Օրերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՙԻնքնասպանի Գրառումներ՚ առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերան: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ներկայացման գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ում հայ հանդիսատեսը կմտաբերի անցյալ տարի պատանի պարողների ՙԵվրատեսիլ՚ մրցույթից, շեշտեց, որ ՙԻնքասպանի գրառումներ՚ ներկայացումը նորություն էր հայաստանյան մշակույթում.
ՙՀայաստանում առաջինն էր իր տեսակով, եւ հանդիսատեսը սովոր չէր նման ներկայացման, որտեղ ներառված է կինոարվեստ, թատերարվեստ, բալետ, այսինքն` 3 ճյուղեր մեկտեղված են մի բեմադրության մեջ: Իսկ ներկայացման մեջ իմ կոնկրետ դերակատարությունն այն է, որ լինելով երկրորդ պարողը` ստիպում եմ առաջին պարողին ինքնասպանություն գործել՚: Վահագնը չի կիսում այն կարծիքը, որ հաճախ ասում են, թե բալետում չունենք անհատներ, եւ որ այդ ասպարեզը վատ վիճակում է. ՙԵս չեմ կիսում այդ կարծիքը, մեր բալետն այսօր լավ վիճակում է, ու այսօր շատ լավ պարողներ ունենք: Նշեմ նաեւ, որ հուլիսի 9-11-ին կկայանա ՙԳայանե՚ բալետ ներկայացումը, որից հետո` հուլիսի 20-ին մեկնելու ենք Պետերբուրգ` հյուրախաղերի: Ինչպես գիտեք, հենց այնտեղ է բալետի տունը, ուստի` մենք չենք կարող վատ ներկայացնել հայկական բալետը Պետերբուրգում: Դրա համար չեմ ընդունում, որ ասում են, թե մեր բալետը վատ վիճակում է: Միեւնույն է, որքան էլ փնովեն, դա այդպես չէ, թող գան ու նայեն բալետային որեւէ ներկայացում ու նոր խոսեն այդ մասին: Պարզապես միայն կասեմ, որ զուտ ֆինանսական առումով են բալետի պարողները նեղվում, քանի որ քիչ են վարձատրվում այսօր, բայց ընդհանուր որակի վրա դա չի անդրադառնում: Այս կարգավիճակով ես կասեի, որ մեր բալետը իդեալական վիճակում է՚,- վստահեցրեց Վահագնը եւ անդրադարձ կատարելով եվրատեսիլյան հուշերին` նշեց. ՙՀայաստանն առաջին անգամ էր մասնակցում պարի ՙԵվրատեսիլին՚ եւ քանի որ առաջինն էինք մասնակցում, ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն կար, որպեսզի լավ մասնակցենք ու տպավորություն թողնենք հետագայի համար: Եվ դրա արդյունքում կսպասեն, որ Հայաստանից միշտ լավ մասնակից է ներկայանալու: Ընդհանրապես, շատ եմ սիրում իմ արվեստը, իմ գործը, ուստի` հիասթափություններ չեմ ունեցել: Ավելին` առաջիկայում նպատակներ կան այլ մրցույթների եւս մասնակցելու, բայց` դասական մրցույթների՚: ՙԻրավունքի՚ այն հարցին, թե պարային ՙԵվրատեսիլում՚ է±լ կոնչիտաներ կային, Վահագնը ժպիտով պատասխանեց. ՙՈ°չ, պարային ՙԵվրատեսիլում՚ դեռ չկային կոնչիտաներ՚: