ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ԿՇՐՋԱՆՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արխիվ 12-16ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ԿՇՐՋԱՆՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Եվ այսպես, մոտ տասնօրյա կիսատ-պռատ զինադադարից հետո երեկ պաշտոնապես վերսկսվեց Ուկրաինա-Դոնբաս պատերազմը: Ուրեմնª փորձենք տեսնել, թե ինչու Ուկրաինայի օլիգարխ-նախագահը հրաժարվեց շարունակել իր իսկ հայտարարած զինադադարըª այդպիսով պատերազմը տեղափոխելով որակապես միանգամայն նոր փուլ:ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Դեռ նախօրեին Պորոշենկոն զինադադարի ժամկետը հետաձգելու հարցով ակտիվ քննարկումներ էր անցկացնում Փարիզի, Բեռլինի եւ նույնիսկª Մոսկվայի հետ: Քննարկումների այս ձեւաչափը, անշուշտ, իր տրամաբանությունն ուներ, հաշվի առնելով այն առանցքային փոփոխությունները, որոնք վերջին ժամանակներս նկատվում են եվրոպական քաղաքական հարթակում ու Եվրամիության ղեկավար կառույցներում: Խոսքը ամերիկյանի փոխարեն ֆրանսիական եւ, հատկապես, գերմանական քաղաքական կշռի շեշտակի աճի մասին է: Ընդ որում, եվրոպական այդ առանցքային երկրներն ակնհայտորեն գիտակցելով այն ռեալ կորուստները, որոնք կկրեն Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հետագա վատթարացման պատճառով, վերջին շաբաթներին գնալով ավելի ընդգծված քայլեր էին ձեռնարկում ուկրաինական ճգնաժամին Կիեւի եւ Մոսկվայի ուղղակի շփումների միջոցով ինչ-որ լուծում տալու ուղղությամբ:
Այլ բան, որ նման լուծումները, ըստ էության, ԱՄՆ-ի համար կնշանակեր մեկ բանª պարտություն, եւ այն հանգամանքը, որ Պորոշենկոն զինադադարի շուրջ Փարիզի, Բեռլինի եւ Մոսկվայի հետ քննարկումները դեռ չվերջացրած` հայտարարեց պատերազմը վերսկսելու մասին, թերեւս եւս մեկ անգամ հիմնավորում է, որ դա Վաշինգտոնի համար Ուկրաինայում, ասենքª նաեւ եվրոպական խաղատախտակին գլոբալ պարտությունից խուսափելու միակ տարբերակն է:
Մի խոսքովª երեկ առավոտվանից մարտական գործողությունները վերսկսվեցին Դոնբասի ինքնապաշտպանության ողջ երկայնքով մեկ: Դժվար չէ նկատել, որ Կիեւն այս պահին առավելագույնս արագ Դոնբասն իր վերահսկողության տակ առնելու խնդիր ունի, եւ ակնհայտ է, որ ԱՄՆ-ից ստացել է դա ցանկացած գնով գլուխ բերելու քարտ-բլանշ: Եվրոպան, անգամ այս իրավիճակում, երբ ԱՄՆ-ի հետ ունի ընդգծված հակասություն նաեւ ուկրաինական հարցի շուրջ, հաստատ ՙչի տեսնի՚ այն բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք, համոզված ենք, ուկրաինական զինուժն առաջիկայում կկիրառի Դոնբասում: Ամեն դեպքում, դեռ նախօրեին ի հայտ եկան փաստեր, որ ուկրաինական ծայրահեղականները Սլավյանսկում արդեն իսկ քիմիական զենք են սկսել կիրառել, սակայն այդ մասին արեւմտյան աղբյուրներում բառ անգամ չի ասվում: Այլ հարց է, թե Պորոշենկոյին կհաջողվի± այս բլիցկրիգը:
Դոնբասը կարծես թե բավականին լավ օգտագործեց զինադադարըª այդ ընթացքում կարողանալով իր վերահսկողության տակ առնել ոչ միայն բավականին լուրջ քանակով զինտեխնիկա, այդ թվումª զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության միջոցներ եւ այլն, այլեւ իր տարածքում գտնվող ուկրաինական գրեթե բոլոր զորամասերըª դրանով թիկունքն ապահովելով անակընկալներից: Այսպիսովª սա հնարավորություն է տալիս բոլոր հիմնական ուժերը կենտրոնացնել ճակատային հատվածում, ինչպես նաեւ մտածել այդ զորամասերի բազայի վրա թիկունքային եւ ռեզերվային ստորաբաժանումներ ստեղծելու մասին: Համենայնդեպսª շատ ռազմական փորձագետներ վստահություն են հայտնում, որ այս բոլոր միջոցառումները Դոնբասին հնարավորություն կտան դիմադրել Կիեւի առաջիկա հիմնական հարձակումներին:
ՀԱՅԱՍՏԱՆԸª ՈՐՊԵՍ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԻԿՈՒՆՔ
Ինչ վերաբերում է ուկրաինական իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի առաջիկա քայլերին, ապա երեկ ռուսական դիվանագիտական կորպուսի հետ կայացած հանդիպման ժամանակ Վ. Պուտինը բացեց որոշ փակագծերª հայտարարելով. ՙՈւզում եմ, որ բոլորը գիտակցենª մեր երկիրը հետայսու եւս ակտիվորեն կպաշտպանի այլ երկրներում գտնվող իր հայրենակիցներին, դրա համար օգտագործելով իր ողջ զինանոցըª սկսած քաղաքականից եւ տնտեսականից, վերջացրած, անհրաժեշտության դեպքում, միջազգային իրավունքով նախատեսված հումանիտար օպերացիաներով, ինքնապաշտպանության իրավունքով՚:
Այս հայտարարությունը նշանակում է մեկ բանª չնայած ճնշման տարաբնույթ փորձերին` Վաշինգտոնին այդպես էլ չստացվեց պարտադրել Ռուսաստանինª հրաժարվել Դոնբասին աջակցելուց: Ընդ որում, դիվանագիտական լեզվով ասված ՙինքնապաշտպանության իրավունքը՚ ենթադրում է նաեւ ռազմական աջակցություն` եթե ոչ պետական մակարդակով, ապա առնվազն ռուսաստանցի կամավորների մասնակցությամբ, թեեւ էական տարբերություն այստեղ չկա: Իսկ դա ենթադրում է, որ Կիեւի այս հերթական բլիցկրիգը հաջողության հասնելու հարցում առնվազն լուրջ տարակուսանքների տեղիք է տալիս:
Միեւնույն ժամանակ, բացի Ուկրաինայից, Վ. Պուտինը որոշ հստակեցումներ արեց նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում վերջին շաբաթներին գնալով սրվող եւ անորոշության երանգներ ստացած իրավիճակի շուրջ: Խոսքը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին է, եւ ըստ Վ. Պուտինի. ՙԱրդեն ամենամոտ ժամանակներս Հայաստանը կդառնա դրա լիարժեք անդամը՚:
Այս հայտարարությունը, իհարկե, պետք է, որ սառը ջրի ազդեցություն թողնի վերջերս ակտիվորեն շրջանառության մեջ մտցվող այն գաղափարախոսության համար, թե Ռուսաստանը ցանկանում է ղարաբաղյան խաղաքարտի օգնությամբ Հայաստանի փոխարեն Ադրբեջանին հրապուրել դեպի Եվրասիական միություն կամ որ Բաքուն պատրաստ է դրան գնալ Ղարաբաղի երեք շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու դիմաց: Սակայն խնդիրն այս չէ, հաշվի առնելով, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված վերջին հայտնի աղմուկը հատուկ ուղղորդվող քարոզչական հնարքից այն կողմ չէր անցնում: Էլ չասած, որ երեկ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը փաստեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսվածի պես հուլիսի 1-ին հաստատել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը եւ այն ուղարկել է կողմերինª ներպետական համաձայնեցման համար:
Չէ, էականն այստեղ ոչ թե Եվրասիական միություն մտնել-չմտնելու գործնականում լուծված հարցի մասին հերթական գնահատականներն են, այլ այն իրավիճակը, որ այս ամենի ֆոնին ձեւավորվում է Հայաստանի շուրջ: Նախª Հայաստանում ամերիկյան դեսպան Ջոն Հեֆերնը հերթական անգամ սկսեց ակնարկել ղարաբաղյան բանակցություններն առաջին պլան մղելու անհրաժեշտության մասին, իսկ մինչ այդ էլ քիչ չէին Փարիզում նախագահների մակարդակով հերթական հանդիպումը կազմակերպելու մասին պնդումները: Գումարած դրանª ԱՄՆ-ից այս օրերին բարձր մակարդակի կոչեր են հնչում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին: Իսկ այս եւ ներկայումս շրջանառվող նմանատիպ մի շարք ակնարկներ հուշում են, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին զուգահեռ ընթանում են ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ներհայաստանյան իրավիճակը շեշտակի սրելու փորձեր: Հաջորդը, որ շատ ավելի մտահոգող է. մեր հարավային սահմաններից ոչ շատ հեռու նույնպես բարդագույն իրավիճակ է ձեւավորվել: Այս օրերին իրաքյան իսլամիստները մինչեւ իսկ հայտարարեցին Իրաքի եւ Սիրիայի տարածքներում նոր` Իսլամական խալիֆաթ պետության ստեղծման մասին: Իրաքի քրդերը նույնպես պատրաստվում են անկախ պետություն հռչակել, որին չհապաղեց իր զորակցությունը հայտնել Իսրայելը, եւ որը կարող է արագորեն ծավալվել դեպի հյուսիսային Սիրիա ու հարավ-արեւմտյան Թուրքիա: Այսպիսովª Մերձավոր Արեւելքը հայտնվել է մեծ ռազմաքաղաքական պայթյունի անմիջական շեմին, որը նույնպես հազիվ թե Հայաստանին լավ բան խոստանա:
Այսպիսովª այս բարդ իրավիճակում ապահովության միակ երաշխիքը կարող է դառնալ Եվրասիական միությունը: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ, որ այդ կառույցին Հայաստանի առաջիկա անդամակցության մասին հիշատակված հայտարարությունից զատ` օրերս ՌԴ նախագահը վավերացրեց նաեւ ոչ միայն մեր երկրին 30 տոկոսանոց զեղչերով գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման համաձայնագիր, այլեւ, որ անվտանգության տեսանկյունից շատ ավելի էական է, երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Այս գլոբալ ծրագիրը, բացի ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման բաղադրիչից, նախատեսում է նաեւ մի շարք այլ գործառույթների կազմակերպում Հայաստանում, որոնք, պատկերավոր ասած, ավելի յուրահատուկ են մեծ պատերազմների համար թիկունքային տարածաշրջաններին: Ասենքª ռազմական տեխնիկայի նորոգումներ, տարաբնույթ նյութատեխնիկական բազաներ եւ այլն: Իսկ դա կարծես թե հուշում է այն մասին, որ հարակից տարածաշրջաններում մեծ պատերազմի դեպքում գոնե այս պահին այդ ամենի կենտրոնում գտնվող Հայաստանը դիտարկվում է ոչ թե ռազմական թատերաբեմ, այլ խոր թիկունքային տարածք: Եվ հուսանք, որ այդպես էլ կլինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

