Չնայած փողկապակեր ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ պիտանի չէ...
Արխիվ 12-16
Չնայած փողկապակեր ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ պիտանի չէ ոչ բնությանը, ոչ մարդկությանը, այնուամենայնիվ, զարմանալիորեն բացառված չէ, որ հայտնվի Կիեւում, այն էլ բավականին բարձր պաշտոնի: Այսպես, ուկրաինական ՙՈւդառ՚ կուսակցության առաջնորդ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ միգուցե Սահակաշվիլին նշանակվի Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդատու: Դրան անմիջապես արձագանքել է Աբխազիայի ԱԳՆ-ն. ՙԿիեւի կողմից ՙբոլոր հարցերով խորհրդատու՚ սնանկացած վրացական քաղաքական գործիչ Մ. Սահակաշվիլու ներգրավումը, կարող է հանգեցնել միջազգային խաղաղարար հանրության ջանքերի տապալմանը՚: Անշուշտ, Սահակաշվիլին աբխազների համար մոտավորապես նույնն է, ինչ մեզ համար թուրքը, եւ Աբխազիայի վրդովմունքը հասկանալի է:
Բայց, խոշոր հաշվով, ինչու խանգարել Սահակաշվիլու հաստատումը Կիեւում, չէ որ իր հետ այդտեղ կտանի նաեւ փողկապակերի իր բախտը: Թող տանի, թե չէ բանդերականները շատ են ուրախացել Սլավյանսկի անկման փաստով: Դե, մեր արեւմտամոլներն էլ մեծագույն հույսերով են տոգորվել` ռուսական դիմադրության այդ կենտրոնի անկումով, մոռանալով, որ, օրինակ, ժամանակին Կուտուզովը Մոսկվան էր հանձնել, բայց հանրահայտ է, թե ինչ շարունակություն էր դա ունեցել... Ինչ վերաբերում է մեր գրանտածիծներին եւ ՙնարնջագույն՚ ընդդիմադիրներին, ապա ԱՄՆ դեսպան Հեֆերնի` ազատագրված տարածքների վերաբերյալ հայտարարությունից հետո նրանց լռությունը եւ ավելին` երջանկությունից փայլող աչքերը, դեսպանատան ընդունելության ժամանակ, հուշում են, որ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ միանգամայն իրավացի էր, երբ ասում էր, որ կասկածում է այդպիսի ընդդիմադիրների հայ լինելուն: Ախր, ինչպես միաժամանակ կարող են հայ լինել ե°ւ նրանք, ում համար անընդունելի է թեկուզ մեկ թիզ հող հանձնելը, եւ ումից ոչ քչերը դրա համար պատրաստ են կռվել ու մեռնել, ու նրանք, ովքեր ոչ միայն չեն դատապարտում Հեֆերնի անընդունելի պահանջը, այլ նաեւ այդ յանկիի երեսին երջանիկ ապուշի պես ժպտում են ու պատրաստ են` որպես վերին ատյանի ճշմարտություն, ընկալել նրա ամեն խոսք: Բայց, բարեբախտաբար, մեր երկրում հայերն ավելի շատ են, քան չհայերն ու հակահայերը: Ու դրա վկայությունն է այն, որ սույն դեսպանը նաեւ շտապեց իր խոսքը փոխել. ՙՈչ, ոչ. այդ ենթադրվում է հիմնահարցի վերջնական լուծման շրջանակում: Ըստ համաձայնեցված վեց տարրերի, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները` բացառությամբ Լաչինի միջանցքի, պետք է վերադարձվեն: Այնպես որ` իմ խոսքերում ոչ մի նոր բան չկա՚: Բայց նաեւ դեսպանը ՙմատնեց՚ իր գլխավոր փորացավը. ՙԱյն հարցը, թե որ երկրի կամ կազմակերպության ուժերը պետք է լինեն այդ խաղաղարար ուժերի մեջ, կողմերի միջեւ բանակցությունների առարկա են: Իհարկե, անվտանգության որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ եւ միջազգային խաղաղարար ուժերի ներկայություն, նախքան հայկական կողմը կվերադարձնի տարածքները՚: Դե, ինչ, զարմանալով հանդերձ, մնում է այդ ամերիկացուն ասել` ծոծրակդ կտեսնես, բայց ոչ այդ հողերը վերադարձը թուրքին կտեսնես, ոչ էլ ամերիկյան զորքերի` որպես ՙխաղաղարար՚ Արցախ մտնելը:
Զարմանալի բան է տեղի ունեցել Վանաձորում, երբ երկու անգամ տեղի ունեցավ միջին ուժգնության ԵՐԿՐԱՇԱՐԺ: Այդ երկրաշարժի ժամանակ վնասվածքներ ստացողներ են եղել, բայց վնասվածքները պատճառել է ոչ թե ինքը` երկրաշարժը, կամ դրա բնական հետեւանքները, այլ մարդկանց խուճապը: ՙՄարդիկ ուզեցել են փախչել տնից, տրավմաներ են ստացել, վախից նյարդային համակարգի խնդիրներ են առաջացել: Մի մարդ ոտնաթաթի շրջանում կոտրվածք է ստացել փախչելու ընթացքում, դիմել է հիվանդանոց: Մի կնոջ էլ մենք ենք շտապօգնության մեքենայով տեղափոխել, քանի որ ուսային հոդի շրջանում վնասվածք ուներ՚,- ասաց շտապօգնության բժիշկ Տիգրան Ենգոյանը: Բայց էլ ավելի զարմանալի էր, թե ինչպես Վանաձորից բավականին հեռու գտնվող վայրերում մարդիկ սկսեցին խուճապ տարածել, այդ թվում եւ գրողը տարած ՙՖեյսբուքի՚ օգնությամբ, իբր սպասվում է նոր, իրոք ուժեղ երկրաշարժ: Ու ինչքան էլ ոլորտի մասնագետները չեն բացատրում, որ ցնցումների բնույթը վկայում է ընդերքի էներգիայի լիցքաթափման, այլ ոչ թե կուտակման մասին, միեւնույն է, մերոնց միայն թե տաս ՙՎա¯յ Կիկոս ջան, վա¯յ՚ տեսակի պատմություններն ու ՙկանխատեսումները՚: Լավ, վերջապես ե±րբ են մեր հայրենակիցները սովորելու իրենք իրենց չսպանել վախով ու տագնապով, չէ± որ վախը ռեալ ոչնչի օգնել չի կարող, իսկ վնասել հաստատ կարող է:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

