Վերջին տարիներին այն վերաբերմունքը, որը մեզնից յուրաքանչյուրը ցուցաբերում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, հարիր չէ ո°չ հային, ո°չ եկեղեցուն: Կարելի է ասել` գրեթե համակերպվել էինք Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում տեղի ունեցած սրբապղծություններին, հիմա հերթը Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցունն է:
Օրեցօր Հայաստանում շատացան աղանդները, անուշադրությունն ու անտարբերությունը` սրբավայրերի հանդեպ, արդյունքն է այն բանի, որ մարդիկ խորը արմատներով կառչած չեն եկեղեցուն` որքան էլ եկեղեցին փորձի ճիշտ հավատքի բերել մարդկանց: Եկեղեցու սպասավորին ու նրան ծառայող անձնաց ծաղրելը դարձել է սովորություն, ավելին` այսօր արդեն սկսել են ծաղրել առաքյալներին: Վերջերս համացանցում հայտնվեց մի նկար, որտեղ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում գտնվող նկարի` ՙԽորհրդավոր ընթրիքի՚ առաքյալներից մեկին սկսեցին նմանեցնել Տավուշի մարզպետ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻՆ: Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ մարզպետի աջակցությամբ է կառուցվել եկեղեցին: Այստեղ էլ սկսվեցին հայհոյանքները` էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն, էլ գող փիսո, մինչեւ բանն հասավ դիվան բաշուն` բոլորի առօրյա քննարկման թեման դարձավ: Այս ամենից հետո մնում է խորհել` եկեղեցո±ւ մեղքն է, թե± հայ հասարակությունը սկսել է արհամարհել իր հավատքն ու եկեղեցին: Այս հրատապ թեմայի շուրջ ՙԻրավունքը՚ փորձեց պարզել հոգեւորականի եւ ճարտարապետի կարծիքները: Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ- Խնդիրը պետք է մեկնաբանի եկեղեցին կամ հոգեւորականը, ես ոչինչ այս առումով չեմ կարող ասել: Այս դեպքում, ես կողմնակի մարդ եմ: Կարող եմ միայն ասել, որ հնում եկեղեցի կառուցողների նկարներն իրոք եկեղեցում եղել են: ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆ- Ես անձամբ ճանաչում եմ մարզպետին եւ նրա նպատակները, եկեղեցի կառուցելու համար, այնքան ազնիվ են եղել, որ սարի գլխին եկեղեցի է կառուցել: Այս ՙքննարկվող՚ նկարը ես երկու անգամ տեսել եմ` մեծացրած եւ փոքրացրած վիճակներում, միայն հիվանդագին երեւակայության արդյունք է այս ամենը: Նկարը ոչ մի նմանություն չունի մարզպետի հետ: Ամոթ է, մարդը ժողովրդի համար սարի գլխին աղոթատեղի է կառուցել, եւ այսօր ինչ-որ մեկն ուզում է նրա կատարած գործը սեւացնել: