Գնալով տրագիֆարսի է վերածվում Բնապահպանության նախարարության նոր նախարարի վարած կադրային քաղաքականությունը: Վերջինիս թեթեւ ձեռքով շարունակվում է տարիների վաստակ ունեցող, իրենց գործը գերազանց իմացող աշխատակիցներից ամեն գնով ազատվելու եւ սեփական, չգիտես որտեղից պեղած, բայց ոլորտից բացարձակապես գաղափար չունեցող կադրերով իրեն շրջապատելու գործընթացը: Եվ ըստ լուրերի` այս ամենը իրագործելու համար նախարարը մշակել է յուրօրինակ սցենար. իր մոտ է կանչում աշխատանքից ազատելու հերթական թեկնածուին, ամբարտավան տոնով հարձակվում է նրա վրա, որից հետո իրեն հարգող աշխատակիցը ազատման դիմում է գրում:
Եվ եթե նախորդ նախարարների օրոք աշխատանքից ազատում էին միայն կազմակերպության ղեկավարներին, այն էլ երբեմն, սա չի խորշում ընդհուպ մինչեւ հավաքարարների կադրային խնդիրները լուծելուց, եւ հենց դրա համար է, որ նախարարության ազատված եւ դեռեւս աշխատող աշխատակիցները նրան ՙմեծարում են՚ ՙԱրամայիս` հացին վայիս՚ ՙբարձր՚ տիտղոսով: Ասում են նաեւ, որ նախարարն այս համատեքստով է գործել նաեւ ՏՎԿ ՊՈԱԿԻ նախկին տնօրենի տեղակալի դեպքում, եւ ինչպես հայտնի է` այդ միջադեպը դարձավ մեծ սկանդալի թեմա եւ շարունակվում է մինչեւ այսօր (նախարարի թիկնապահ վարորդի վրա քրեական գործ է հարուցվել` փոխտնօրենին դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ): Եվ զավեշտալին այն է, որ դեռ այդ փոխտնօրենից չազատված` արդեն նրա փոխարեն ընդունել են չորս նոր աշխատակից (բա ինչ անի խեղճը, կադրերը գյոլ են տվել)` երկու փոխտնօրեն բարձր աշխատավարձով եւ եւս երկու այլ աշխատակիցներ, ու այս ամենը սահմանափակ ֆինանսավորման պայմաններում: Սրա արդյունքում աշխատողների` հուլիսի մեկից սպասվող աշխատավարձը բարձրանալու փոխարեն մի բան էլ նվազել է, ինչն այս դեպքում նմանվում է կառավարության որդեգրած ծրագրին խոչընդոտելու եւ, ինչպես ռուսը կասեր` սաբոտաժի: Ինչեւէ, սա կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան տխուր չլիներ, բայց չկա չարիք` առանց բարիքի. հետեւելով վերոնշյալ նախարարի աշխատանքային գործունեությանը, նախորդ երկու դեպքում նախարարի եւ մարզպետի պարտականությունները նա կատարել է մեկ տարուց էլ պակաս, հասկանում ես, որ այս անգամ էլ նա երկար չի ձգի, եւ հիմք ունեն այն խոսակցությունները, որ վերեւներում արդեն փոշմանել են նրան նշանակելու համար: