Մինսկի խմբի համանախագահներ, որոնց է հանձնված Ղարաբաղի հետագա ճակատագիրը:
- Այսօր Հայաստանում շատ լուրջ տարածում են գտել աղանդավորները, ֆեմինիստական շարժումները, մասոնական շրջանակները, համասեռամոլների լոբբիստները: Այս ամենը դեպի ո՞ւր կտանի Հայաստանին:
- Կոմունիստներիս հանրապետության անկախությունից հետո սկսեցին քննադատել, որ մեր ժամանակ եկեղեցին անկախ չէր: Բայց այն ժամանակ հանրապետությունում եկեղեցին պետությունից անկախ էր եւ ինքնուրույն գործունեություն էր վարում: Իսկ այդ աղանդները եզակի երեւույթներ էին, եւ իրենք չէին կարող ներթափանցել Հայաստան կամ գործունեություն ծավալել: Իսկ հիմա տեսեք` ինչ է կատարվում հանրապետությունում... Ուղղակի, ե՛ւ կուսակցությունների, ե՛ւ հասարակական կառույցների, ե՛ւ իշխանությունների խնդիրը պետք է լինի նման հոսքերի առկայությունը մերժելը: Դրանք ուղղակիորեն վնասակար դեր են կատարում մեր հանրապետությունում` ե՛ւ երիտասարդության, ե՛ւ ընդհանրապես ազգաբնակչության շրջանում: Եվ սա բոլորի խնդիրը պետք է լինի` թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության:
- Իսկ ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ, երբ անգամ «Իրավունք» թերթն է նման հարձակումների ենթարկվում վերոնշյալների կողմից:
- Պայքարը պետք է լինի համաժողովրդական: Ես նորից եմ կրկնում` անկախ նրանից, թե ինչպիսի հասարակական, քաղաքական կազմակերպություններ են Հայաստանում գործում, դա պետք է լինի համաժողովրդական գործ: Մեզ համար առաջին խնդիրը պետք է լինի հանրապետությունը հեռու պահել նման հոսանքներից եւ նման մարդկանցից, որոնք այստեղ այդպիսի գործունեություն են ծավալում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

