ՙՋԱՎԱԽՔՈՒՄ` ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԽՈՒՃԱՊ ՉԿԱ՚
Արխիվ 12-16ՙՋԱՎԱԽՔՈՒՄ` ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ԽՈՒՃԱՊ ՉԿԱ՚
Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին եւ մասնավորապես` հունիսի 27-ին Վրաստանի կողմից եվրաասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո ՌԴ մեկնած ջավախքցիների համար խնդիրների առաջացման հետ կապված, նշեց. -Ջավախքում` ասոցացման պայմանագրի հետ կապված` որեւէ խուճապային տրամադրություն չի տիրում: Ասեմ ավելին` ՀՀ եւ Վրաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի ունեցավ վերջերս Թբիլիսիում, այդ առումով հուսադրող նախադրյալներ է ստեղծվել: Եթե մի երկիր Եվրամիությանն անդամակցի, իսկ մյուսը` Եվրասիական միությանը, ապա այս պարագայում կարելի է ակնկալել տնտեսական ձեռքբերումների հեռանկար, որովհետեւ, ինչպես երկու նախագահները նշեցին, որ ՀՀ-ն կարող է Վրաստանի համար դառնալ այն բարենպաստ ներդրումների վայրը, որտեղ վրացական կապիտալ ներդնելով` կարող է արտադրություն կազմակերպել եւ այն ներհանել Եվրասիական միության երկրներ: Օրինակ բերվեց վրացական գինին, ՙԲորժոմի՚ հանքային ջուրը եւ այլն, որոնց համար եվրասիական շուկան ավելի հարմար է, քանի որ ավելի մեծ պահանջ կա, քան եվրոպական շուկայում, որտեղ մրցակցությունն ավելի մեծ է ու բարձր: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, կարծում եմ, որ այն ավելի բարձր հիմքերի վրա է դրվելու:
ՙՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է՚
-Դուք գտնում եք, որ այն չի ազդի արտագաղթի քանակի վրա` դեպի Եվրոպա, այդ համաձայնագրի ստորագրումից հետո:
- Մտահոգությունը կիսում եմ, բայց չեմ կարծում, որ այդպես կլինի, որ այդ պարագայում Հայաստանի արտագաղթը այդ ճանապարհով ավելի մեծ թափ կստանա: ՀՀ-ում արտադրվող ապրանքները եւ նաեւ այն հեռանկարը, որ Եվրասիական միությանն անդամագրվելը կարող է գնալով զարգանալ, ավելի հեռանկարային է: Այսինքն, եթե մեր արտադրողներին հետաքրքրի եվրոպական շուկան, այն կարտահոսի Վրաստան, որտեղից էլ կգնա եվրոպական շուկա: Բայց այսօր թե° Հայաստանում, թե° Վրաստանում արտադրատեսակները ավելի մեծ պահանջ ունեն եվրասիական շուկայում, քան` եվրոպականում: Այսինքն` վրացական կապիտալի ներդրումը Հայաստան` ավելի իրատեսական եմ համարում, քան` հակառակը:
- Չեք կարծում, որ Եվրամիությունն ու Եվրասիական միությունը, եթե գնան հակամարտության ճանապարհով, հայ-վրացական հարաբերությունները կտուժեն:
- Կարծում եմ` ոչ: Հղում անելով ՀՀ նախագահի խոսքերը` պետք է ասեմ, որ մենք ՙկամ-կամ՚-ի ճանապարհով չենք գնում, այլ ՙեւ-եւ՚-ի: Եթե մենք այսօր անդամագրվում ենք Եվրասիական միությանը, մեր կամուրջները չենք այրում Եվրոպայի հետ, եւ ինչ դրական է ու նախընտրելի, անպայման գնալու ենք դրան, եւ Եվրոպայի հետ մեր հարաբերություններն ու կառուցողական հարաբերությունները կունենան նոր ձեռքբերումներ:
- Օրերս քառյակը մամուլի ասուլիսով հանդես եկավ, որը նվիրված էր էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը բլեֆ է համարում: Ի±նչ հիմքեր կան այդպես մտածելու:
