Ժաննա Զավենի Ջավահիրյանը կհայտնվի բանտում 1 տարով եւ կզրկվի ավտոմեքենա վարելու իրավունքից` 3 տարով: Եթե, իհարկե, այլ բան չորոշի վերաքննիչ դատարանը: Վերջինս կարող է խստացնել պատիժը, ինչը պահանջում է տուժող կողմը, կարող է եւ արդարացնել մեղադրյալինª ըստ պաշտպանության կողմից ներկայացված բողոքի:
Ժաննա Ջավահիրյանը կատարել էր վրաերթ, ինչի հետեւանքով տեղում մահացել էր երիտասարդ տղան: Նրա մայրը առաջին ատյանի դատարանում համոզմունք էր հայտնել, թե ամբաստանյալը դիտավորությամբ էր մահ պատճառել որդուն, այլ ոչ թե անզգուշությամբ, եւ պահանջել էր, որպեսզի նշանակվի մեղադրյալի դատատոքսիկոքիմիական կրկնակի փորձաքննություն: Դատարանը գտել էր, որ չկա ոչ դրա կարիքը, ոչ էլ` հնարավորությունը. փորձանմուշ չի պահպանվել: Մեղադրյալը պնդում էր, որ ինքը մեղավոր չէ եւ հիմնավորում էր դա այն հանգամանքով, որ վթարային իրավիճակը ստեղծել էր ՙWOLKSWAGEN PASSAT՚ ավտոմեքենայի վարորդ Գարիկ Գրիգորյանը, ով խախտել էր... Չէ, ճիշտ կլինի անփոփոխ ներկայացնել փորձագետի պաշտոնական եզրակացությունը. ՙՙWOLKSWAGEN PASSAT՚ մակնիշի ավտոմոբիլի վարորդը, տվյալ խաչմերուկ մուտք գործելիս, իր ընթացքի ուղղության համար ՙԶիջեք ճանապարհը՚ ճանապարհային նշանի առկայության պայմաններում ճանապարհը չզիջելով ՙԳլխավոր ճանապարհ՚ ճանապարհային նշանի առկայության պայմաններում` Սյունիքի փողոցով ընթացող ՙMITSUBISHI PAJERO՚ մակնիշի ավտոմոբիլին, որի արդյունքում վերջինիս վարորդն իր եւ ՙWOLKSWAGEN PASSAT՚-ի հնարավոր ընդհարումը կանխելու նպատակով դիմել է արգելակման, մանեւրել դեպի աջ ու դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, մայթին վրաերթի է ենթարկել հետիոտնին...՚: ՙԼավատես՚ փորձագետը միաժամանակ եզրակացրել էր, որ վարորդ Ժաննան այնուամենայնիվ հնարավորություն ունեցել էր արգելակել եւ խուսափել վրաերթ կատարելուց... Ա. ԱԲԳԱՐՅԱՆ