«ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿԻ ՆՄԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԸ ԿԴՆԵՆ»
Արխիվ 12-16«ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿԻ ՆՄԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԸ ԿԴՆԵՆ»
Անգործության մատնված հայտնի ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը համեմատականներ է անցկացրել գերմանացի ֆաշիստների եւ ռուսական կոմունիստների միջեւ` մասնավորապես նշելով. «Գործնականում գերմանացի ֆաշիստներն ու ռուսական կոմունիստները, ըստ էության, նույն կտավն էին` գործած դարչնագույն եւ կարմիր թելերով: Ռուսներն այսօր մղկտում են, թե մենակ են մնացել աշխարհում, եւ իրենց բոլոր հարեւաններն ատում են իրենց: Բա ի՞նչ էիք ուզում, այ խարդախ ու դավադիր «ազատարարներ», այդ օրը մի օր գալու էր եւ ահա, փառք Աստծո, հասել է այդ օրը»: Թե արդյոք կիսում են այս տեսակետը հայ կոմունիստները, «Իրավունքը» պարզեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ.
-Երջանիկ Աբգարյանից ուրիշ բան սպասել չէր կարելի, մնացել է նույն մակարդակին, ինչպես այն ժամանակ էր: Մենք միասին եղել ենք Գերագույն խորհրդի պատգամավոր, ես իր տեսակետը գիտեմ, ուղղակի, չեմ ուզում ուրիշ բառերով նկարագրել, որպեսզի անձնական վիրավորանք չդիտվի: Բայց Երջանիկ Աբգարյանը թող իմանա, որ ապագան կոմունիստներինն է եւ կոմունիստները կվերադառնան ու Երջանիկի նմաններին իրենց տեղը կդնեն: Ինչ վերաբերում է նրան, թե ռուսները մենակ են մնացել, ի գիտություն Ե. Աբգարյանի` ասեմ, որ շուտով կստեղծվի նոր միությունը եւ պատահական չէ, որ մենք մեր դրական կարծիքը հայտնել ենք հանրապետության իշխանություններին, որոնք ճիշտ վարվեցին` Մաքսային միություն մտնելու պատրաստակամություն հայտնելով: Մենք կլինենք 4-րդը եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ միասին կստեղծենք նոր միությունը եւ կվերականգնվի հավասարությունը, համերաշխությունը, ազգերի բարեկամությունը, մարդիկ իրենց ուրախ կզգան, անհոգ կապրեն, իսկ Երջանիկի նմանները կվերադառնան իրենց նախկին անգործությանը` իրենց նախկին գաղափարով: Մինչդեռ, կոմունիստների գաղափարախոսությունը դարի գաղափարախոսություն է` անմահ է ու ամենամարդասիրական:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

