«ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ» ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ «ՍԵՐԸ»
Արխիվ 12-16«ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ» ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ «ՍԵՐԸ»
Երեկ Հայաստանի ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները » նախագծի նախապես որոշված հերթացանկը լրացրեց «Կամելիազարդ» ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՅԱՆԸ («The club»՝ Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը»)՝ հուլիսի 8-ի համար տեղը զիջելով ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ «Սիրուն» («Բյուրոկրատ»՝ Կամիլ Լըմոնյե «Տղամարդու սերը»):
Ներկաները Նազենիի հետ քննարկեցին վեպի հիմնական գաղափարը՝ զուգահեռ դիտարկումներով անդրադառնալով նաև այսօրվա կին-տղամարդ փոխհարաբերություններին:
«Քննարկման համար ընտրեցի հենց «Կամելիազարդ տիկինը» ինչ-որ կարծրատիպ կոտրելու համար. թեև հերոսուհին՝ Մարգարիտ Գոթիեն, իր մարմինն էր վաճառում, բայց և ամենաընկած պահին վեհ գտնվեց իրենից վեր կանգնած շատ շատերից… Վեպն առաջին անգամ կարդացել եմ 4-րդ դասարանում ու շատ հուզվել, ինչն էլ հեղինակի հիմնական նպատակն է՝ մի սովորական պոռնիկի պատմությամբ փոթորկել ընթերցողին»,-ասում է դերասանուհի-հաղորդավարուհին:
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ «ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆԸ» ՎԵՊԻՑ.
- Տղամարդիկ, փոխանակ գոհ լինելու, որ երկար ժամանակ իրենց է շնորհվում այն, ինչ իրենք հազիվ մի անգամ ձեռք բերելու հույսն են ունեցել, իրենց սիրուհուց հաշիվ են պահանջում ներկայի, անցյալի և մինչև իսկ ապագայի համար: Որքան վարժվում են նրան, այնքան ուզում են իշխել, և առավել պահանջկոտ են լինում, որքան ավելի գոհացում են գտնում, և նույնիսկ պահանջում են, որ երեք հատկություն ունենա իրենց սիրուհին՝լինի վստահ, հլու և գաղտնապահ…
- Երկինքն ավելի է ուրախանում մի մեղավորի զղջումից, քան հարյուր արդարներից, որոնք երբեք մեղք չեն գործել:
- Ես այնքան էի հրապուրված նրա սիրով, որ փողոցում դեմս ելնող բոլոր մարդկանց սիրում էի՝ առանց նույնիսկ նրանց ճանաչելու:
- Մարդու կյանքում մի րոպեում այնպիսի դեպքեր կարող են տեղի ունենալ, որոնք մեկ տարի տևող սիրաբանությունից ավելի արդյունք ես ստանում:

- Հարձակումների չվարժված մի սիրտ գրավելը, պահակազորք չունեցող քաղաք մտնելուն պես բան է:
- Եթե երբևէ լրջորեն սիրահարված եք եղել, ապա պետք է զգացած լինեք, թե որքան անհրաժեշտ է աշխարհից մեկուսացնել այն կնոջը, որի հետ ուզում եք անցկացնել ձեր ամբողջ կյանքը: Թվում է, թե ձեր սիրած կինը, որքան էլ անտարբեր լինի իր շուրջը գտնվողների նկատմամբ, իր բույրից ու իր ամբողջությունից մի բան կորցնում է մարդկանց և իրերի հետ շփվելով:
- Մանուկը փոքրիկ է, բայց նա իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կետ, բայց նա տարածություններ է ընդգրկում…
- Քեզ շատ կներվի, որովհետև դու շատ սիրեցիր…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

