ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ ԳՆԱՑ
Արխիվ 12-16ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ ԳՆԱՑ
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը շարունակում է իր ելույթներով ապացուցել, որ ուժեղագույնն է աշխարհում, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ շարունակում է անպարտելի մնալ մրցակիցների համար: Մինչդեռ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, թե մարզիկի նվաճումները, որքան են կարեւորվում մեր մյուս ՙօղակների՚ կողմից: Հիշեցենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը մայիսի 7-ին, քաղաքացիական մեքենայով երթեւեկելով Ալեքսանյանների ՙՄերսեդես՚ մակնիշի մեքենայի հետեւից, վերջիններիս կանգնելու ձայնային ազդանշան է տվել: Չեմպիոնի եղբորը` Ռաֆայելին, թվացել է, թե իրենից ճանապարհ են խնդրում ու աջ է քաշել մեքենան, որն էլ դարձել էր ոստիկանապետի ու Ալեքսանյանների կոնֆլիկտի պատճառ: Ըստ հրապարակումների` ոստիկանապետը նույնիսկ զենքով հարվածել է չեմպիոնի եղբորը:
Միջադեպը լայն քննարկման արժանացավ, մինչդեռ Ալեքսանյանների ընտանիքն այս կապակցությամբ որեւէ հրապարակում չարեց: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի եւ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել էր` որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր էր նախապատրաստում: Սակայն հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել: Այսպիսով` այս հարցն էլ փակվեց գնաց: Եթե Վարդան Նադարյանը հերքում է, որ միջադեպն առհասարակ տեղի է ունեցել, ապա Արթուր Ալեքսանյանը եւ նրա հայրըª Գեւորգ Ալեքսանյանը (ով նաեւ մարզիկի անհատական մարզիչն է), միայն լռում են, ինչն արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Այսինքնª եթե տարածված տեղեկատվությունը իրողությանը չհամապատասխաներ, կողմերից եւ ոչ մեկը ձեռքները ծալած չէր նստի:
Ինչեւէ, այս թեմայի քննարկման արդյունքում, նշվեց նաեւ, որ Արթուր Ալեքսանյանը հնարավոր է այլեւս հանդես չգա Հայաստանի դրոշի ներքո, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, Եվրոպայի գործող չեմպիոնը ոչ միայն շարունակում է ելույթները հավաքականի կազմում, այլեւ դեպքից հետո հասցրել է երկու անգամ կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Դեպքի առնչությամբ ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել Գեւորգ Ալեքսանյանի հետ, սակայն վերջինս փոխել է հեռախոսահամարը, իսկ Արթուր Ալեքսանյանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա այս օրերին Ալուշտայում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Այնուամենայնիվ, չբարձրաձայնված հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել առաջիկայում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

