ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ԹԵ ՞ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ԹԵ ՞ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Սահմանադրական բարեփոխումների քննարկմանը մասնակցում էին մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: «Իրավունքի» թղթակիցը նրանից փորձեց պարզել` արդյոք կողմ են սահմանադրական բարեփոխումներին, կա՞ դրանց անհրաժեշտությունը, և արդյոք պետք է կիսանախագահականից անցում կատարել դեպի խորհրդարանական համակարգի:
«Ապելլա Ինստիտուտ» հետազոտական կենտրոնի տնօրեն, իրավաբանության դոկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ:
-Ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն այսօր չկա, դրանք ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց են: Որպես ոլորտի մասնագետ` համամիտ եք հնչեցված տեսակետին, թե ոչ:
-Կարծում եմ` այսoր անհրաժեշտություն չկա կատարել սահմանադրական բարեփոխումներ: Ես կարևորում եմ այս քննարկումների գործընթացը, որոնք հասարակությանը տալու բան ունեն: Դրանք տալիս են սահմանադրական մշակույթ:
-Սահմանադրական բարեփոխումների առանցքային դրույթներից մեկը կառավարման ձևի փոխոխությունն է` անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: Ըստ Ձեզ`այդ երկու մոդելներից ո՞րն է մեր երկրի համար ավելի նպատակահարմար:
-Ըստ իս`գործող` կիսանախագահական կառավարման համակարգը, վատ չէ: Խորհրդարանական համակարգի անցումը ունի մի շարք վտանգներ: Հիմնական վտանգը կապված է ժողովրդավարական զարգացման հետ`մասնավորապես երկու ընտրությունների փոխարեն կունենանք մեկը, իսկ իմ թեզիսը հետևյալն է` ավելի շատ ընտրություններ, ավելի շատ ժողովրդավարություն…
-Այս տեսակետը չընդունեղները որպես հակափաստարկ հակադարձում են` հասարակությունը կմասնակցի մեկ ընտրության և քիչ գլխացավանք կունենա:
-Իմ փաստարկը ժողովրդավարության մասին է, այլ ոչ թե գլուխ ցավեցնելու:
-Գործող Սահմանադրության դրույթներն որքանո՞վ են այսօր գործնականում կիրառվում և կյանքի կոչվում:
-Հայաստանում այսօր սահմանադրականության մեծ դեֆիցիտ կա:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հկ-ի նախագահ Խաչատուր Մարոզյան:
-Պրն Մարոզյան, ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչների կարծիքով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն այսօր չկա, դրանք ժողովրդի ուշադրությունը շեղելու համար են արվում, ավելին` սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց առաջ պետք է մտածել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու մասին: Ըստ Ձեզ` կա՞ այսօր նման բարեփոխումներ անելու կարիք: Եթե այո, ապա այդ բարեփոխումներն ի՞նչ են տալու հասարակությանը:
-Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Կարևոր է մտածել իրավական պետության, դրա ընկալման, իրավունքի և օրենքի գերակայության մասին: Հասարակությունը գուցե համարժեք չի ընկալում այդ բարեփոխումները:
-Արդյոք սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո դրական փոփոխություններ կլինեն արդարադատության համակարգում`մասնավորապես իրավապաշտպանները տարիներ շարունակ խոսում են դատական համակարգի անկախության մասին:
-Դատարաններն այսօր որպես արդարադատություն իրականացնող մարմին, իրենց տեղում չեն: Մի շարք օրենքներում պետք է կատարվեն փոփոխություններ` կիրառությունից դուրս գան այն օրենքները, որոնք ուղղված են մոնոպոլիստների շահերի պաշտպանությանը: Կարծում եմ` բարեփոխումների ընդունումից հետո կունենանք դրական արդյունքներ դատական ոլորտում:
-Սահմանադրական բարեփոխումների առանցքային դրույթներից մեկը կառավարման ձևի փոխոխությունն է` անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգի: Ըստ Ձեզ`այդ երկու մոդելներից ո՞րն է մեր երկրի համար ավելի նպատակահարմար:
-Ես կողմ եմ խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանի համար անհրաժեշտ է: Իսկ կիսանախագահական համակարգի դեպքում ունենք պատասխանատվության երկատվածություն, որի դեպքում հեշտ է պատասխանատվությունից խուսափելը:
Մանրամասները` տեսանյութերում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

