ԲՀԿ-Ն ՈՒՐԱՆՈՒՄ Է ԻՐ «ԿՆՔԱՀՈ՞ՐԸ«. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՈՒՐԱՆՈՒՄ Է ԻՐ «ԿՆՔԱՀՈ՞ՐԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը վերջերս հայտարարել էին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը էլեկտրաէներգիան չորս դրամով թանկացնելու մասին քաղաքական որոշում է: ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, «Քառյակի» այս անհամաձայնությունը քաղաքական բովանդակություն ունի: Այսօր «Իրավունքի» թղթակիցը այդ խնդրի առնչությամբ մի քանի հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին:
-Պրն Մելքումյան, ինչպես եք արձագանքում իշխանության այն հայտարարությանը, թե հոսանքի թանկացման հետ չհամաձայնելը քաղաքական բովանդակություն ունի և կարծես թե միջոց է «Քառյակի» համար աշնանը կայանալիք հանրահավաքներին հարցի միջոցով ժողովրդի մոտ դիվիդենտներ շահելու համար:
-Ոչ, նման բան չկա, քառյակի 12 կետանոց պահանջները կա, ես էլ արդեն 6 առաջարկ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մենք կսպասենք դեպքերի ընթացքին, տեսնենք`ինչպես են արձագանքում և ըստ այդմ`կկողմնորոշվենք` ինչ ենք անելու:
-Քառյակի վերջին հարցազրույցի ժամանակ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու հոսանքի թանկացման դեմ հարցին ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր` դեռ ոչ մի բան չենք որոշել: Ինչով է պայմանավորված «Քառյակի» այս հապաղումը, չե՞ք կարծում` պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել:
-Դե քառյակն իր օրակարգով շարժվում է: Դուք ուզում եք արագացնե՞ք կամ դանդաղեցնե՞ք:
- Քանի որ «Քառյակի» մասին խոսեցինք, հետաքրքիր է` ինչու ի վերջո քառյակի մաս կազմող ԲՀԿ-ն չի կարողանում ազատվել նախկին նախագահի ստվերից: Այդ մասին, ի դեպ, պարբերաբար խոսում է նաև «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Դա ֆանտաստիկայի ժանրից է:Ես չեմ մեկնաբանում նրա (նկատի ունի Զարուհի Փոստանջյանին-խմբ.) հայտարարությունը:
Հ.Գ. Ինչքան էլ ԲՀԿ-ականները կտրականապես մերժեն իրենց և կուսակցության «կնքահայր» Ռ. Քոչարյանի կապը, միևնույն է թե կուսակցության ստեղծման ժամանակագրությունը և դրանից բխող հասարակության ու քաղաքական դաշտի ընկալումը մեկն է`այլընտրանքային ուժը Քոչարյանի արբանյակն է: Ի դեպ, շատերը չեն մոռացել Քոչարյանի ղեկավարման տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում պաշտոն զբաղեցրած փոխնախարար Միքայել Մելքումյանի գործունեությունն ու երկու տարի առաջ էլ այն սկանդալային պատմությունը, երբ պարզ դարձավ, որ պատգամավորը զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Իսկ արդեն երկու տարի է «հայրենի» կոալիցիայի շարքերը լքելուց հետո ԲՀԿ-ն հրեշտակային թեւերով ժողովրդի շահերի պաշտպան է ներկայանում ու քննադատում է իշխանություններին:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

