ԲՈՐԵՆԻՆԵՐԸ ՎԽՏՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԲՈՐԵՆԻՆԵՐԸ ՎԽՏՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումները համակարգող Գագիկ Հարությունյանը սենսացիոն հայտարարություն էր արել, որ իշխանությունների միջին օղակներում բորենիները պարզապես վխտում են: ՍԴ նախագահը դա ասել է հենց սահմանադրական բարեփոխումների ենթատեքստում, ու, բնականաբար, նրա այդ կտրուկ հայտարարությունը չէր կարող պատահականություն լինել: Սույն փորձառու պաշտոնյան, ով միշտ էլ բարձր դիրքեր է գրավել` կոմունիստական վերջին վարչակարգով սկսած, ներկայիս իշխանությունով վերջացրած, միշտ էլ ըմբռնել է ինչ-ինչ միտումները, զարգացումները, հաճախ նկատել է այն, ինչ ուրիշները չեն նկատում: ՄՆԱՑ ՀՀԿ+ՀՅԴ ՙԴԱՇԻՆՔԸ՚
Պարզ է, որ Բաղրամյան 26-ից ազդակներ եղել են` ժամանակն է միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջին օղակի չինովնիկությունը խիստ հսկողության տակ հայտնվի: Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու նաեւ ծպտյալ 5-րդ շարասյուները, որոնք, օրինակ, ռուս հայրենասերները վերջերս անվանում են 6-րդ շարասյուն: Խոսքը գործարար եւ չինովնիկական խավում առկա այն կադրերն են, ովքեր սերտորեն կապակցված են ամերիկյան այս կամ այն ծրագրին, սակայն հրապարակավ երբեք չեն արտահայտում իրենց ամերիկյան նախապատվությունը, այլ գերադասում են գործել, եւ գործել այնպես, որպեսզի ՙչվառվեն՚: Չինովնիկության պարագայում հատկապես ռիսկի խմբում են կոռումպացված այն կադրերը, ովքեր արեւմտյան բանկերում պահում են գանձագողությունից եւ կաշառառությունից գոյացած կլորիկ գումարները` այդպիսիններին ՙքեռի Սեմը՚ միշտ էլ անհրաժեշտ պահին կարող է պարտադրել ցանկացած գործողություն: Այնպես որ, Գագիկ Հարությունյանը խոսելով բորենիների մասին, նկատի ունի ոչ միայն իշխանության համապատասխան օղակներին վերաբերող սահմանադրական բարեփոխումները, այլեւ որոշ ընթացիկ, սակայն շատ կարեւոր նրբերանգներ:
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների ժամանակ Գավառում Դավիթ Հարությունյանը խոսեց ոչ միայն մարդու իրավունքների ապահովման, այլեւ պետության կողմից դրա անհրաժեշտ սահմանափակումների մասին: Անդրադարձավ նաեւ օրենքի առջեւ հավասարության խնդրին, որն, անշուշտ, վերաբերում է եւ ՙվխտացող բորենիների՚ հարցին. ՙՄենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, եւ սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում` ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձեւի եւ բովանդակության առումով՚:
Իսկ ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերին, ապա, ինչպես հայտնի է, վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումներին ժամանակին արտահայտել է ԼՏՊ-ն` առաջ քաշելով այն միտքը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել ՙվարչախմբի հեռացման՚ հանրաքվեի: Լեւոն Ակոպիչը նաեւ առաջարկել էր սկզբունք` ով կողմ է սահմանադրական բարեփոխումներին, նա ՙվարչախմբի կամակատար՚ է: Գլխանց ՙքառյակից՚ սահմանադրական բարեփոխումների դեմ դիրքավորվել էին ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն: Իր վերջին ասուլիսին բարեփոխումների հակառակորդների ճամբար հստակորեն մտնելու փոխարեն հայտարարեց ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ ահա այդ հարցում վերջին ակորդը` ՕԵԿ-ի դիրքավորումը: Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսին հայտարարեց. ՙՆերկայումս սահմանադրական փոփոխությունները Հայաստանում անհրաժեշտություն չեն: Բավական հնարավորություններ է տալիս նաեւ գործող Սահմանադրությունը, պարզապես քաղաքական կամք է հարկավոր` մարդու իրավունքները պաշտպանելու համար՚:
Ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է, եւ հենց այդ պատճառով այժմ քաղաքական ուժերը շտապում են ճշտել իրենց վերաբերմունքը: Եվ այս պահի դրությամբ ստացվում է, որ ոչ իշխանական ուժերից սահմանադրական բարեփոխումների կողմնակից են միայն դաշնակները: Այս պահի դրությամբ, կարելի է ասել, որ սահմանադրության հարցում գործում է ՀՀԿ+ՀՅԴ չհայտարարված յուրահատուկ ՙդաշինք՚, իսկ մնացյալ բոլորը գործում են բարեփոխումների դեմ: Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը թերեւս ինչ-որ պահի ստիպված լինի ընտրություն կատարել` մնալ Անվտանգության խորհրդի անդամ, թե` գերադասել մյուսների հետ միասին գործելը: ՀՅԴ-ն էլ իր հերթին թերեւս ստիպված լինի ընտրություն կատարել` լինել մյուսների±, թե` ՀՀԿ-ի հետ: Դաշնակների վիճակն այդ առումով նուրբ է, քանի որ նրանք հասցրել էին սահմանադրական բարեփոխումները հռչակել թիվ 1 առաջնայնություն, եւ այդ հարցում դիրքորոշման վերանայումը հղի է ՀՅԴ-ի վարկանիշի կատաստրոֆիկ փլուզումով, եթե, իհարկե, տեղի չունենա իշխանափոխություն ֆորսմաժորային պայմաններում, երբ հնարավոր է ՙդուրս գրել՚ նաեւ սեփական գաղափարին դավաճանելու դրսեւորումները:
ԲՈՐԵՆԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ԲՀԿ-ն, թեեւ, պատճառներ չունի դիրքավորվել ընդդեմ Եվրասիական միության, բայց, այնուամենայնիվ, այդ կուսակցության ՙնարնջագույն՚` օսկանյանական թեւին հարող խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արդեն կասկածի տակ դրեց Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը: ՙԻնչով են պայմանավորված այդ տարաձայնությունները. արդյոք խնդիրը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, թե բանակցություններն անդրադառնում են 1200 տեսակ ապրանքների, որոնց շուրջ կարծես համաձայնության չեն գալիս, ոչ ոք չի կարող ասել, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն բարեհաճում բացատրություններ տալ, կամ գոնե նվազագույն տեղեկություններ այս խնդրի վերաբերյալ` նույնիսկ խորհրդարանի քաղաքական ուժերին՚,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը: Եվ ավելին. ՙԻնձ տեղեկացրել են, որ սկզբից եւեթ խաղի կանոններն այլ էին: Եթե այժմ խախտում են կանոնները, ապա Հայաստանը չպետք է անդամակցի` լինի դա ԵՄ, թե ԵՏՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը՚: Դրանից պետք է գալ եզրակացության, որ Ռոբերտ Քոչարյանը հիմիկվանից ստեղծում է ՙպահեստային՚ իրավիճակ, որ միգուցե ինչ-որ պահի ԲՀԿ-ին դրդի տեղափոխել եվրասիական ինտեգրման հակառակորդների դաշտ: Ճիշտ է, այդ դեպքում ԲՀԿ-ի պառակտումն անխուսափելի կդառնա, սակայն Ռոբերտ Սեդրակիչը, անշուշտ, չի հրաժարվել երկրի նախագահ դառնալու իր հավակնություններից:
Բայց ՙզտարյուն՚ ամերիկամետները, ում դիրքորոշումը հստակ ներկայացնում է վերջերս ՙամերիկյան ուխտագնացությունից՚ վերադարձած եւ ՙշպիոնական համալսարանները՚ բարեհաջող ավարտած Զարուհի Փոստանջյանը, բնականաբար, ընդունելի չեն համարում Քոչարյանի տարբերակը: Զորօրինակ, քյառթու ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանը բավականին թերահավատ է ՙքառյակի՚ գործողությունների հարցով. ՙԱմեն օր ցույցեր են լինում, ամեն օր տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում, սակայն չկա համախմբվածություն: Հույս ունեմ, որ արդեն աշնանը միասնական կգործեն մեր քաղաքացիական նախաձեռնություններն ու արդյունքի կհասնեն: Իսկ քաղաքական դաշտը լղոզված է: Քաղաքական դաշտում ավանդական է դարձել, որ մայիսից սկսած` ասում ենք` թեժ աշուն է սպասվում, այսինքն քառյակը 12 պահանջ է ներկայացրել եւ հայտարարում է, թե մեծ հանրահավաք է լինելու: Տեսնենք, թե ինչ կլինի՚: Իսկ ՀՀ երկրորդ նախագահին նա ուղղակիորեն անվանեց հանցագործ. ՙԺողովուրդը դժվար թե այսքան շուտ մոռանա Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունները: Իսկ Ռոբերտ Քոչարյանն իր կարգավիճակը բնութագրել էր` որպես երիտասարդ թոշակառու, այնպես որ թող վայելի իր թոշակը՚:
Ի դեպ, ուշագրավ է, որ մեր արեւմտապաշտների ճամբարի զգալի մասը, հատկապես ՙքաղաքացիական հասարակություն՚ հորջորջվող գրանտածիծները արդեն լրիվ ծայրահեղությունների են հասել: Այսպես, երեկ Երեւանում անցնող ՙԱնվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն՚ խորհրդաժողովում այդ կոնտինգենտը այնպիսի հակառուսական ելույթներ ունեցավ, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նրանց կշտամբեցին ծայրահեղ հակառուսականության համար: Այդ կադրերին հասկանալ կարելի է` եթե հանկարծ գլոբալ հակամարտությունում Ռուսաստանը տանուլ չտա, ապա իրենք ոչ միայն չեն կարողանալու քաղաքական լուսանցքից դուրս գալ, այլեւ կհայտնվեն քաղաքական աղբանոցում, նրանց մի մասը միգուցե նաեւ հարկադրված լինի մտածել քաղաքական ապաստանի մասին: Հենց այդ պատճառով նրանք կառչում են ամեն ինչից` ե°ւ Հայաստանի անդամակցության այս կամ այն պատճառով ձգձգումների դետալներից, ե°ւ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում կիեւյան վարչակարգի զորքերի ժամանակավոր լոկալ հաջողություններից, ե°ւ ամերիկացիների ` Արցախյան խնդրը սրելու եւ ստատուս քվոն քանդելու ջանքերից: Ի դեպ, Ադրբեջանի ձեռամբ ՙարտաքին եվրամայդանների՚ պակաս էլ չի զգացվում` Քարվաճառի հատվածում մեր զորքերը վնասազերծել են ու նաեւ գերեվարել հերթական դիվերսիոն խմբին, իսկ Տավուշի մարզում էլ, այս անգամ կատաղի գնդակոծության է ենթարկվել Չինարին: Եվ սպասելի է, որ այդպիսի գործողությունների ինտենսիվությունը կարող է աճել:
Ըստ էության, արեւմտամետ ամբողջ հանրույթը` ամենաչափավորներով սկսած, ծայրահեղականներով վերջացրած, իրենց պահում են, բառիս բուն իմաստով, քաղաքական լեշակերների պես` անհամբեր սպասում են` ինչպես մեր ռազմավարական դաշնակցի, այնպես էլ մեր իշխանության ձախողման ցանկացած, անգամ չնչին շանսի, որպեսզի կարողանան բորենու պես հարձակվել ու հոշոտել: Իսկական բորենու պես, կարելի է ասել` նույնիսկ շակալի պես իրենց դրսեւորում են եւ ՙնարնջագույնների՚ քարոզչամիջոցները` Ադրբեջանի հետ սահմանում տեղի ունեցող իրադարձությունները նրանք հաճախ հանրությանը մատուցում են այնպես, որ թվում է, թե ադրբեջանական լրատվություն ես կարդում: Դե, ինչ, կրկին ու կրկին համոզվում ենք, որ Գալուստ Գրիգորիչը երիցս իրավացի էր, երբ հրապարակավ կասկածում էր այդ կոնտինգենտի հայ լինելը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

