ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՅՍՕՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԵՐ «ԹԵԹԵՎ» ՁԵՌՔՈՎ ՓԱԿՈՒՂՈՒ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՅՍՕՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԵՐ «ԹԵԹԵՎ» ՁԵՌՔՈՎ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է»
Արդյոք սահմանադրական փոփոխւթյուններն անհրաժեշտ են, ինչ են տալու դրանք հասարակությանը, բավարար չափով է իրազեկված հանրությունը`այս և այլ հարցերի պատասխաններն այսօր փորձեցինք հնչեցնել սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ:
Խոսքով հանդես եկավ Սահմանադրական դատարանի և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս բնութագրմամբ` սահմանադրության կենտրոնը պետք է լինի մարդը և նրա իրավունքները. «Անհրաժեշտ է ունենալ մարդակենտրոն, այլ ոչ թե իշխանակենտրոն սահմանադրություն»:
Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով` այսօր սահմանադրության զարգացումը մեր «թեթև» ձեռքով փակուղում է այն դեպքում, երբ պետք է ապահովված լիներ դրա կայուն զարգացումը:
Քննարկման մասնակիցները, բացի կենդանի ու բանավոր ելույթներից, ծանոթացան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փորձագետների կարծիքին: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ փորձագետների համոզմամբ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են: Իսկ այն պայմանավորված է դատական համակարգի անկախության երաշխիքների բացակայությամբ:
Փորձագետներից շատերը ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու սահմանադրական բարեփոխումների ներուժը կապում են արդարադատության դեֆիցիտի հաղթահարման ու դատական իշխանության անկախության ամրապնդման անհրաժեշտության հետ:
Ինչ վերաբերում է բարեփոխումների նկատմամբ վստահությանը, ապա փորձագետների վստահությունն իրականացվող բարեփոխումների նկատմամբ ցածր է:
Սահմանադրական բարեփոխումների նախագծի ամենաուշագրավ ու արմատական մոտեցումներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցման առաջարկն է: Այստեղ ևս փորձագետները միակարծիք չեն, իսկ ավելի կոնկրետ քչերն են կողմ կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ Հայաստանում դեռևս կայացած չէ կուսակցական համակարգը, իսկ խորհրդարանական համակարգին անցումը կարող է ավելի խթանել դոմինանտ կուսակցության կողմից իշխանության նկատմամբ մենաշնորհը: Փորձագետներից մի քանիսը համոզված են`կիսանախագահական համակարգը չի սպառել իրեն և ներկա Սահմանադրության լիակատար կիրառման և բավարար քաղաքական կամքի դրսևորման պարագայում Հայաստանն ավելի շատ հնարավորություն կունենա դիմակայել ներկայիս մարտահրավերներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

