ՙՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ ՄԵՐ ԴԵՄ՚
Արխիվ 12-16ՙՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ ՄԵՐ ԴԵՄ՚
Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցել են 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը, որը կազմված է եղել 44 էջից: Հիշեցնենք` այս գործով ամբաստանյալը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է` ՎԱՀԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Դատախազները մանրամասն ներկայացրել են գործին վերաբերող փաստերն ու ապացույցները: Մասնավորապես նշելով. ՙՎահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ նրան դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման: Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար եվ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 12 տարի ժամկետով: Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ նրա նկատմամբ` որպես պատիժ նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով, ՀՀ ՔՕ 66 հոդվածի կարգով պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով: Ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՚:
Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ արդարացի չի համարում եղբորոդուն 22 տարվա ազատազրկման ենթարկելու դատախազի պահանջը. ՙՀավանաբար, այն չբացահայտված սպանությունները եւս դրվել են Վահեի վրա, դրա համար էլ 22 տարի են տվել: Ասում ենª մի դատեք, որ չդատվեք, բայց վերեւն Աստված կա` 23 տարեկան երեխայի կյանքը, ով փորձում է կործանել, թող Աստծուց գտնի իր պատիժը: Ամբողջ Գյումրի քաղաքը ապշած է դատախազի ճառից, իսկ ով Վահեի պատժից ուրախանում է, թող իր էրեխեքի դեմը բերի Աստված:
Հավանաբար, էս ամեն ինչը անում են` ինձ ցավեցնելու համար, սա ոչ այլ ինչ է, քան երկրորդ մահափորձն է մեր դեմ. ինչ տարբերություն` սա էլ հոգեկանի վրա է մահափորձ: Չեմ հասկանում` ի±նչ են ուզում էս այլասերվածները մեզանից: Ճիշտ է, ես հավատացող մարդ եմ, բայց նմանատիպ ՙթուրք՚ հայերի արարքները տեսնելով` չես կարողանմում զսպել քեզ՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

