Կիսում եք արդյոք ՙԺառանգություն՚ խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի այն կարծիքը, որ ԲՀԿ-ն հիմնել է ՀՀ երկրորդ նախագահը, օրերս ԱԺ-ում քառյակի ոգեւորված ասուլիսից հետո մեր այս հարցին ԲՀԿ-ական պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ հոսանքի գնից զայրացած` ասաց. ՙԴուք կարծում եք, որ ես պետք է խորհրդարանում գտնվող 131 պատգամավորների ասածներին գնահատական տամ: Կարծում եմ, որ չարժե որեւէ բան ասել այս առումով, դրա մասին շատ է ասվել՚: Իսկ ընդունում եք այդքան շատ ասված կարծիքը` հարցին պատգամավորը արձագանքեց կտրուկ. ՙՈչ, իհարկե չեմ ընդունում, դրա համար էլ չեմ ուզում գնահատական տալ՚:
Ինչպե±ս եք պատրաստվում համագործակցել մի խմբակցության հետ, հանձին ՙժառանգության՚, որտեղ Զարուհի Փոստանջյանը կասկածի տակ է դնում քառյակի գործունեությունը. ՙԱյսինքն` դուք նույնացնում եք Զարուհի Փոստանջյանին ՙԺառանգության՚ հե±տ: Հենց իրենց կուսակցությունից կհայտնեն պաշտոնական տեսակետ, այդ ժամանակ մենք կպատասխանենք այդ տեսակետին, եղա±վ՚: Իհարկե` չեղավ, պարոն Մելքումյան, Դուք հավանաբար չեք նկատել կամ չնկատելու եք տվել, որ ոչ միայն ԱԺ-ում, այլ անգամ դրանից դուրս ՙԺառանգություն՚ կուսակցության հարցերը լուծում է բացառապես կամ առավելապես Զարուհի Փոստանջյանը: Այնպես որ, ստիպված եք լինելու մոտ ապագայում, իսկ ավելի կոնկրետ` աշնանը, ճտերը հաշվել տիկին Փոստանջյանի, այլ ոչ թե իշխանությունների հետ: Դե, իսկ ՙժամանակավորապես՚ խմբակցության ղեկավարի պաշտոնում իրեն լավ զգացող ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ այս հարցին հետեւյալ կերպ արձագանքեց. ՙԿարող է յուրաքանչյուր մեկը մի մեկնաբանություն տալ: Բայց մի բան հստակ է, որ ՙԺառանգությունը՚ շարունակելու է լինել քառյակում, իսկ նա հիմնադիր անդամներից մեկն է: Պարզապես կան պահեր, որ ցանկությունները երեւի ավելի շատ են, որպեսզի արագ տեմպերով փոփոխություններ լինեն, ձեւաչափը ընդլայնվի: Որեւէ մեկի խոսքը չի կարող խաթարել քառյակի գործունեությանը, որովհետեւ վարչության հավաքական մոտեցումը այն է, որ մենք շարունակելու ենք մեր հետագա գործունեությունը քառյակի հետ՚: