ՙՄԵՆՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ՚
Արխիվ 12-16ՙՄԵՆՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ՚
Կոալիցիայից ՕԵԿ-իդուրս գալուց հետո շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ՕԵԿ-ին կհաջողվի դառնալ ռեալ ընդդիմադիր, թե հանրությունը չի կարողանա այլեւս վստահել կուսակցությանը: Ուստի, այս հարցի շուրջ փորձեցինք կարծիքներ ստանալ` ինչպես ՕԵԿ-ից, այնպես էլ` մի խումբ այլ քաղաքական գործիչներից:Այսպես, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ կարծիքով` հնարավոր է, որ ՕԵԿ-ը կայանա ընդդիմադիր դաշտում, բայց. ՙԲնականաբար իրենք փորձում են դառնալ ընդդիմադիր, մարդիկ եղել են կոալիցիայի մեջ եւ, հիմա փորձում են տեղ գտնել ընդդիմության շարքերում: Իսկ, թե կդառնա իրական ընդդիմադիր, դա էլ ժամանակը ցույց կտա, հնարավոր է, որ կարողանան կայանալ ընդդիմադիր դաշտում: Համենայնդեպս, իմ ցանկությունն այն է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է ընդդիմության շարքերում իր տեղը գտնել` լինի գաղափարական, կառուցողական եւ կարողանա նկատել ինչպես դրականը, այնպես էլ` բացասականը, որը շատ ձեռնտու է նաեւ իշխանության համար: Եվ անկախ նրանից` նրանք կլինեն ընդդիմադիր, թե` ոչ, մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել եւ համագործակցել` ի շահ մեր երկրի բարօրության՚:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը ԵՏՄ-ին կանդամագրվի ոչ շուտ, քան 2015 թվականը. ՙ2015 թվականը լրիվ չափերի մեջ է, բայց կրկնում եմ` պետք չէ դեպքերից առաջ ընկնել եւ, անհրաժեշտ է մի փոքր սպասել, եւ բոլոր հարցերի պատասխանը կստանանք: Կարող եմ միայն ասել, որ մենք լիովին այսօր պատրաստ ենք անդամագրվելու ԵՏՄ-ին, այն բոլոր տեխնիկական խոչընդոտները, որոնք եղել են մեր կողմից, արդեն ավարտված են: Հայաստանը պատրաստ է անդամակցությանը` այն առաջարկություններով, որոնք որ եղել են մինչ օրս: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ԵՏՄ-ին անդամագրվելը հետաձգվում է` Ղարաբաղի հարցի հետ կապված, ապա կցանկանամ մեկ անգամ եւս նշել, որ մենք Ղարաբաղի անվտանգության հաշվին կամ Ղարաբաղի հաշվին որեւէ բան չենք պատրաստվում ստորագրել՚:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ եւս կարծում է, որ միայն ժամանակը կարող է պատասխանել` ՕԵԿ-ը կդառնա լուրջ ընդդիմադիր ուժ, թե` ոչ. ՙՄեր վերաբերմունքը ՕԵԿ-ի նկատմամբ հետեւյալն է. այն խնդիրները, որոնցից խոսել է ՕԵԿ-ը, մենք վաղուց ենք մատնանշել, մենք նույնպես գտնում ենք եւ դեռ շատ ավելի վաղ արտահայտվել ենք, որ դրանք արդիական են, օրհասական են եւ պահանջում են լուծումներ: Իսկ թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել, կարող եմ ասել միայն, որ ցանկացած անկեղծ կարեւորում, արժեւորում` երկրում առկա պրոբլեմների լուծման վերաբերյալ, բնականաբար դրական ենք գնահատում, եթե այն, իհարկե, անկեղծ է եւ չի հետապնդում այլ նպատակ՚:
ՙՕԵԿ-Ը` ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է՚
ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ կարծիքով էլ` ՕԵԿ-ին հանրությունը չի ընդունի` որպես լուրջ ընդդիմադիր, քանի որ. ՙՕԵԿ-ը ոնց կարա դառնա ռեալ ընդդիմադիր, ՕԵԿ-ից կարելի է ընդամենը մի բան հասկանալ, ինչքան էլ ուզում է ցույց տալ, որ իբր թե ժողովրդանպաստ գաղափարների հետեւորդ են, եւ ճշմարտության չափանիշը համարելով պրակտիկան` ՕԵԿ-ը` որպես ընդդիմություն, իրեն սպառել է: Չի կարելի ընդդիմություն լինել, կարելի ընդդիմություն լինել որոշակի հարցերի շուրջ, իսկ առհասարակ ընդդիմության պահվածք ցուցաբերելը ճիշտ չէ, մանավանդ, ՕԵԿ-ը չի կարող հանրությանը խաբել, այն ժամանակ, երբ հանրությունը արդեն ճանաչում է, թե ինչպես ՕԵԿ-ը կարող է մեկ օրում դառնալ կոալիցիայի մաս եւ հակառակը՚:
ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ, սակայն, գտնում է, որ ՕԵԿ-ն այսօր ռեալ ընդդիմադիր ուժ է, եւ հանրությունը իրենց վստահում է. ՙԱյսօր մենք գործում ենք ընդդիմադիր դաշտում, եւ ռեալ ընդդիմադիր ուժ ենք, եւ այն, որ այսօր հանրության մեջ մենք ունենք վստահություն, միանշանակ այդպես է, դա մենք տեսնում եւ զգում ենք մարզերում շփումների ժամանակ: Ժողովուրդը մեզ վստահում է, որովհետեւ մենք միայն կոալիցիայից դուրս գալուց հետո չենք բարձրաձայնում առկա խնդիրները: Տարբեր քննարկումների ժամանակ մշտապես հայտնել ենք մեր դիրքորոշումը, իսկ վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններում առաջադրվող հարցերի մասին նույնպես կան այնպիսի հարցադրումներ, որոնք կոալիցիայում գտնվելու ժամանակ էլ արել են: Մեր դիրքորոշումներն այդ առումով չեն փոխվել՚:
Անդրադառնալով քառյակի հետ համագործակցությանն առնչվող հարցին` Մհեր Շահգելդյանն ասաց, որ քառյակին միանալ-չմիանալու խնդիր չկա, քանի որ այն ոչ թե ինչ-որ կազմակերպություն է, այլ` ձեւաչափ` հարցերը քննարկելու համար: ՙԱյս առումով, եթե կլինեն հարցեր, որոնք ի նպաստ երկրի ու ժողովրդի են, ապա մենք պատրաստ ենք համագործակցել: Քառյակի շրջանակներում տարբեր հարցերի շուրջ կան տարբեր մոտեցումներ, հետեւաբար` ընդունել-չընդունելու հարց էլ չկա: Մեր միջեւ կա առողջ քաղաքական գործակցություն: Մենք հայտարարել ենք, որ մեր քաղաքական գերակայություններից մեկը նաեւ այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ` կոնկրետ հարցերի ու խնդիրների շուրջ՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ՕԵԿ-ը կունենա իր հետեւորդները, բայց դա մի փոքր խումբ կկազմի. ՙՕԵԿ-ը քաղաքական թատերաբեմում այնքան տարբեր կերպարներով է հանդես եկել այս ընթացքում, որ այսօր կդժվարանամ ասել` հասարակությունը կընդունի ՕԵԿ-ին, որպես լուրջ ընդդիմադիր ուժ, թե` ոչ, դա կախված է կուսակցության գործելակերպից: Բայց միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ հասարակական լայն շերտեր կվստահեն կուսակցությանը: Ինչ խոսք, կունենան մի փոքր խումբ: Որովհետեւ կուսակցության հավատարիմ ընտրազանգվածը, անկախ նրանից, իշխանության մեջ են լինում, թե` ընդդիմության, նրանք այդ կուսակցությանը իրենց ձայնը տալիս են՚:
Պարոն Հարությունյանի խոսքով. ՙԱյսօր թե° ՕԵԿ-ը, թե° ՙԺառանգությունը՚ քաղաքական դաշտում կարեւոր դերակատարում չունեն: Կոնկրետ ՙԺառանգության՚ մասով կարող եմ ասել, որ այսօր այդ կուսակցությունը իրենից չի ներկայացնում այն նույն ուժը, որը, ասենք, ուներ երկու-երեք տարի առաջ: Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ի գործելաոճին, ապա այն շարունակում է շարժվել իր ընդունված գործելաոճով, որը ընտրել է կուսակցության ղեկավարը: ՕԵԿ-ում չկա բազմակարծություն, Արթուր Բաղդասարյանը որ խաղաոճը ընտրի, կուսակցությունը եւ կուսակցության մյուս լիդերները ընտրելու են խաղի այդ տարբերակը՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

