ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆՈՒ» ԳԱՂՏՆԻՔԸ
Արխիվ 12-16ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆՈՒ» ԳԱՂՏՆԻՔԸ
Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ տեղի ունեցավ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» ներկայացման առաջնախաղը: Պիեսի բեմադրությունը հայ հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրությամբ:
«Սիրային քառանկյունում» սիրային խառնաշփոթի գլխավոր «մեղավորները»`մեկ տղամարդ եւ երեք կին` շարունակ պայքարում են ինչ- որ տեղ հանդիպած եւ ճակատագրական դարձած իրենց սիրո համար: Պիեսի գլխավոր հերոսը պատկառելի տարիքում որոշում է թողնել 40-ամյա կնոջը, 30-ամյա սիրուհուն եւ հանդիպել 18-ամյա նորաթուխ սիրուհու հետ, որից հետո սկսվում է սիրային քառանկյունու պայքարը: Երեք կին պայքարում են մեկ տղամարդու համար, բայց միայն վերջում են հասկանում, որ պայքարը անարդյունք է` սիրային քառանկյունիները կան եւ շարունակելու են լինել`մանավանդ, որ գլխավոր հերոսը բոլոր կանանցով ոգեշնչվում է եւ փնտրում նոր սերեր: Պայքարի վերջում երեք կանայք էլ հեռանում են`տղամարդուն թողնում միայնակ`նոր սիրուհիներ գտնելու եւ սիրային եռանկյունիներ ստեղծելու համար:
Ներկայացման գլխավոր հերոսը` ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, ով երկար տարիներ հանդես է գալիս Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում` Հայաստանի թատերական գործիչների միության կողմից պարգեւատրվեց ՀԹԳՄ-ի ոսկե մեդալով`բեմարվեստում մատուցած ծառայությունների եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