- Այդպես կարծելու հիմք չկա, բնականաբար, եւ այդ 105 հազար ընտանիքները, որոնց նպաստները պետք է ավելանան` կապված հոսանքի թանկացման հետ, միանշանակ` նոր կառավարության բարի կամքի հերթական դրսեւորումներից մեկն է լինելու: Ինչպես գիտեք, նոր կառավարությունը քաղաքական թարմություն բերեց եւ բազում խնդիրների լուծմանը ձեռնամուխ է լինում, որոնցից մեկն էլ դա է: Չեմ կարծում, որ որեւէ հայ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյա, ուրախ է էլեկտրաէներգիայի թանկացմամբ, բայց այստեղ կան տնտեսագիտական խորը հաշվարկներ, որ այս փոքրիկ թանկացումը մեզ զերծ է պահելու հետագա բարդություններից: Ավելի լավ է ունենանք թեթեւ թանկացում, քան թե ձմռանն ունենանք հովհարային անջատումներ, տհաճ անակնկալներ: Հիմա քննարկվում է նաեւ քամու եւ արեւային ճանապարհով ստացվող հոսանքի հարցը, որը կնպաստի հետագայում էլեկտրաէներգիայի գնի իջեցմանը:
ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՍԱՆՔ ՉԻ ՆԵՐԿՐՈՒՄ՚
-Հայաստանը իր ամենածանր շրջանում եղել է էլեկտրաէներգիա արտահանող երկիր, սա այն ապրանքն է, որ տարիներ շարունակ արտահանվել է: Ձեր կարծիքով` ի±նչ տեղի ունեցավ հանկարծ, որ հիմա սկսել ենք ներմուծել:
- Օրերս հնչել է մի կարծիք, որ Հայաստանը Վրաստանից հոսանք է ներկրում: Պետք է ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Իսկ ոլորտի մասնագետները ավելի հիմնավոր ներկայացրել են, թե ինչն է պատճառը, որ հիմա ունենք այն, ինչ ունենք: Պետք է հաշվի առնենք, որ մենք` էներգետիկ ռեսուրսներով, ոչ հարուստ պետություն ենք, 25 տարի գտնվում ենք շրջափակման մեջ, եւ այսօրվա քայլը` գնալ թանկացման, հիմնազուրկ չէ:
- Քառյակին միացել է նաեւ ՕԵԿ-ը, դա ձեզ չի± մտահոգում, նրանք ասում են, որ հանրահավաքներ են անցկացնելու:
- Ոչ մի հանրահավաք լավ բանի չի բերում, իսկ եթե դրա համար հանրահավաք են անում, դա արդեն ոչ թե տնտեսական, այլ հարցի քաղաքական լուծում է:
- Նույն քառյակը պնդում է, որ իշխանությունների այս գործարքը ուներ քաղաքական բնույթ:
- Կասեմ հակիրճ` համաձայն չեմ: Հանձնաժողովի փաստարկները համոզիչ էին, եւ անհամաձայնությունն ունի քաղաքական բովանդակություն: Ոչ մի հայ չի ուրախանում հոսանքի թանկացումից, այդ թվում` նաեւ ես, էներգետիկայի նախարարը եւ այլն, բայց սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստենք:
- Ձեր կանխատեսմամբ` ինչպիսին կլինի աշունը քաղաքական տեսանկյունից, հատկապես` քառյակի 12 կետերի հետ կապված:
- Նրանք ունեն իրենց ծրագրերը, գործելաոճը, մինչդեռ կառավարությունն իր հնարավորությունների տիրույթում անում է ամեն ինչ` թեթեւացնելու վիճակը: Իհարկե, քառյակի դրույթներում կան կետեր, որոնք ցանկալի է իրականացնել, ունենալ ավելի լավ ապագա, բայց դրան հասնելու համար պետք են միջոցներ:
Ասուլիսի վերջում մեկ անգամ եւս շնորհավորեցինք ԱԺ ջավախքցի պատգամավորին, ով շախմատի բլից-խաղի ժամանակ հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, տարած հաղթանակի կապակցությամբ: Նա, ի դեպ, նշեց, որ այս պարագայում կար Աստծո նախախնամությունը. ՙԵղավ այն, ինչ եղավ. իմ հերթական քայլը բերեց հաղթանակի, որը մի տեսակ գլխապտույտ առաջացրեց: Դա երջանիկ պատահականություն էր: Մենք փայլում ենք շախմատային առաջնություններում, եւ հաշվի նստելով իրողության հետ, պետք է բարձր գնահատենք ՀՀ նախագահի ներդրումը, ով նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

