ՙՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ, ՔԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ՚
Արխիվ 12-16ՙՄորսկոյ ուզել-2014՚ ամենամյա միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հայաստան վերադարձավ Գրան Պրիով:
Երեկ երգչուհի Նարե Գրիգորյանն իր պրոդյուսեր, երգչուհի, ինչպես նաեւ հորաքույր ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթն անցել է բարձր մակարդակով: Այս տարի մրցույթին մասնակցել են 9 տարբեր երկրների երգիչ-երգչուհիներ, այդ թվում եղել է նաեւ մեկ ադրբեջանցի մասնակից, ով ներկայացրել է Նովոռոսիյսկ քաղաքը: Համերգային երկու օրերի ընթացքում` առաջին մրցութային օրը Նարեն կատարել է Destinys Child խմբի Stand up for love, իսկ երկրորդ օրը` Անի Քրիստիի ՙՔեզ՚ երգը:
Նարեի խոսքով մրցույթին մեկնել է մրցանակի ակնկալիք չունենալով. ՙԱյս մրցույթից մեր մասնակիցները մշտապես վերադարձել են բարձր արդյունքներով: Տարիներ առաջ այս մրցույթում Գրան Պրիի արժանացավ երգիչ Արա Մարտիրոսյանը, իսկ անցած տարի` Անահիտ Շահբազյանը՚:
Արմինե Գրիգորյանն անկեղծացավ. ՙԵթե անցյալ տարի Անահիտի մասնակցության ժամանակ ես կարողանում էի իմ էմոցիաներն արտահայտել` ծափահարել, գոռալ, այս տարի չեմ արել նման բաներ: Նախ սկզբում չէինք ասում, որ Նարեն իմ զարմուհին է,- ասաց Արմինեն ու կատակելով շարունակեց,- քանի որ ՙՀայաստանի ձայնը՚ նախագծից հետո վախեցած էինք: Պիտի ասեմ, որ առաջին փուլում Նարեն լավ ներկայացավ, իսկ երկրորդում` ամբողջ երգն ընդհատվում էր` երաժշտությունն անջատվեց միկրոֆոնի հետ: Դե, բնականաբար, հուզմունք է, ես այդ պահին ոտքի կանգնեցի, որ ասեմ, թե պահանջում եմ, որ նորից երգի, ժյուրիի նախագահը կանգնեց ոտքի ու սկսեց ծափ տալ: Նա ասաց` հարկավոր չէ, որ Նարեն նորից երգի, քանի որ պարզ է` նա Գրան Պրիի է արժանի: Անցած տարի ես Անահիտի համար էի այդպես ծափահարում: Պիտի ասեմ, որ այս դեպքը նույնիսկ օգնեց Նարեին, քանի որ ամբողջ ընթաքում նա չհուզվեց, չշփոթվեց, չխառնվեց իրար, այլ հանգիստ շարունակեց երգել մինչեւ վերջ` իր բնական ձայնով, եւ առանց միկրոֆոնի բարձր լսվում էր: Իսկապես հենց դա իրեն Գրան Պրիի արժանացրեց: Մինչ մեկնելը բոլորին ասում էի` համարենք, որ ուղղակի իմ զարմուհու հետ գնում ենք շրջագայելու, իսկապես չէինք սպասում, որ 2 տարի անընդմեջ Գրան Պրի կտան Հայաստանին՚:
Գրան Պրին իր մեջ ներառում է նաեւ 3000 դոլար մրցանակային գումար, որն ըստ Արմինեի. ՙՊահումներով ու ճանապարհի ծախսը հանելով մնաց 2 հազար դոլար, կարելի է ասել` սա Նարեի առաջին մեծ աշխատավարձն է՚: Այս ամենին զուգահեռ Նարեն շտապեց տեղեկացնել. ՙԱռանձնապես չեմ էլ մտածում դեռ, թե ինչպես կծախսեմ այդ գումարը: Չէի սպասում այս հաղթանակին, որովհետեւ մի քանի տարի շարունակ, երբ նույն երկիրը մասնակցում է եւ լավ հաջողություն է ունենում, հատկապես Անահիտից հետո, Գրան Պրի չէի սպասում, մտածում էի` ինչքան էլ լավ ներկայանամ, հնարավոր չէ, որ այդ մրցանակին արժանանամ: Բայց երբ հայտարարեցին իմ անունը, ես շոկահարցված բարձրացա բեմ: Անհասկանալի բան էր ինձ հետ կատարվում՚:
Ի դեպ, մի քանի շաբաթ անց Նարեն կրկին կմեկնի միջազգային մրցույթի, այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Ա. Գրիգորյանն ու մանրամասնեց. ՙՕգոստոսի 12-17-ը Նարեն Գայանե Հովհաննիսյանի հետ կմեկնի Ղրղզստան` Բիշկեկ քաղաք, միջազգային մեծ մրցույթի մասնակցելու: Անցած տարի մեր մասնակիցը գրավեց 3-րդ հորիզոնականը, այս տարի պատրաստվում ենք մենք գնալ, տեսնենք` ի±նչ կստացվի՚:
Ա. Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկայում Նարեն տեսահոլովակներ չի նկարահանի. ՙԳուցե միառժամանակ անց դա էլ լինի, բայց երեւի մրցույթներն ավելի արդյունավետ են, քան տեսահոլովակները՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

