ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ԷՋԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ԷՋԸ
Այս տարվա Եվրատեսիլ մրցույթի հաղթող տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրսթը քննարկումների մեծ առիթ դարձավ թե Հայաստանում, թե որոշ երկրներում: Որքան էլ զարմանալի թվա, սակայն Կոնչիտային համակրողներ և պաշտպանողներ եղան նաև Հայաստանում: Կրքերը նրա շուրջ բորբոքեց Հայաստանի ժյուրիի անդամ երգչուհի Անուշ Արշակյանը, երբ հայտարարեց, որ նողկանք է զգում Կոնչիտա Վյուրսթի նկատմամբ, այդ պատճառով էլ հայաստանյան ժյուրին նրան զրո միավոր տվեց:
«Ազատություն» ռադիոկայանը այս տարի մայիսի 16-ին կազմակերպել էր ֆեյսբուքյա ասուլիս Ինգա և Անուշ Արշակյանների հետ, սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, ասուլիսի ֆեյսբուքյան էջը հեռացված է: «Գուգլ» որոնողական կայքը պահպանել է նրա միայն չնչին մասը:
Ինչպես հայտնի է, ֆեյսբուքյան այդ էջում «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտա Վյուրսթի երկրպագուները զետեղել էին բազում ծաղրական, վիրավորական, ատելություն տարածող հարցեր այն բանի համար, որ ժուրիի անդամ Անուշ Արշակյանը չէր թաքցրել իր բացասական վերաբերմունքը վերջինիս նկատմամբ:
«Իրավունքի» թղթակիցը այս առնչությամբ երկու հարց ուղղեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ: Առաջին` արդյոք էջը հեռացվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության կողմից այն պատճառով, որ էջի պարունակությունն ատելություն էր տարածում Ինգա և Անուշ Արշակյանների նկատմամբ, թե՞ կար այլ դրդապատճառ: Երկրորդ`էջը հեռացնելու հետ որևէ առնչություն ունի՞ ռադիոկայանի թղթակից Իրինա Հովհաննիսյանը:
Հրայր Թամրազյանի պարզաբանմամբ Իրինա Հովհաննիսյանը ոչ մի առնչություն չի կարող ունենալ էջի հեռացման հետ: «Էջը փակվել է, քանի որ վիրավորական արտահայտություններ էին տեղադրվում այնտեղ: Մեր օնլայն կանոնները թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ ու մեկնաբանություններ»,- ասաց պրն Թամրազյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենի պարզաբանմամբ առաջին անգամ չէ, որ ֆեյսբուքյան ասուլիսի էջ է փակվում. «Եղել են նաև այլ դեպքեր, երբ վիրավորական մեկնաբանությունները շարունակվել են, և մենք ստիպված ենք եղել էջը փակել, քանի որ այն ստեղծվել է միայն հարցեր տալու համար»:
Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին` արդյոք վիրավորական արտահայտություններ հնչել են Ինգա և Անուշ Արշակյանների նկատմամբ, Հրայր Թամրազյանը հստակ պատասխան չտվեց. «Նշանակություն չունի, որևէ վիրավորական արտահայտություն պետք է հանվի: Դա մեր օնլայն կանոնն է: Մենք հանում ենք բոլոր վիրավորական մեկնաբանությունները անկախ նրանից` ում են հասցեագրված»:
Դե ինչ ասես, «ստանդարտ» ամերիկյան տեխնոլոգիա է`կազմակերպել, հետո «սպիտակ ձեռնոցներով» կեցվածք ընդունել...
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

