ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արդեն երեք ամիս է, որ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից եւ իրեն հռչակել ընդդիմադիր ուժ: Հուլիսի 18-ին կայանալիք հանրահավաքից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում ներկայացրեց կուսակցության անելիքները, երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Ինչպես այլ քաղաքական ուժեր ու կուսակցություններ, այնպես էլ ՙՕրինաց երկիրը՚ մատնանշեց այն խնդիրները, որոնք արդեն 20 տարի է` կան Հայաստանում, եւ որոնց մասին խոսում են նաեւ այլ ուժեր` արտագաղթ, տնտեսության վատ վիճակ, մենաշնորհներ, միակուսակցական իշխանական համակարգ, ճնշումներ գործարարների նկատմամբ, հոսանքի եւ գազի թանկացում, ինչպես նաեւ արտաքին քաղաքական ճակատում առկա խնդիրներ`մասնավորապես Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության շարունակությանն առնչվող հարցերը: ՙՄենք ունենք մտահոգիչ զարգացումներ` Հայաստան-ԵՄ օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետք է ունենալ գրագետ, զարգացած թիմ, որը կարող է բանակցել թե° ԵՏՄ-ի, թե° ԵՄ-ի հետ` առաջ մղելու մեր քաղաքական օրակարգի գերակայությունները՚,- ասաց ՕԵԿ ղեկավարը:
Երկրում առկա խնդիրները լուծելու համար Արթուր Բաղդասարյանն առաջարկում է` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, մեր երկրում անթույլատրելի եւ ոչ լեգիտիմ դարձնել ցանկացած ընտրական գործընթաց, որը կանցնի փողով, վախով, ճնշումներով եւ այլն:
Այ էստեղ, պրն Բաղդասարյան, ինչպես կասեր ժողովուրդը, խոսքդ շաքարով կտրեմ: Դե, էլ ինչ մուրաբա` առանց շաքարի, որն ՕԵԿ-ը բաժանել էր 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Բջջային չաշխատող հեռախոսների մասին եւս չմոռանանք: Ինչպես ասում են` Արթուր Բաղդասարյանը ընտրողներին գրավելու յուրօրինակ մեթոդ էր գտել, չնայած ՕԵԿ-ականները միահամուռ հերքում էին մամուլի այս հրապարակումները:
Ներկայացնելով կուսակցության ծրագրերն ու անելիքները` ՕԵԿ առաջնորը հայտարարեց, որ իրենք ունեցել են իրենց սխալները, թերությունները, որոնց համար ինքը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, ինչպես ժամանակին` 2007-ին ներողություն խնդրեց ՀՀ առաջին նախագահը: Իսկ արդյոք պրն Բաղդասարյան, հայ ժողովուրդը, իսկ ավելի կոնկրետ` 2008-ին ձեր ընտրազանգվածը կների ձեզ իշխանության կազմում հայտնվելու եւ ստացած քվեները փոշիացնելու համար:
Ինչ վերաբերում է հուլիսի 18-ի կայանալիք հանրահավաքին, Ա. Բաղդասարյանի խոսքով` դա կուսակցական հանրահավաք չէ. ՙԴա սոցիալական հանրահավաք է, որն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Համոզված եմ` հանրահավաքը բազմամարդ է լինելու, եւ միայն այդ հանրահավաքով չենք սահմանափակվելու՚:
Ի դեպ, Արթուր Բաղդասարյանն այս հանրահավաքում չի պահանջելու նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

