«ԻՆՉՊԵՍ ԲԵՐԴԵՐԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԵՆ»
Արխիվ 12-16«ԻՆՉՊԵՍ ԲԵՐԴԵՐԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ
ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԵՆ»
Ինչպես արդեն հայտնի է, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է` ուշադիր չեն եղել ծառայության ընթացքում, որի հետևանքով նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն շենքից դուրս է եկել բակ և դիմել փախուստի:
«Իրավունքի» հետ զրույցում Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արմեն Անանյանից պարզեց` արդյոք կալանավորն ունեցել է հոգեկան խնդիրներ: Վերջինս նախ ասաց, որ այդ մարդն այլևս իրենց հիվանդը չէ: Երկրորդ` նրան կլինիկա էին բերել հետազոտելու նպատակով: «Ո՞վ է ասում, որ նա հոգեկան հիվանդ է»,- վրդովված ասաց Անանյանը`հավելելով, որ նման հարցերի ինքը հեռախոսով չի պատասխանում:
Հարցին`հաճախ են նման դեպքեր լինում, թե՛ Անանյանը, թե՛ հոգեբուժական կլինիկայի տղամարդկանց 5-րդ բաժանմունքի վարիչ Վազգեն Առաքելյանը բացասական պատասխանեցին` սա եզակի դեպք է: «Գիտեք, ինչպես բերդերից են փախուստներ լինում, այնպես էլ կարող են հոգեբուժական կլինիկաներից լինել»,- ասաց Վազգեն Առաքելյանը:
Արդյոք միայն ազատության մեջ գտնվելու ցանկությունն է կալանավորին դրդել նման քայլի, թե այլ պատճառներ են եղել, հոգեբուժական կլինիկայից հստակ պատասխան չտվեցին`ասելով, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Մի հանգամանք միայն նշեցին` հոբեբուժական կլինիկայում որևէ մեկին իր կամքին հակառակ չեն պահում:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Նուբարաշենի հոգեբուժարանից հիվանդ է փախչում: Նախորդ տարի օրինակ, գրեթե նույն ժամանակահատվախում հիվանդ էր փախել, պարզապես ի տարբերություն փախուստի մեջ գտնվող այս կալանավորի, հետ էր վերադարձել կլինիկա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ Ղուկաս Ա.-ը հենց նույն օրը` փախուստից երկու ժամ անց հայտնաբերել են: Իսկ թե որտեղ է կալանավորն այս պահին և ինչու է փախուստ կատարել, պարզ կդառնա քննությունից հետո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

