«ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՏԵՂԾՎԻ ԱՌԱՋԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍՏԵՂԾՎԻ ԱՌԱՋԻՆ
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
Սիրիայում եւ Իրաքի «իսլամական պետությունում» սկսված իսլամիստական շարժումը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում նոր իսլամական խալիֆայություն է ստեղծվում, իսկ կոտորածը, ահաբեկչությունն ու թալանը շարունակվում է այս տարածքում գերիշխող դերում մնալ: Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ դրա դառը պտուղների մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:
«ՔԵՍԱԲՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԻ»
-Պարոն Սաֆրաստյան, այսօր արդեն Մերձավոր Արեւելքում խալիֆայություն ստեղծելու փորձեր են կատարվում, ինչի՞ կբերի այս ամենը:
- Փաստորեն, նախ` այսօր շատ մեծ տարածք է անցել, այսպես կոչված, այդ խալիֆայության ազդեցության տակ, եւ երկրորդ` նրանց ձեռքն է անցել շատ մեծ ե՛ւ ֆինանսական հարստություն, ե՛ւ նավթի հանքեր: Բացի այդ, նրանց հաջողվել է ուղղակի կապ հաստատել իրենց այն հատվածի հետ, որը գործում է Սիրիայում, եւ ես կարծում եմ` սա ամենամեծ վտանգն է` Իրաքի տարածքային ամբողջականության դեմ, որ մինչեւ հիմա երբեւիցե եղել է: Եվ այսօր շատ իրական է, որ կարող է նրանց հաջողվի ոչ միայն իրենց տարածքը պահպանել, այլ միգուցեեւ ընդլայնել ու ավելի մոտենալ Բաղդադին:
- Իսկ Մերձավոր Արեւելքի հայերի անվտանգության հարցը որքանո՞վ է լուծվել Քեսաբի ազատագրմամբ:
- Քեսաբի ազատագրումն, իհարկե, կարեւոր իրադարձություն էր, եւ կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք, որ արդյունքը Սիրիայի կառավարական ուժերի հաջողությունն էր: Դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ կառավարական ուժերն իրենց դիրքերը ավելի են ուժեղացնում: Բայց երբ մենք ծանոթանում ենք իրադրությանը Քեսաբում, մասնավորապես այնտեղի հայերի հետ հնարավորություն ենք ունենում զրուցելու, ապա պարզ է դառնում, որ այնտեղ կյանքը դեռ երկար ժամանակ չի կարգավորվի, որովհետեւ մեծ վնաս է հասցված Քեսաբին: Երբ ընտանիքները վերադառնում են Քեսաբ, տեսնում են միայն ավերածություններ, կողոպուտ, թալան, որ իրականացվել են հիմնականում այնտեղի շրջակայքում բնակվող թուրքմեն ցեղերի կողմից, որոնք ուղղակիորեն ենթարկվում են Անկարային (Թուրքիային): Ավելին` դա հենց նպատակուղղված է եղել, որպեսզի հնարավորինս ավելի մեծ վնաս հասցվեր մարդկանց ունեցվածքին: Սակայն, եթե ընդհանուր ենք գնահատում իրավիճակը, իհարկե, պետք է ասենք, որ Քեսաբի ազատագրումը կարեւոր իրադարձություն էր, որը վկայում է, որ գնալով ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի Սիրիայի կառավարական ուժերին հաջողվի հասնել վերջնական հաղթանակի:
«ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ
ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԴՐՍԻՑ»
-Այս շարժումը կարելի՞ է համարել իսլամիստական մեծ ալիք:
- Ես չէի ասի, որ իսլամիստական է, չնայած խալիֆայություն են անվանում: Ավելի շուտ` իսլամիստականի քողի ներքո, հավանական է, որ պատմության մեջ ստեղծվի առաջին ահաբեկչական պետությունը: Դրանք ահաբեկիչներ են, որոնք կարողացան օգտվելով իրադրությունից` այդպիսի մեծ տարածքներ գրավել: Եվ պարզ է, որ այս ահաբեկիչները օժանդակություն ստացել են եւ ստանում են դրսից, որովհետեւ միայն իրենց ուժերով հնարավոր չէր դա իրականացնել:
