ՙՊԱՇՏՊԱՆՅԱԼՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ՚
Արխիվ 12-16ՙՊԱՇՏՊԱՆՅԱԼՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ՚
Օֆշորային սկանդալի հիմնական հերոսը` կալանավորված Աշոտ Սուքիասյանը սկսել է ցուցմունքներ տալ: Սուքիասյանը ցուցմունքում անդրադառնալով օֆշորային պատմության մեջ Կճոյանի եւ նախկին վարչապետի ներգրավված լինելուն`
ասել է, որ ինքը ցանկացել է, զուտ մարդկային առումով, հետագայում եթե, անկախ այն հանգամանքից, ով որտեղ աշխատեր, կամ աշխատանքից ազատված լիներ, իրենց որպես նվեր մատուցեր, այսպես կոչված, սյուրպրիզ աներ: Կճոյանի եւ նախկին վարչապետի անվամբ նաեւ ընկերություն կա բացված, որ կարող են այդ գումարներից օգտվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան ՅՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
-Աշոտը ցուցմունքներում նշում է, որ ո°չ նախկին վարչապետը, ո°չ էլ արքեպիսկոպոսը որեւէ կապ չունեն իր կողմից բացված ընկերության հետ: Ինքը ստորագրություններ է դրել. կեղծել է, թե ինչ, դա քննությունը ցույց կտա: Հետո այսօր, եթե մեկի ստորագրություններն ունես, հատուկ մեքենայի միջոցով շատ հեշտ կարող ես վերարտադրել մեկ այլ փաստաթղթի տակ: Ինքը քննությանն այդ մասին մանրամասն հայտնում է, որ դրանք տեղի են ունեցել իր կողմից: Աշոտը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետեւ նա որեւէ կապ չունի ոչ փողերի լվացման, ոչ խարդախության եւ ոչ էլ խաբեությամբ գույքին վնաս պատճառելու մեջ: Նորից եմ կրկնում, պաշտպանյալս ընդամենը ցանկանում էր գեղեցիկ նվեր մատուցել նախկին վարչապետին ու արքեպիսկոպոսին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով եւ նրանց հաշվին մեծ գումարներ փոխանցելով:
Անդրադառնալով սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքի գրավադրմանը` փաստաբանը հավելեց.
- Պաշտպանյալս այս հարցում ընդհանրապես մեղավորություն չունի, Փայլակ Հայրապետյանը շատ լավ գիտակցում էր, որ այդ բիզնես ծրագրում ինքը կարող է կորուստներ ունենալ, հատկապես աֆրիկյան Սիեռա Լեոնեում ինչ ասես կարող էր լինել:
Մինչդեռ ՙԱմերիաբանկը՚ կրկին վաճառքի է հանել Փայլակ Հայրապետյանի` բանկում գրավադրված անշարժ գույքի հերթական մասը: Այս անգամ հերթը հասել է ՙԾովազարդ՚ հյուրանոցային համալիրին: Իրավիճակի հետ կապված մեզ հետ զրույցում Փ. Հայրապետյանն ասաց.
- Ինձ զանգեցին, ասեցին, եկեք բացեք, նայենք, ուզում ենք առնենք: Ասի` չեմ բացում, թողեք, գնացեք: Բայց հո գիտեմ, որ իմ բոլոր ջանքերն էլ ապարդյուն են անցնելու: Ինձ արդեն տեղյակ չեն էլ պահում, իրենք իրենց վաճառում են: Ասում եմ` գոնե սպասեք, թող նախաքննություն լինի, դատ-դատաստան լինի, հետո ինչ ուզում եք, էն էլ արեք: Դատախազին եմ գրում, բայց բոլոր այդ գրությունները գնում են քննիչի մոտ, ու ոչ մի արդյունք: Էդ բանկի տերերն ու նախկին վարչապետը հարձակվել են ինձ վրա, չեմ հասկանում` ինչի: Լկտիները տարել, փողերս կերել են` հերիք չի, հիմա էլ իրենց քեֆին, քմահաճույքին ունեցվածքս են այս ու այն կողմ վաճառում: Էս ամեն ինչի մեղավորը Աշոտը չի, սրա մեղավորը բանկն ու նախկին վարչապետն է: Էս ամենաթողության, հանցագործների հովանավորը արդեն երկար տարիներ Տիգրան Սարգսյանն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

