«ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՕՂԱԿՆԵՐՈ՞ՒՄ
Արխիվ 12-16«ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՕՂԱԿՆԵՐՈ՞ՒՄ
Օրերս Արմավիր քաղաքում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարել էր. «Եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն, կանեն եւ հաճախ ինչ ուզում եւ ինչպես ուզում անում են: Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում»: Թե ո՞ր նախարարությունների միջին օղակներում է տիրում «բորենիների համաստեղությունը», «Իրավունքը» փորձեց պարզել տարբեր նախարարությունների աշխատակազմի ղեկավարներից:
«ԱՅԴ ԲՈՐԵՆԻՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ՄԵՐ ՍՊՈՐՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ»
Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆԻ. «Կարծում եմ, որ Գագիկ Հարությունյանն այն անձն է, որ պետք չէ ենթատեքստից կտրված ինչ-որ բան ասել, որովհետեւ, ընդհանուր առմամբ, մենք գիտենք` բորենին ինչ է իրենից ներկայացնում: Միգուցե, ես համաձայնեմ, որ բորենիներ մեր երկրում կան, եւ դրանք քիչ չեն, բայց կոնկրետ Գագիկ Հարությունյանի կողմից արված հայտարարության հետ կապված` որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետեւ տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է մեր նախարարությանը, ապա Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այն եզակի նախարարություններից մեկն է, որ հիմնականում զբաղված է կոնկրետ ուղղությունով` սպորտով: Ուրեմն` եթե մենք նայում ենք կենդանիներին` իրենց ամբողջ էությամբ, հաստատ բորենին սպորտում այդքան անելիք չունի: Եվ եթե ինչ-որ մեկը հայտարարություն է արել` բորենիների հետ կապված, ապա պետք է նշեմ, որ սպորտաշխարհն այն աշխարհն է, որտեղ կան ավելի ուժեղ եւ համարձակ կենդանիներ: Ու այս առումով` եւ մեր փոխնախարարները, ե՛ւ նախարարը, ե՛ւ, ես ասում եմ, որ եթե նույնիսկ ինչ-որ տեղ կան բորենիներ, այդ բորենիները հաստատ մեր սպորտում անելիք չունեն: Եվ բորենիները խմբով են գործում, մինչդեռ սպորտում բոլորը ձգտում են լինել ինքնատիպ ուժեղ: Ընդհանրապես, եթե մենք մեր անհատներին պետք է համեմատենք բորենիների հետ, ապա ասեմ, որ շատ ավելի համակրելի կենդանիներ կան, քան` բորենիները»:
«ԴՈՒՔ ԳՏՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ ԿԱ՞Ն»
Իսկ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար ՍԱՄՎԵԼ ՄՈւՐԱԴՅԱՆԸ մեր հարցին, թե կա՞ն Մշակույթի նախարարությունում բորենիներ, ինչպես Գ.Հարությունյանն է նշում, ի պատասխան` ինքը սկսեց հետաքրքրվել.
- Ինչի՞ց որոշեցիք, որ իմ մեկնաբանությունը հարցնեք:
- Որովհետեւ, որպես նախարարության աշխատակազմի ղեկավար, Դուք ավելի լավ կիմանաք` կան այդպիսիք նախարարությունում, թե` ոչ:
- Ես նման հայտարարությանը ծանոթ չեմ, մինչեւ ինքս չծանոթանամ, որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Եվ ինչո՞ւ որոշեցիք Մշակույթի նախարարությունից հարցնել:
- Բոլոր նախարարություններին ենք հարցրել:
- Եվ ի՞նչ են պատասխանել Ձեզ:
- Դա, երեւի թե, լրագրողիս գործն է:
- Իսկ Դուք, օրինակ, որպես պետական համակարգի հետ շփվող անձնավորություն, ի՞նչ կարծիքի եք:
- Պարոն Մուրադյան, լրագրողիս կարծիքն այդքան հետաքրքիր չէ այս պահին, որքան աշխատակազմի ղեկավարի տեսակետը...
- Այսինքն` բորենի ասելով` ի՞նչ նկատի ունեք:
- Դե, դա արդեն պետք է Գագիկ Հարությունյանից հարցնեք:
- Ես պետք է տեսնեմ` ի՞նչ կոնտեքստում է ասել, ի՞նչ հարցով է ասել, ու ո՞վ է մեկնաբանել, ո՞վ է դա տարածել, հետո կարող եմ Ձեզ պատասխանել:
- Բարի, բայց ես ընդամենը ուզում էի ճշտել` արդյո՞ք Դուք գտնում եք, որ Ձեր նախարարությունում նման մարդիկ կան:
- Առհասարակ, որտե՞ղ կան նման մարդիկ, այսինքն` դուք գտնում եք, որ մեր նախարարությունում բորենիներ կա՞ն:
- Ես չեմ գտնում, կրկնում եմ` Գագիկ Հարությունյանն է նշել այդ մասին:
- Օրինակ, ինքնին հարցադրումը շատ վիրավորական է:
- Միգուցե, բայց այդ մասին ՍԴ նախագահն է ասում:
- Ես «օդի մեջ» չեմ կարող մեկնաբանել, մինչեւ ինքս չտեսնեմ այդ հայտարարությունը, բայց ինձ համար անձնապես պետական ծառայողի կեցվածքը շատ կարեւոր է եւ առաջնային:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ ՉԿԱՆ»
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՆԻԿՈՅԱՆԸ նույն հարցի վերաբերյալ վստահեցրեց. «Եթե նկատի ունեք մեր քաղծառայության համակարգը, ապա պետք է նշեմ, որ այն արդեն կայացած համակարգ է, եւ ընդհանրապես Քաղաքաշինության նախարարությունում աշխատում են միայն առաջատար, կիրթ ու գրագետ, պարկեշտ մարդիկ»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ էլ իր հերթին նշեց. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում բորենիների համաստեղություն չկա»:
Ի դեպ, ուշագրավ է այն, որ թեպետ ՀՀ բնապահպանության նախարարությունից խոստացան, որ նախարարի մոտ խորհրդակցությունից հետո նախարարության աշխատակազմի ղեկավար ԷԴԳԱՐ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ կկարողանա պատասխանել «Իրավունքի» հարցին, սակայն այդպես էլ մնացինք պարոն Փիրումյանի զանգին սպասող: Հավանաբար, ի տարբերություն Սպորտի նախարարության, բնության հետ առնչվող նախարարությունը, այնուամենայնիվ, որոշ աշխատակիցների նմանեցնում է բորենիների:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

