ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ ՙԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ՚ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ
ՙԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ՚ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ
Տարիներ առաջ, երբ մոդայիկ դարձավ աշխատավարձը փոխանցել բանկային քարտերի վրա, դժբախտություն ունեցա հանել ՙԱրդշինինվեստբանկի՚ վճարային քարտը: Թեեւ այն ժամանակ դեռ չգիտեի, որ դա դժբախտություն է, քանի որ մի քանի տարի առանց խնդրի օգտագործում էի ֆինանսական այդ նվաճումը:Սակայն վերջին շրջանում նկատեցի որ, չգիտես ինչու, կտրուկ բարձրացավ քարտի սպասարկման վարձը, հետն էլ բանկն սկսեց տոկոս պահել, երբ կանխիկացնում էի իմ իսկ աշխատավարձը: Ստացվում է, որ բանկն իմ աշխատավարձի մի մասը դնում է իր գրպանը: Սակայն մինչ ես մտորում էի` որքանով է իրավաչափ բանկի նման թալանչիական կենսակերպը, եւ արդյոք չարժե հրաժարվել այդ բանկից, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Բանն այն է, որ մի գեղեցիկ օր ՙԱրդշինինվեստբանկի՚ բանկոմատը կուլ տվեց նույն բանկի իմ քարտը: Ու, թեեւ, կուլ տվող բանկոմատը գտնվում էր ոչ թե սահմանամերձ գյուղում, այլ` մայրաքաղաքի կենտրոնում, բանկից ինձ ասացին, որ քարտը կարող եմ ետ ստանալ միայն 5 օրից հետո: Թեեւ այդպիսի ՙօպերատիվությունը՚ զարմանալի էր, սակայն այլ ճար չկար: Չէ± որ բանկին քիչ է հետաքրքրում, ինչպես է իր հաճախորդն ապրելու 5 օր` առանց աշխատավարձից օգտվելու հնարավորության:
5 ՕՐ ԱՆՑ
Սակայն ամենազավեշտալին դեռ առջեւում էր: 5 օր անց պարտաճանաչորեն ներկայանալով ՙԱրդշինինվեստբանկի՚ գլխամաս` մի կես ժամ հերթ կանգնելուց հետո պարզեցի, որ քարտը դեռ տեղ չի հասել եւ պետք է եւս մի քանի օր սպասել: Այդ լուրն ինձ վերջնականապես համոզեց, որ ՙԱրդշինինվեստբանկից՚ պետք է հրաժարվել: Բայց հրաժարվելն արժե 500 դրամ, ասաց ինձ ժպտացող աշխատակիցը: Այսինքն` բանկի ծառայություններից չօգտվելու համար նույնպես պետք է վճարել: Հիշեցի մի անեկդոտ, երբ բժշկի ծառայությունից չօգտվելու համար նրան պետք էր վճարել, հակառակ դեպքում` այս բժշկի բուժումից հետո հիվանդները, որպես կանոն, տուն չէին վերադառնում: Այնուամենայնիվ, ՙԱրդշինինվեստից՚ պրծնելու համար ես պատրաստ էի վճարել ոչ միայն 500 դրամ, այլեւ` կրկնակի: Սակայն, ինչպես պարզվեց, այդ 500 դրամը վճարելու համար պետք էր անցնել դիմացի բաժին, եւս կանգնել կես ժամ հերթ, ավելին` ստանձնել բանկում հերթ պահպանողի տհաճ դերակատարումը, վճարելուց հետո վերցնել անդորրագիրը, կրկին անցնել դիմացի բաժին եւ էլի հերթ կանգնելով` հասնել նույն աշխատակցին, որպեսզի փոխանցվի նրան 500 դրամի անդորրագիրը: Սակայն դա դեռ վերջը չէր. աշխատակիցն ասաց, որ բանկում այս պահին կանխիկ գումար չկա եւ պետք է գալ եւս 5 օր հետո, որպեսզի քարտի վրայից ամբողջությամբ հանեն իմ աշխատավարձի մնացորդը:
ԵՎՍ 5 ՕՐ ԱՆՑ
5 օր անց 500 դրամի անդորրագիրը, անձնագիրս, համենայնդեպս, ինձ հետ վերցրած ԺԵԿ-ից տեղեկանքներով, զինգրքույկով եւ ձեռքիս տակ ընկած բոլոր փաստաթղթերով հանդերձ, ներկայացա ՙԱրդշինինվեստբանկ՚: Բանկում արդեն սովորական դարձած խառնաշփոթ էր: Շուրջ երկու տասնյակ մարդ կուտակվել էին հերթի մեջ: Հերթը, ինչպես ընդունված է ՙԱրդշինինվեստբանկում՚, քաոտիկ բնույթ ուներ, եւ ես մտքումս ցավակցելով հերթ կանգնողներին, պահողներին եւ անգամ անհերթ մտնողներին, վստահ լինելով, որ այս ամենը ինձ որեւէ կերպ այլեւս չի վերաբերում, մոտեցա առանձին նստած եւ պետի տեսք ստացած մի տղամարդու, որին այլ քաղաքացիներ հերթից չէին մոտենում: Այս նստած կերպարին ցույց տալով անդորրագիրս, անձնագիրս, հարց տվեցի, թե որտեղից կարող եմ ստանալ իմ աշխատավարձի մնացորդները եւ ընդմիշտ լքել ՙԱրդշինինվեստը՚: Սակայն կերպարը դանդաղ բարձրացնելով աչքերը եւ մի փոքր խոժոռելով դեմքը` ասաց, որ ես պետք է հերթ կանգնեմ, որպեսզի ստուգեն ինձ: Թե հատկապես կերպարն իմ ինչն էր ուզում ստուգել, չնշեց: Սակայն, երբ ես կորցնելով ՙԱրդշինինվեստից՚ իմ աշխատավարձը ստանալու վերջին հույսը, սկսեցի բղավել, թե ինչու իմ սեփական աշխատավարձը, որը ես ի պահ եմ տվել բանկին, չեմ կարող ստանալ արդեն 10-րդ օրն է, դրա համար 3 անգամ կանգնել եմ հերթ եւ պետք է կանգնեմ եւս 4-րդը եւ վճարել եմ 500 դրամ, պարզվեց, որ ՙԱրդշինինվեստում՚ փչացել է ինչ-որ մի հերթ պահող համակարգ, եւ կերպարը պարզապես էշ-էշ դուրս էր տալիս: Ինձ ուղեկցեցին դրամարկղ, եւ ես ստանալով իմ աշխատավարձի մնացորդները, վերջապես դուրս եկա բանկից եւ խորը շունչ քաշեցի` խոստանալով այլեւս երբեք ոչ մի պարագայում, ոչ մի հանգամանքի բերումով գործ չունենալ ՙԱրդշինինվեստբանկ՚ կոչվող խայտառակության հետ:
Ի դեպ, մեր Կենտրոնական բանկի նախագահ, իր համակարգից չափից շատ գոհ պարոն Ջավադյանին` իր համակարգի վերաբերյալ իրական պատկերը ստանալու համար, առաջարկում եմ բացել եւ ապա հրաժարվել ՙԱրդշինինվեստբանկի՚ քարտից: Վստահ եմ, որ պարոն Ջավադյանի ինքնագոհունակությունը եւ իր բանկային համակարգի համար հպարտության զգացումն անմիջապես կփոխարինվի այլ` ոչ այնքան դուրեկան զգացումներով: Իսկ մեր ընթերցողին մաղթում եմ` երբեք չընկնել ՙԱրդշինինվեստբանկի՚ ճիրանները:
ԱՐՄԵՆԱԿ ՕԳԱՆԵՍՈՎ

