ՙՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՅՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՒՄ ՙՄԱՐԴ՚ ՍԱՐՔԵՑ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՚
Արխիվ 12-16ՙՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՅՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է,
ՈՒՄ ՙՄԱՐԴ՚ ՍԱՐՔԵՑ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՚
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը պահանջել է հերքել իր պատիվը եւ արժանապատվությունն արատավորող տեղեկությունները: Վերոնշյալ դատական պրոցեսին հետեւող գորիսեցիներից ոմանք երեկ վրդովված զանգահարել են խմբագրություն եւ զարմանք հայտնել, թե ինչպես են լրատվամիջոցները այդքան վստահում ու հավատում մի մարդու, ով նույնիսկ երես չունի Գորիս մտնելու, բայց լրատվամիջոցներով բարձրաձայնում է` իբր Գորիսում կատարվող անօրինությունների մասին:
ՙՉճանաչող մարդու մոտ հնարավոր է, որ տպավորություն ստեղծվի, որ Սամվել Հարությունյանը իսկապես անկեղծ եւ արդար մարդ է, բայց` ոչ գորիսեցու մոտ: Սամվելը այն անձնավորությունն է, ում ՙմարդ՚ սարքեց Սուրիկ Խաչատրյանը, իսկ էսօր ինքը անամոթաբար, ինչ հանցագործությունների մեջ ասես, որ չի մեղադրում էդ մարդուն: Հասկանում ենք, որ ներսում կուտակված մաղձը թափելու տեղ չունի, բայց Խաչատրյանը մեղավոր չի, որ ինքը իր բնավորության պատճառով չի կարողացել ոչ մի տեղ հաջողության հասնել, չնայած շատ է փորձել: Կարող եք գալ Գորիս ու հարցուփորձ անել, տեսնել` ով նրա մասին դրական կարտահայտվի, նրա հետ նույնիսկ իր հարազատ եղբայրները չեն խոսում, իր` տանող-բերող, մարդկանց անվան հետ անտեղի խաղացող բնավորության համար: Հինգ տարվա մեջ հինգ կուսակցություն է փոխել, ու էդ տեսակ մարդը առանց խղճի խայթ զգալու կարողանում է խոսել արդարությունից, էն դեպքում, երբ ինքը փողի խաթեր մի կուսակցությունից մյուսն է վազում, եւ իր ունեցած առաջին Կոմունիստական կուսակցության տոմսը այրել է հրապարակում` ժողովրդի ներկայությամբ: Մեծ մարդ է, մենք մեզ թույլ չենք տալիս իր նման վարկաբեկել իրեն, չնայած, ի տարբերություն Սամվելի, մենք չենք զրպարտի, ինչ էլ ասենք, փաստերով ու ապացույցներով կասենք: Սամվել Հարությունյանը ու իր նման մի քանի մարդիկ են, ովքեր նախանձությունից, անելանելիությունից ու պարապությունից, բամբասկոտ կանանց պես նստում-ելնում, երբեմն պատվերներ կատարելով, Խաչատրյանի ու իր բարեկամության ցավով են տառապում: Էդպիսիները չեն մտածում, որ Սուրիկ Խաչատրյանին ճանաչող, իր հետ շփվող, հարգող մարդիկ, երբեք չեն հավատա Սամվելի նման զրպարտիչներին, ընդհակառակը, մի կուշտ կծիծաղեն, նման հիմարությունների վրա՚,- վրդովված նշեց Գորիսի բնակիչ պարոն Մելքումյանը, ով երկար տարիներ թե° անձնական, թե° գործնական առումով շփվել է նախկին քաղաքապետի` Սամվել Հարությունյանի հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

