ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ
Արխիվ 12-16ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ
- Որքանով են սերիալները, որտեղ համատարած արյուն ու սպանություն է, օրենքով թույլատրելի, որպեսզի ցուցադրվեն հանրությանը: Որն է այն մարմինը, որ հսկողություն է իրականացնում հեռուստաընկերությունների վրա: Կարինե, ք. Երեւան
Նախորդ դարի 70-ական թվականներին կոմունիստական Չինաստանում օրենքի ուժով արգելվեց անգամ խաղալիք զենքերի իրացումը: Պատճառաբանությունը կայանում էր նրանում, որ այն մանուկների մեջ կարող է սերմանել ագրեսիա` հետագա բոլոր բացասական հետեւանքներով: Դպրոցական բարձր տարիքում հիշում եմ. կենտրոնական հեռուստաալիքով ցուցադրվեց մի ֆիլմ, ուր բազմաթիվ էին գողության ու կողոպուտի տեսարանները: Օրեր անց այդ տարիների կենտրոնական մամուլը գրեց, որ այդ ֆիլմի ցուցադրման հաջորդ օրը տասնապատկվել էին գողություններն ու այլ հանցագործությունները:
Ակնհայտ է, որ ագրեսիա, սպանություն, արյուն… կամ կինոյի գլխավոր դերում հանդես եկող հանցագործ կերպարը, որը տվյալ ֆիլմի սցենարը գրող անձի թեթեւ ձեռքով դառնում է ՙկինոյի լավ տղեն՚, իսկ սերիալում հանդես եկող ազնիվ, պարկեշտ մարդիկ դառնում են ծաղրի առարկա ու անպաշտպան, հեռուստադիտողի ներաշխարհում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որից հետո վերջինս կարող է դառնալ ագրեսիվ եւ անկանխատեսելի իր շրջապատի համար` բխող բոլոր կործանարար հետեւանքներով: Այս հարթության վրա անկատար է գործող իրավանորմը, իսկ լիազոր մարմինը, ի դեմս պետական հեռուստահանձնաժողովի, սույն դրվագով զբաղվում է անգործությամբ: Ավելին, լավագույն ցանկության դեպքում անգամ տվյալ հանձնաժողովն ի վիճակի չէ պայքար մղել մեր հեռուստաառօրյայի, այդ թվում նաեւ` համացանց մտած նմանօրինակ երեւույթների դեմ, առանց մնացյալ պետական լիազոր մարմինների, այդ թվում` ուժային: Սա պետական անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր է, ուստի անհրաժեշտ է նոր օրենքների հիման վրա տոտալ պայքար մղել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հեռուստաեթերում իր ուրույն տեղը գտած, իսկ մի մասն էլ դրսից գրանտածիծերի կողմից բուծված, հասարակությանն ու պետությանն այլասերելու, կազմաքանդելու, միմյանց դեմ հանելու նպատակ հետապնդող, ագրեսիա հրահրող երեւույթները վերացնելու ուղղությամբ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

