«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐՆ, ՈՐՈՆՔ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ».ԳԵՂԱՆԿԱՐԻ
Արխիվ 12-16«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐՆ, ՈՐՈՆՔ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ».ԳԵՂԱՆԿԱՐԻՉ
Հազարից ավել նկարների հեղինակ, գեղանկարիչ ԱՇՈՏ ՀԱԽՈՅԱՆՆ այն արվեստագետներից է, ում համար սեփական ծննդավայրը վեր է ամեն ինչից`անկախ այն հանգամանքից, թե որքան շատ են այնտեղ խնդիրները: Ա. Հախոյանը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, մայրաքաղաքում կրթություն ստանալուց հետո կրկին վերադարձել է Լոռի, որի բնությամբ միշտ ոգեշնչվել է: Որպես արվեստագետ բազմիցս է ունեցել հնարավորություններ` արտասահամնում կամ Երեւանում ապրելու եւ ստեղծագործելու համար, սակայն այդ մասին մտածել անգամ չի ցանկացել. «Ծնվել եւ մեծացել եմ Վանաձորում, ինձ սնել է այստեղի բնությունը, որին թողնել չեմ ցանկանում: Այստեղ շատ եմ սիրում, այլ տեղ ապրել չեմ կարող»,- «Իրավունքի» հետ զրույցում մաքուր լոռեցու անկեղծությամբ ասում է գեղանկարիչը:
Նրա համար միակ առանձնանալու վայրը իր արվեստանոցն է, որտեղ ոչ միայն ստեղծագործում է, այլեւ խորհում երկրում կատարվող անցուդարձի, կորուստների ու ձեռբերումների շուրջ` մոռանալով կենցաղային խնդիրները: Իսկ երբ այնտեղից դուրս է գալիս, բախվում է իրականության հետ` կրկին նույն ապրումները, նույն մտահոգությունները… Ցավում է, որ Հայաստանից արտագաղթողները շատ են`մի կողմից ցավ է ապրում, մյուս կողմից էլ արտագաղողներին չի կարող մեղադրել`մարդիկ ի վերջո պետք է ապրեն: Եթե նկարիչը կարող է իր նկարն վաճառելով ապրել, ապա հասարակ քաղաքացին չունի աշխատանք: Ճիշտ է, այսօր արվեստագետի նկատմամբ չկա պատշաճ ուշադրություն, սակայն Աշոտ Հախոյանը դրանից չի նեղվում. «Հայ ազգը տաղանդավոր մարդիկ շատ ունի, նրանք այնքան շատ են, որ պետությունը չգիտի ում ուշադրություն դարձնի: Կարծում եմ, եթե Հայաստանում արվեստագետները քիչ լինեին ուշադրության պակաս չէր լինի: Սակայն ուրախ եմ, որ այսքան շատ արվեստագետներ կան իմ երկրում»,-նշում է Ա.Հախոյանը: Դժգոհելու ու բողոքելու փոխարեն նա ստեղծում է դիմնկարներ, որոնք վաճառելով էլ հոգում ապրուստը: «Եթե մարդը լավ պայմաններում է ապրում նա չի կարող ստեղծագործել, եթե նա ամեն ինչ ունենա, երեւի ոչ էլ մտածի ստեղծագործելու համար: Այն ինչ արվեստագետը չի կարող ասել բառերով արտահայտում է իր արվեսի միջոցով` դերասանը` իր խաղի, նկարիչը` նկարի, երգահանը` երգերի եւ այլն: Սա էլ մտավորականի պայքարի յուրահատուկ ձեւն է»:
Այսօր Ա.Հախոյանի նկարները ստացել են պայծառ գույները, իսկ նախկինում`մասնավորապես երկրաշարժի տարիներին` այդ նկարները մռայլ գույներով էին պատկերված, քանի որ այն ինչ տեղի ունեցավ 1998 թվականին Սպիտակում` մեծագույն ողբերգույթյուն էր: Ա. Հախոյանի խոսքով`արվեստն ու քաղաքականությունը համատեղել անհնար է, սակայն լինում են դեպքեր, երբ ուզած թե չուզած հայտնվում ես քաղաքական դաշտում, որպեսզի բարձրաձայնես ժողովրդին հուզող որեւէ հարց, փնտրես դրա լուծման ուղիները եւ այլն: Ասում է, որ այսօր էլ Աժ-ում եւ պաշտոնական այլ ատյաններում շատ արվեստագետներ կան, նրանք էլ ժողովրդի ձայնը համապատասխան մարդկանց հասցնելու համար են:
Գեղանկարիչը չի կիսում մարդկանց այն կարծիքը, թե այժմ երիտասարդներին չի հետաքրքրում արվեստը. «Տաղանդավոր շատ երիտասարդներ ունենք, ես նրանց շատ եմ սիրում , նրանցով ոգեւորվում: Նույնիսկ երբ 3 տարեկան երեխան է երգում ու այն էլ գեղեցիկ ձայնով ես շատ եմ ուրախանում, ու մտածում, որ արժե ապրել »,-մեկնաբանում է պրն. Հախոյանը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ գեղանկարիչը հորդորում է համախմբվել եւ լինել միասնական, որից հետո շատ ձեռբերումներ կլինեն: «Չպետք է քաղաքական գործիչը առանձին լինի, արվեստագետը առանձին, հասարակ քաղաքացին առանձին, այլ բոլորը պետք է իրար կողքի լինեն, հարգեն ու սիրեն միմյանց, որպեսզի համախմբվածությամբ կարողանանք ցույց տանք, թե ով ենք մենք: Այսօր շատ պետություններ ընդունել են ցեղասպանությունն, որը չեն ընդունել այն երկրներերը, որոնք կախում ունեն Թուրքիայից: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, այդ պատճառով էլ այստեղ եմ ապրում»,-
եզրափակեց Աշոտ Հախոյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

