ԴԻՄՈՐԴ ՏՂԱՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԵՆ
Արխիվ 12-16ԴԻՄՈՐԴ ՏՂԱՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԵՆ
Եվս մի քանի օր` եւ այլեւս չենք խոսելու ընդունելության քննությունների մասին: Չենք բողոքելու չարաբաստիկ թեստերից, ինչպես նաեւ այդ թեստերը կազմողներից ու նրանց մեջ առկա սխալներից, բանավոր քննությունների առարկայական հանձնաժողովի անդամների` դրական կամ բացասական վերաբերմունքից:
Հուլիսի 3-ին «Իրավունքը» ներկա է գտնվել Հաղորդակցման մշակույթ (բանավոր) առարկայի քննությանը, խոսել առարկայական հանձնաժողովի նախագահի հետ, պարզել` ինչպիսին են ապագա գրչակիցները:
Առարկայական հանձնաժողովի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գոհ է դիմորդների պատրաստվածությունից: Ասում է, որ լուրջ են, ձգտող երեխաներ են.
«Ընդամենը մեկ անբավարար գնահատական ենք ունեցել` քննական երկու օրերի ընթացքում: Դիմորդները լավ պատրաստված են ներկայանում քննությանը: Դա բացատրվում է նաեւ նրանով, որ մենք ամբողջ տարվա ընթացքում (նկատի ունեմ ԵՊՀ-ն) աշխատանքներ ենք տանում ավագ դպրոցներում. հանդիպումներ աշակերտների հետ, խորհրդատվություններ, հանձնարարություններ են տրվում լրագրության ոլորտով հետաքրքրվողներին, ծանոթացնում ընդունելության քննությունների չափորոշիչների հետ»,- ասում է Դ. Պետրոսյանն ու ներկայացնում այս քննության հիմնական հարցաշարը: Ըստ զրուցակցի` դիմորդին հարցնում են մամուլից, հեռուստատեսությունից, ռադիոյից եւ համացանցից. ինչ հաղորդաշարեր գիտի, ովքեր են վարում, հեղինակները, ինչ թերթեր կան, ովքեր են խմբագիրները, լրագրողները, համացանցում ինչ լրատվական կայքեր կան եւ այլն: Բացի այդ, ստուգում են դիմորդի ստեղծագործական միտքն ու մոտեցումը. օրինակ` եթե թերթում ձեզ էջ տային, ինչի՞ մասին կգրեիք, նույնը հեռուստատեսության առումով` եթե հաղորդաշար տային, ինչի՞ մասին կլիներ եւ այլն:
Դ. Պետրոսյանը նաեւ նշեց, որ Հաղորդակցման մշակույթի քննության միջին միավորը տատանվում է 13-17 միջեւ:
Հարցին, թե նախորդ տարիների պես, այս տարի էլ տղա դիմորդների պակաս կա՞ լրագրության ֆակուլտետում, Դ. Պետրոսյանն ասաց. «Այս տարի տղաների թիվը չի աճել` մի բան էլ պակասել է. 75 դիմորդից միայն 15-ն են արական սեռի: Կարծում եմ` մասնագիտության խնդիրն է, տղաները ավելի շատ ձգտում են ընտրել այնպիսի մասնագիտություն, որ իրենց համար ապրուստ ապահովելու միջոց լինի: Օրինակ` տնտեսագետ, իրավաբան եւ այլն»:
Դ. Պետրոսյանը նկատեց, որ ի տարբերություն անցյալ տարիների, լրագրության ֆակուլտետի ուսանողներն ուսմանը զուգահեռ աշխատում են կայքերում, իհարկե, ոչ այնքան բարձր վարձատրությամբ: Սակայն, նման հնարավորություններ, Դ. Պետրոսյանի խոսքով` անցյալ տարիներին չի եղել:
Առարկայական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ երկու քննական օրերի ընթացքում որեւէ բողոք դիմորդի կողմից չի գրանցվել: «Հանձնաժողովը լավ է տրամադրված: Դիմորդները գոհ են գնահատականներից, քանի որ մենք աշխատում ենք հօգուտ դիմորդի»:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

