ՍԱՐԿՈԶԻԻ ՕՐԻՆԱԿԸ ԿՏԱՐԱԾՎԻ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎՐԱ
Վերջերս մամուլը թնդաց այն տեղեկություններից, որ ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է նախկին նախագահը` Նիկոլա Սարկոզին:
Նա հարցաքննության է հրավիրվել Ֆրանսիայի գլխավոր դատախազություն, սակայն ոստիկանության իրավաբանական բաժանմունքից պարզել են, որ նա ձերբակալված է: Պարզվում է, որ Ն. Սարկոզին ձերբակալվել է կոռուպցիայի, մասնավորապես` պաշտոնեական դիրքը չարաշահելով` պաշտոնատար անձի վրա ազդեցություն գործադրելու կասկածանքով: Թե այս օրինակով հնարավոր է ՀՀ դատախազություն հարցաքննման կանչվեն նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ երկուսի անվան հետ էլ մամուլում բազում ապօրինություններ են կապվում, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ ՇԱՀԵՆ ՏՈՆՈՅԱՆԻՑ, ով մեր հարցին ի պատասխան` նշեց. ՙՔրեական գործ հարուցվում է, երբ կան քրեական դատավարությամբ սահմանված` քրեական գործ հարուցելու առիթները եւ հիմքերը՚: Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ մնում է միայն քրգործ հարուցվի, քանի որ առիթների ու հիմքերի մասին տարիներ շարունակ աղաղակել է, թե° հանրությունը, թե° հենց նախկին ու ներկա պաշտոնյաները: Եվ ճիշտ տեղին է մեջբերել ՀՀ Սահմանադրության գլուխ 3-րդից հոդված 56.1-ը. ՙՀանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո՚: