«ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ»
Արխիվ 12-16«ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ»
Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին` Մովսես (ՀՀ Տավուշի մարզ) եւ Ալիբեյլի գյուղերի (Ադրբեջանի Թովուզի շրջան) ուղղություններով դիտարկում է անցկացվել ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից: Դիտարկումն առանց միջադեպերի է անցել, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Մովսեսի գյուղապետ ԱՐԱՐԱՏ ԱՎԱԼՅԱՆԻ հետ.
-ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, որ ձեռնարկվում է, նախապես` մինչեւ սահման գնալը, այս կողմից էլ, այն կողմից էլ իրար հետ կապ են պաշտպանում, ընդ որում, այնտեղից էլ են զինվորականներ հետները լինում, այստեղից էլ: Այսինքն` դիտարկման ընթացքում չեն կարող կրակոցներ լինել: Հիմա գնացել են դիտորդները, տեսնենք գիշերը կրակոցներ կլինե±ն, թե` ոչ, որովհետեւ միշտ էլ ինչքան դիտարկում են արել, գիշերը կրակոցներ ենք ունեցել:
- Այս դեպքում, ԵԱՀԿ դիտորդներին ինչպե՞ս ցույց տրվի, որ իրավիճակն իսկապես այսքան օրհասական է:
- Ես ընդունում եմ եւ շնորհակալ եմ, որ առաքելություն են կատարում ԵԱՀԿ դիտորդները, բայց եթե այդ առաքելությունը նպատակ ունի, բայց չի իրագործվում, դա ցավ է: Սրանք պաշտոնական այցեր են ընդամենը, սա ես առաքելություն չեմ համարում: Առաքելությունն այն է, որ հակառակորդին հասկացնեն, որպեսզի խաղաղ բնակչության վրա չկրակեն: Թող զինվորական դիրքերի վրա կրակեն, պատասխանն էլ ստանան: Մերոնք իրենց դիրքերի վրա են կրակում նման դեպքում, իրենք` գյուղի:
- Փաստորեն, այս դիտարկումները անիմաստ չե՞ն դառնում:
- Կոնկրետ ես` որպես սահմանի վրա ապրող անձ եւ որպես համայնքի ղեկավար, գտնում եմ, որ այդ առաքելությունն իր նպատակին չի ծառայում, քանի դեռ չեն կարողանում զսպել ադրբեջանցիներն: Ես դիտորդներին էլ եմ առաջարկել, որ պայմաններ ստեղծեն, եւ ես Ադրբեջանի հարեւան գյուղի համայնքի ղեկավարի հետ հանդիպեմ, տեսնեմ` ինչ է իրենց ուզածը, եւ եթե ինչ-որ բան են ուզում մեզնից, թող պարզ ասեն: Մենք իրենցից ուզելու բան չունենք, մենք միայն խաղաղություն ենք ուզում:
- Ի դեպ, պարոն Ավալյան, օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր Մովսեսում գտնվում, եւ մամուլում մեծ արձագանք գտավ այն միջադեպը, որտեղ տարեց գյուղացիներից մեկը վարչապետի խոստումներին ի պատասխան` կասկածանքով դիմել էր Ձեզ` ասելով. «Եթե վիզ եք վեկալում...»: Պարոն Աբրահամյանն էլ նշել էր. «Էս մարդը իմ վզի հնարավորությունները չգիտի: Դու իմ վզի վրա հույս դիր»: Ի վերջո, ի՞նչ արդյունքներ եղան:
- Վարչապետը խոստացավ մեկ ամսվա ընթացքում հացահատիկային կոմբայն տրամադրել գյուղին, եւ գիշերը գնալու եմ, որ կոմբայնը տեղափոխեմ Մովսես: Այնպես որ, մեր վարչապետին թող մամուլը շատ չկշտամբի: էդ մարդը ՙվիզ առավ՚, եւ այցից երեք օր հետո կոմբայնը բերում են: Եկեք համատեղ աշխատենք, որ իշխանությունն էլ ընդառաջի, ոչ թե փնովենք: Իսկ ժողովրդին եւ իշխանություններին իրար դեմ հանող այդ նյութերը, ընդամենը փորձում են պառակտել մեր ժողովրդին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

