ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արդեն երեք ամիս է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից և իրեն հռչակել ընդդիմադիր ուժ: Հուլիսի 18-ին կայանալիք հանրահավաքից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում ներկայացրեց կուսակցության անելիքները, երկրի առջև ծառացած խնդիրները:
Ինչպես այլ քաղաքական ուժեր ու կուսակցություններ, այնպես էլ «Օրինաց երկիրը» մատնանշեց այն խնդիրները, որոնք արդեն 20 տարի է` կան Հայաստանում և որոնց մասին խոսում են նաև այլ ուժեր` արտագաղթ, տնտեսության վատ վիճակ, մենաշնորհներ, միակուսակցական իշխանական համակարգ, ճնշումներ գործարարների նկատմամբ, հոսանքի և գազի թանկացում, ինչպես նաև արտաքին քաղաքական ճակատում առկա խնդիրներ`մասնավորապես Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության շարունակությանն առնչվող հարցերը: «Մենք ունենք մտահոգիչ զարգացումներ` Հայաստան-ԵՄ օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, իսկ եվրասիական տնտեսական միության վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետք է ունենալ գրագետ, զարգացած թիմ, որը կարող է բանակցել թե ԵՏՄ-ի, թեԵՄ-ի հետ` առաջ մղելու մեր քաղաքական օրակարգի գերակայությունները»,- ասաց ՕԵԿ ղեկավարը:
Երկրում առկա խնդիրները լուծելու համար Արթուր Բաղդասարյանն առաջարկում է` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, մեր երկրում անթույլատրելի և ոչ լեգիտիմ դարձնել ցանկացած ընտրական գործընթաց, որը կանցնի փողով, վախով, ճնշումներով և այլն:
Ներկայացնելով կուսակցության ծրագրերն ու անելիքները` ՕԵԿ առաջնորը հայտարարեց, որ իրենք ունեցել են իրենց սխալները, թերությունները, որոնց համար ինքը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, ինչպես ժամանակին`2007-ին ներողություն խնդրեց ՀՀ առաջին նախագահը: Իսկ արդյոք պրն Բաղդասարյան, հայ ժողովուրդը, իսկ ավելի կոնկրետ`2008-ին ձեր ընտրազանգվածը կների ձեզ իշխանության կազմում հայտնվելու և ստացած քվեները փոշիացնելու համար:
Ինչ վերաբերում է հուլիսի 18-ի կայանալիք հանրահավաքին, Ա. Բաղդասարյանի խոսքով` դա կուսակցական հանրահավաք չէ. «Դա սոցիալական հանրահավաք է, որն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Համոզված եմ` հանրահավաքը բազմամարդ է լինելու և միայն այդ հանրահավաքով չենք սահմանափակվելու»:
Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը այս հանրահավաքում չի պահանջելու նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

