«ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է…»
Արխիվ 12-16«ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է…»
Որևէ պատմական վայրում, Հայաստանի ինչ-որ տեսարժան հատվածում լինելով՝ հաճախ ենք մեզ հետ իբրև հիշատակ տեղանքը պատկերող հուշանվեր բերում՝ թե՛ սառնարանը զարդարող նկարի, թե՛ փոքրիկ նկար-խորհրդանշանի տեսքով: Գաղափարի ու գործի նախաձեռնման հիմքում մանրանկարիչ և լուսանկարիչ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է, ում աշխատանքները ներկայացված են նաև Ցեղասպանության, Հ. Թումանյանի անվան թանգարաններում, Մատենադարանում ու բազմաթիվ այլ հուշանվերների խանութներում: Հովհաննիսյանը նկարում է առավելապես ազգային, աստվածաշնչյան, պատմական թեմաներով:
«Մանրանկարչությունն ինձ համար մշակույթը վերակենդանացնելու միջոց է: Ձեռքիս տակ ունենալով 1915 թվականի ցեղասպանության օրիգինալ նկարներ, հայոց այբուբենի տառազարդումների հարյուրավոր օրինակներ՝ ստեղծել եմ աշխատանքներ, որոնք մնայուն կպահեն հայի անցած ուղին: Ունեմ նաև մի քարտեզ, որը պատկերում է, թե Հայաստանի ամբողջ տարածքում այբուբենի ստեղծումից հետո Մաշտոցը որտեղ է դպրոցներ հիմնել: Աշխատանքներից ստացված գումարը ապրուստի միջոց համարել չեմ կարող, բայց դրանցով անչափ գոհանում և հաճույք եմ ստանում»,- ասում է պարոն Աշոտը:
Բազմաթիվ օրացույցներ, տոհմածառեր են կազմվել ու ձևավորվել Վանաձորում բնակվող այս մարդու ձեռքով, 1976 թվականին կազմել է առաջին պտտվող օրացույցը՝ 1976-2000 թվականների համար: Պտտվող օրացույցները կազմել է նաև ցեղասպանության թեմայով՝ ընդգրկելով մինչև 2015 թվականը: 2001թվականին ստեղծել է աշխատանքերի մի ամբողջ շարք՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700 ամյակին, այս աշխատանքները ներառում են հայոց գրերի ստեղծման պատմությունը, աղոթքներ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Աշոտ Հովհաննիսյանը մասնակցել է մի շարք խմբային ցուցահանդեսների, նրա աշխատանքները սփռված են Հայաստանում, ԼՂՀ-ում և բազմաթիվ այլ երկրներում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

