ՀԱՄԵՂ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՎԱ ՓԱՄԲԱԿՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՄԵՂ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՎԱ ՓԱՄԲԱԿՈՒՄ
Օրերս Լոռվա Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Լոռվա Օրրան» մշակութի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպված էր «Սոսե» բարեգործական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագիրը ծառայեցնել ի նպաստ մարզային բնակչության:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական, միջազգային կազմակերպություններ, դեսպանատների ներկայացուցիչներ, Լոռվա մարզպետարան աշխատակիցներ:
«Այսօր Լոռիում ենք հատկապես այն պատճառով, որովհետև ըստ ուսումնասիրությունների հենց Վանաձոր, Ալավերդի ճանապարհահատվածն է Հայաստանում զարգացող տուրիզմի հիմնական անցուղին և կենտրոնը Հայաստան-Վրաստան շղթայի կենտրոնը»,- մեկնաբանում է «Սոսե» բարեգործական ՀԿ-ի տնօրեն ՆԵԼԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:
Միջոցառման ընթացքը ներկայացնող առանձնացված տաղավարներում կարելի էր լսել պատմություններ լավաշի, թոնրի, հայկական խոհանոցի, Լոռվա մարզի ուտեստների ու դրանց առանձնահատկությունների մասին, համտեսել թարմ լավաշ՝ տնական պանրով ու տարբեր գյուղական ուտեստներով, մուրաբաների , թեյերի տեսականիով: Հյուրերը հնարավորություն ունեին նաև նկարվելու հայկական տարազային որոշ աքսեսուարներով, դիտելու տեղի բնակիչների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքերը՝ ինչին էլ առավել նպաստում էր Լոռվա մաքուր օդն ու չքնաղ բնությունը :

«Անչափ հաճելի է լինել Երևանում, միակ տխուր մասն այն է, որ եվրոպական միության կողմից այս ծրագրի հովանավորության փուլն արդեն եզրափակվում է: Սակայն եթե նայենք արված աշխատանքին, կտեսնենք, որ այս համագործակցությունն իսկապես հաջողված էր ու բավականին ամուր հիմքերով: Միայն շուրջը գտնվող բնությանը նայելը բավական է բացարձակ հիացմունք ապրելու համար »,- նկատում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու ՋՈՆ ԲԱՐՔԵՐԸ:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150.000 եվրո արժողությամբ: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

