ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ՙԹՌՑՐԵԼ՚ ԵՆ ՌԴ
Արխիվ 12-16ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ՙԹՌՑՐԵԼ՚ ԵՆ ՌԴ
ՙՏղաս մինչ օրս չի հիշում, թե ով է իրեն դանակահարել, բայց մի բան հաստատ է` տղայիս վրա խմբով են հարձակվել, եւ արդար չի, որ մենակ մի հոգու նկատմամբ քրեական գործ հարուցվի, իսկ մնացածները հանգիստ խղճով ման գան իրենց համար՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի հետ կատարվածին` ասաց տղայի մայրըª Լ. Ալեքսանյանը: Թե ինչ ՙարժեքների՚ վրա է հիմնված` ամենեւին էլ դեպքի ականատեսը չհանդիսացող տիկնոջ այդ կարծիքը, դեռ հասկանալ է պետք: Ամեն դեպքում, թեեւ նա այլ մեղավորներ է փնտրում, սակայն նշված գործի շրջանակներում միակ կասկածյալը դեռեւս Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էª 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Թե, ինչ է եղել այդ դանակահարության գիշերը իրականում, փորձեցինք հետաքրքրվել Նուբարաշենի բնակիչներից, ովքեր նշեցին, որ դեպքին ականատես չեն եղել, բայց դժվարանում են հավատալ, որ փոխոստիկանապետի եղբորորդին, ով հիմնականում ՙաչքի է ընկել համեստ եւ զուսպ պահվածքով՚, ընդունակ լինի նման քայլի: ՙՈր ասենք` շատ սուսիկ-փուսիկ էր, սուտ կլինի, բայց երբեք արտառոց միջադեպերի մասնակից չի եղել: Նրա միակ մեղավորությունը այն է, որ նա շփվում, ընկերություն էր անում այնպիսի տղաների հետ, ովքեր իր թայը չեն: Էդ ընկերներն էլ իր գլխին սարքեցին՚,- ասաց հարեւաններից մեկը:
Նուբարաշենի բնակիչները, թեեւ շատ տեղեկացված չէին կատարվածից, սակայն նրանց մոտ զարմանք, եւ կասկած է առաջացրել տարածված այն լուրը, որ դեպքից անմիջապես հետո Սարգիսին, ով եւս մասնակցել է վիճաբանությանը եւ ծեծկռտուքին, ՙթռցրել՚ են ՌԴ:
ՙԶարմանալի է, որ դանակահարության հաջորդ առավոտ Սաքոյին, ում մայրը ջանք չի խնայում այս գործի հետ կապված` որքան հնարավոր է տղայի անունը մաքրել, թռցնում են Ռուսասատան: Հետաքրքիրն այն է, որ դեպքից առաջ, համենայնդեպս` մեր իմանալով, նման պլաններ չեն եղել, որ Սաքոն գնա Ռուսաստան՚:
Նշենք, որ հարեւանների նշած Սաքոն դանակահարության գործով վկա է: Վերջինիս մայրը` Սուսաննա Հովհաննիսյան էլ, հարցազրույց էր տվել, ըստ որի` Վալերի Օսիպյանը առաջարկել է իրեն, որ դանակահարությունը վերջինիս տղանª գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, իր վրա վերցնի: Մամուլի հրապարակման հիման վրա էլ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Վերոնշյալի հետ կապված` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ. ՙԴա պարզապես հերյուրանք է, ես ուղղակի համոզված եմ, որ քննության ավարտը կհաստատի իմ ասածը՚:
Մյուս կողմից էլ, եթե հանկարծ պարզվի, որ Սաքոյին լրջորեն են ՙխնդրել՚ ամեն ինչ իր վրա վերցնել, ապա նրան հաստատ մնում էր միայն օր առաջ թռնել Ռուսաստան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

