ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Ռոման Սելեզնյովին: 30-ամյա մոսկվացին կասկածվում է համակարգչային խարդախության մեջ:
Ըստ բռնողներիª Ռ. Սելեզնյովը ջարդել էր մի շարք խանութների համակարգչային բազաները եւ գողացել հաճախորդների բանկային քարտերի տվյալները: Մեղադրյալի հորը` ՌԴ Պետական Դումայի լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Վալերի Սելեզնյովին չի հաջողվում կապվել իր որդու հետ, ինչից եւ պատգամավորը ենթադրում է, որ եթե անգամ Ռոմանը գտնվում է ԱՄՆ-ում, ապա նրան պարզապես առեւանգել են: ՙԻմ որդուն չէին կարող ձերբակալել Միացյալ Նահանգների տարածքում, քանի որ նա ֆիզիկապես չէր կարող գտնվել այնտեղ: Նա չունի ամերիկյան վիզա՚,- հիմնավորել էր իր վարկածը կասկածները լիբերալ-դեմոկրատը:
ՙԱԽ, ԱՊՈԼՈՆ, ԱԽ, ԱՊՈԼՈՆ...՚
Ռուսաստանի Դաշնության մեկ այլ լիբերալ-դեմոկրատ օրենսդիր բացահայտել էր, որ փողը ՙփչացնում՚ է երեխաներին նաեւ սեքսուալ առումով: Պատգամավոր Ռոման Խուդյակովը ՙպարզել՚ է, որ 100 ռուբլի թղթադրամի վրա պատկերված Ապոլոնի հանդերձանքը չի փակում նրա մարմնի ՙհետաքրքիր՚ մասերը: Շատ դիպուկ նկատելով, որ այդ թղթադրամը մյուսներից ավելի հաճախ է օգտագործվում երեխաների կողմից, պատգամավորը պահանջել է Կենտրոնական բանկից` անհապաղ վերացնել այդ, իր համոզմամբª ՙպոռնո՚ թղթադրամը եւ առաջարկել է ամոթը կորցրած օտար աստվածին փոխարինել Սեւաստոպոլի տեսարժան վայրերի պատկերով: Ռուսական լրատվամիջոցները քողարկված ակնարկում են, թե լիբերալ-դեմոկրատները այսպիսով ձգտում են ռեւանշ վերցնել Կենտրոնական բանկի նկատմամբ. վերջինս նպատակահարմար չէր համարել ընդունել այդ կուսակցության նախորդ առաջարկը եւ շրջանառության մեջ մտցնել Ղրիմի վերամիավորմանը նվիրված թղթադրամ:
ԳՈՒՇԱԿԵՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ
Հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել նաեւ ոչ պետական վիճակախաղերի կազմակերպման արգելքը. օրինական կհամարվեն միայն պետական եւ միջազգային վիճակախաղերը: Այսպիսով, եկամտի մեծ մասը կմտնի բյուջե, այլ ոչ թե մասնավորի գրպանը: Վիճակախաղերը կկազմակերպեն տրանսպորտի եւ ֆինանսների նախարարությունները, որոնք մրցույթներ կկազմակերպեն վիճակախաղ անցկացնել ցանկացող օպերատորների համար: Ներկայումս Ռուսաստանում գործում է ընդամենը երեք պետական վիճակախաղ:
ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ 36 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԳՈԼ
Հուլիսի 7-ին Բրազիլիայում տեղի էր ունեցել ՙդարի կողոպուտ՚: Շուրջ երկու տասնյակ չարագործ գիշերը ներխուժել էին Samsung գործարան, պատանդ վերցրել պահակներին եւ 200 աշխատակիցներին եւ գողացել 36 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 40 հազար սմարթֆոն, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ: Հարձակվողական հանդուգն այդ օպերացիան իրականացվել էր բեռնատար 7 ավտոմեքենայով: Samsung ֆիրմայից բացի` այլ լուրջ տուժածներ չկան: