ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԳՆԱԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Արխիվ 12-16ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԳՆԱԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
«Վերնիսաժի» կրակոցների գործով Վալերի Հովհաննիսյանի պաշտպան «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ իր պաշտպանյալին հուլիսի 3-ին կիսակենդան վիճակում կալանավորել են, և գործը քննում են մի շարք օրենքների խախտումներով՝ ակնհայտ շտապողականություն ցուցաբերելով։
«Քննիչը ներկայացնում էր, որ պետք է կատարեն քննչական գործողություններ, ասում եմ՝ հարգելի՛ պարոն քննիչ, արդյո՞ք իմ պաշտպանյալն ի վիճակի է ենթարկվելու քննչական գործողությունների, երբ գտնվում է ինտենսիվ բուժման մեջ։ Հրավիրում ենք հերթապահ բժիշկին, ով տալիս է գրավոր տեղեկանք, որ տվյալ պահին քննչական աշխատանքները նպատակահարմար կլինի հետաձգել»,-ասաց նա և հավելեց, որ քննիչն անտեսելով տեղեկանքը՝ տալիս է մեղադրանք առաջադրելու որոշում և միջնորդություն, որպեսզի վերջինիս խափանման միջոցն ընտրվի կալանքը։
«Հրավիրում են շտապօգնության բրիգադ, որովհետև Վալերի Հովհանիսյանն ի վիճակի չէ քայլելու, Վալերի Հովհաննիսյանի կողքից աղիքը բաց վիճակում է, ճնշումը բավականին բարձր, բացարձակ չի գիտակցում, թե ինչ գործողություն պետք է կատարի»,- շեշտեց փաստաբանը և ավելացրեց, որ պատգարակի վրա էլ իր պաշտպանյալին տանում են դատարան։
«Դատական պրոցես է գնում և քննվում է մի մարդու վերաբերյալ գործ, որը կիսագիտակից վիճակում է, բժշկի հսկողության ներքո»,-նշեց նա և ասաց, որ որոշում է կայացվում, որ նա կարող է խանգարել դատական մարմնին և խափանման միջոց է ընտրվում կալանքը։
Փաստաբանը հիշեցրեց, որ ՀՀ օրենքով և միջազգային նորմերով, եթե անձի վերաբերյալ մեղադրանք է առաջադրվում, անձը պետք է կարողանա գիտակցել, կարողանա ստորագրել, հարցերին պատասխանել։
«Պատկերացրե՛ք, դատական պրոցեսում պատգարակի վրա պառկած մարդու գործ են քննում։ Այդ հրատապությունը, այդ, իմ կարծիքով, անօրինական գործողությունները հուշում են այն մասին, որ լիազոր մարմինը շուտափույթ գործառույթներ է ուզում իրականացնել՝ խախտելով օրենքի մի շարք դրույթներ»,-նշեց նա և զգուշացրեց, որ այդ էպիզոդի հետ կապված առանձին գնալու են մինչև Եվրոպական դատարան։
Իսկ թե ըստ փաստաբանի՝ ինչով է պայմանավորված նման շտապողականությունը, Լևոն Բաղդասարյանը նշեց, թե կդժվարանա պատասխանել: «Բայց նման պայմաններում մեղադրանք առաջադրել, նման պայմաններում խափանումը կալանք կիրառել, ես դա համարում եմ, աղաղակող հանգամանք»,-նշեց նա և հավելեց, որ պատգարակի վրա կիսակենդան վիճակում վերջինիս գործն են քննում։
Փաստաբանը նաև հավելեց, թե նման վիճակում մեկուսարան են տեղափոխել, մեկուսարանը չի ընդունել և ապա տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Նա նշեց, որ նույնիսկ իրեն որպես պաշտպան չորս օր թույլ չեն տվել տեսակցել նրա հետ, որպեսզի փոխանցի, որ նրա վերաբերյալ կա մեղադրանք, խափանման միջոցը կալանքն է և ցանկանում է վերաքննիչ բողոք ներկայացնել։
«Դա և բերում է հետևյալի, որ փորձում են Վալերի Հովհաննիսյանին մեկուսացնել, որպեսզի կատարեն որոշակի գործառույթներ, իրենց հարմար մեղադրանք հարուցելու և հետագայում գործն իրենց ուզած ձևով շարունակելու համար»,-ասաց նա։
L. Բաղդասարյանը նշեց, որ բողոքներ է պատրաստել, որ նախ իր՝ փաստաբանի իրավունքներն են խոչընդոտվել և քանի որ չի կարողացել տեսակցել պաշտպանյալի հետ, ինքն է գրել վերահսկիչ բողոք ներկայացնելը՝ առանց պաշտպանյալի համաձայնության, քանի որ ժամկետի հետ խնդիր կա։
Հ.Գ. Ըստ մեր տեղեկությունների, ապօրինաբար սահմանափակված է փաստաբանների մուտքը Վալերի հովհաննիսյանի մոտ, արդեն շուրջ վեց օր նա գտնվում է մեկուսացման մեջ եւ չի կարող ժփվել իր փաստաբանների հետ: Ենթադրվում է, որ դա արվում է նրա համար, որպեսզի փորձեն «կոտրել» Վ. Հովհաննիսյանին եւ փոխել գործի նախաքննության ընթացքը այլ ուղղությամբ, որպեսզի գործով անցնող երկու այլ անձինք գործից չոր դուրս գան եւ այն ամբողջությամբ ջարդվի Վալերի հովհաննիսյանի վրա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

