ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈ՞ՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈ՞ՒՄ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Ագրարային համալսարանի հարակից տարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունն իրականացնում է շինարարություն, որը հարուցել է թե՛ բուհի դասախոսների, թե՛ ուսանողների, թե՛ ղեկավարության դժգոհությունը: «Իրավունքի» հետ զրույցում համալսարանի պրոռեկտոր ՊԱՐՈՒՅՐ ԷՖԵՆԴՅԱՆԸ ներկայացրեց խնդրի էությունը:
1994 թ-ին նախկին գյուղինստիտուտը, վերանվանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ժառանգել է գյուղինստիտուտի ողջ գույքը: Երկու տարի առաջ այն դարձավ ՊՈԱԿ, և Կառավարության համապատասխան որոշման համաձայն` ամբողջ շինությունները պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվեցին բուհին: ՕԵԿ-ի և Ագրարարային համալսարանի համար կռվախնձոր դարձած տարածքը բուհի նախկին ավտոսպասարկման կետն էր, որը ևս համարվում է համալսարանի սեփականություն:
2004-ին ՕԵԿ-ը դիմել էր Կառավարություն՝ խնդրելով բուհի տարածքից իրեն տրամադրել 520 քառակուսի մետր, բուհը տվել էր համաձայնություն, որից հետո կառուցվել էր ՕԵԿ-ի շենքը. Այդ ընթացքում կառուցվեց նաև Արթուր Բաղդասարյանի համար ավտոտակ ու ջերմատուն: «Ավտոտնակը 2006-ին ճանաչվեց քաղաքապետարանի կողմից որպես ինքնակամ կառույց և պետական սեփականություն, իսկ 2007-ին կառավարությունը այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տվեց մեզ, որը կադաստրում ստացավ պետական գրանցում»:
Այս տարվա մայիսի 23-ին, սակայն բուհին պատկանող ավտոտնակը սկսեցին քանդել: Հիմնավորումը, որը ներկայացրել է կուսակցությունը համալսարանի ղեկավարությանը, մեկն է` դա իրենց տարածքն է, որի քանդման համար իրենք ունեն թույլտվություն, և այն անձամբ պրոռեկտորը տեսել է. «Իրենք ունեն և քանդելու թույլտվություն, և դրան կից ճարտարապետանախագծային հանձնարարություն»:
Այդ վիճելի տարածքը համալսարանի համար կարևոր է այնքանով, որ ինչպես տեղեկացրեց համալսարանի պրոռեկտորը, նախատեսվում է այդտեղ տեղայակել մեծ քանակով գյուղտեխնիկա:
Պարույր Էֆենդյանի խոսքով` շրջանառվող լուրերի համաձայն`ՕԵԿ-ը ցանկանում է այնտեղ «Երևան TV» հեռուստաընկերության համար տաղավար սարքել (հեռուստաընկերությունը վերջերս գնել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը-խմբ.):
Ագրարային համալսարանին դիմել է ոստիկանություն ու քաղաքապետարան և կարողացել ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը, բայց համալսարանի ղեկավարությունը դիմելու է դատարան իրավական ճանապարհով խնդիրը լուծելու համար:
Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել նաև ՕԵԿ անդամների հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