- Այդ դեպքում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս ահաբեկչական ալիքը Հայաստանի վրա:
- Առաջին հերթին մենք պետք է մտածենք մեր հայրենակիցների մասին, ովքեր դեռ ապրում են Մերձավոր Արեւելքում: Եվ սա, իհարկե, էլ ավելի է վտանգը մեծացնում, մեզ տեղեկություններ են հասնում այն զանգվածային կոտորածների մասին, այդ թվում քրիստոնյաների նկատմամբ, որ իրականացնում են, այսպես կոչված, խալիֆայության ներկայացուցիչները, որոնք իրականում ահաբեկիչներ են: Այնպես որ, սա ուղղակի վտանգ է, ու եթե նրանց հաջողվի ընդլայնել իրենց տարածքները եւ Սիրիայում ավելի մեծ հաջողությունների հասնել, ապա կարծում եմ, որ մեր ժողովրդի ներկայացուցիչների համար շատ մեծ վտանգ կլինի:
- Իսկ այս շարժումը Ադրբեջանի վրա կարո՞ղ է տարածվել:
- Չեմ կարծում, որովհետեւ Ադրբեջանում գործող նմանատիպ կազմակերպություններ, որոնք կապ ունեն Ալ-Քայիդայի հետ, քիչ են եւ իրական ազդեցութուն չունեն: Ադրբեջանն այդ առումով ավելի շատ գտնվում է իրանական ազդեցության տակ, այսինքն` շիական Իսլամի ազդեցության տակ, որը լրիվ այլ տիպի երեւույթ է: Ու այդ առումով, չեմ կարծում, որ այնտեղ սունիական իսլամիստական ալիքը կապված է այդ կազմակերպության հետ, որն իրեն խալիֆայություն է հայտարարել, եւ որը ժամանակին կապված է եղել Ալ-Քայիդայի հետ: Այնպես որ, սա ուղղակի ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա, համենայնդեպս` ներկա փուլում:
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ
-Ի դեպ, շուտով Թուրքիայի նախագահական ընտրություններն են: Այս առումով, ըստ Ձեզ, ինչ-որ ապակայունացումներ կլինե՞ն այդ երկրում:
- Շատ բան կախված կլինի, թե Թուրքիայում նախընտարական պայքարը ինչ շրջանակներում տեղի կունենա, որովհետեւ հիմա նոր-նոր է սկսվում նախընտրական պայքարը: Դա նաեւ կապված կլինի այն հանգամանքից, թե որքանով ընդդիմադիր ուժերին կհաջողվի իրենց կողմնակիցներին մոբիլիզացնել այդ միասնական թեկնածուի շուրջ: Համոզված եմ, որ եթե Էրդողանը տեսնի, որ ընդդիմադիր ուժերը հասնում են ինչ-որ ավելի մեծ հաջողությունների, ու նրանց ներկայացուցիչը կարող է հաղթել ընտրություններում, ապա նա չի վարանի եւ կգնա երկրում իրադրության սրմանը: Բայց եթե տեսնի, որ ինքն առավելություն ունի, կարծում եմ, որ ամեն ինչ կանի հնարավորինս հանգիստ հաղթանակի հասնելու համար: Մյուս կողմից, իհարկե, շատ կարեւոր է քրդական գործոնը Թուրքիայում եւ այն կարող է ինքնուրույն դեր խաղալ, բայց հիմա դեռ վաղ է այդ մասին կանխատեսումներ անել: Կարծում եմ` եթե քրդական գործոնը ակտիվանա, ապա դրա նշանները կլինեն հուլիսի վերջերին` ընտրությունների նախօրեին:
- Եվ մի վերջին հարց. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ սկսել է «Թուրքը, որը փրկեց ինձ» խորագրով մրցույթ: Ինչպե՞ս եք վերաբերում սրան:
- Իհարկե, այդպիսի դեպքեր եղել են: Չի կարելի դա անտեսել, բայց միաժամանակ դա չի ունեցել մասսայական բնույթ, դրանք եղել են առանձին դեպքեր: Բայց պետք է առաջին հերթին` 100-ամյակի հետ կապված` մենք բացահայտենք ցեղասպանության քաղաքականության կամ ցեղասպանության էության անմարդկային բնույթը, այն մեծ վնասը, որ հասցվեց մեր ժողովրդին, պետք է ցույց տանք թուրքական ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, որը ժխտում է եւ ուրանում պատմական իրողությունը: Ես կարծում եմ, որ սա է կարեւոր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

